Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խղճի դատարան

Հունիս 12,2019 22:00

Պատկերացրեք, որ Դուք միշտ սայլակով երեք ակնանի մոտոցիկլի ուղևոր եք եղել և ընթացել եք այն ճանապարհով, որով Ձեզ տարել են, իսկ հիմա Ձեզ տվել են երկակնանի մոտոցիկլ և առաջարկում են այն ինքնուրույն վարել՝ որևէ կերպ հաշվի չառնելով, որ դուք միշտ գտնվել եք ուղևորի կարգավիճակում: Ակնհայտ են բոլոր դժվարությունները և խնդիրները, որոնց առջև Դուք կանգնած եք: Այդ մոտոցիկլի վարորդի վիճակում էլ ներկայումս հայտնվել է մեր ողջ դատական և իրավապահ համակարգը, ինչի արդյունքում ՀՀ-ում ձևավորվում է մի մթնոլորտ, որը կարող է հասարակության տարբեր խավերին տանել առճակատման, միևնույն ժամանակ հակամարտող կողմերն ունեն մեկ ընդհանրություն՝ դա նրանց անվստահությունն է  դատական և իրավապահ մարմինների նկատմամբ: Արդյունքում ի հայտ են եկել ընդդիմախոսների գլուխը ջարդելու կոչեր անող և փողոցում հաշվեհարդար տեսնող քաղաքացիներ:

Հուսով եմ գործը չի հասնի հանրապետությունը փրկող հոլիվուդյան սուպեր հերոսների հայտնությանը: Ստեղծված անվստահության մթնոլորտը վերացնելու նպատակով գործադիր և օրենսդիր մարմինների կողմից շրջանառության մեջ է դրվել վեթինգի գաղափարը, որը հասարակության մեջ համընդհանուր քննարկման առարկա է դարձել, սակայն, ցավոք, հարցը քննարկվում է միայն քաղաքական տեսակետից, այսպես կոչված «դիվիդենտներ» շահելու համար, իսկ իրավաբանների մեծ մասը պասիվ են կամ էլ ընդհանուր առմամբ աշխատում են զերծ մնալ և կարծիքներ չհայտնել:

Գրեթե բացակայում է իրավական վերլուծությունը և առաջարկները: Կարծում եմ դա նրանից է, որ դեռևս Խորհրդային Միությունից մեզ սերմանել են հնազանդություն և վախ ու հիմա, երբ քննարկվում է մի հարց, որի մասին ընդլայնված կարծիք հայտնելով իրավաբանները կամ իրավապահ մարմինների աշխատակիցները չեն կարող կանխատեսել քաղաքական վեկտորը և նեղ անձնական հետևանքները, նախընտրում են լռել, քանի որ հույս են փայփայում մարսել վեթինգը և ինչու ոչ՝ հարմար առիթի դեպքում պաշտոնի առաջխաղացումներ գրանցել:

Միֆ համարելով երրորդ իշխանության անկախությունը, հաշվի առնելով նախկին բարքերը՝ պարզից էլ պարզ է, որ եթե պետք է իրականություն դառնա վեթինգի ինստիտուտը, ապա քաղաքական և հասարակական բոլոր կառույցները միտում ունեն մասնակցելու և հսկելու այն, քանզի հասկանում են, որ դատական և իրավապահ մարմինների վրա ունեցած ազդեցությունն իրենց անձնական և քաղաքական շահերը սպասարկելու տեսանկյունից շատ կարևոր է և հենց այստեղ է հիմնական խնդիրը, քանի որ պետք է աշխատել հնարավորինս զերծ պահել վեթինգի գործընթացը քաղաքական ուժերի կառավարումից: Մի կողմ դնենք այն իրավական տեսակետը, որի հետ ես մասամբ համաձայն եմ՝ այո, գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս իրականացնել դատավորների և դատական համակարգի ստուգումներ, սակայն պարզ է, որ հեղափոխությունից հետո բացթողնված  ժամանակի հետևանքով, եթե նույնիսկ այն իրագործվի, լինի հարյուր տոկոսանոց արդար և ամբողջությամբ թափանցիկ, չի վերացնի հակամարտությունը կողմերի միջև, և համընդհանուր վստահություն, ինչպիսին տիրում էր հեղափոխության հաղթանակի արդյունքում, չի ունենա:

Կարծում եմ միակարծիք ենք, որ իրական փոփոխություններ արձանագրելու,  ինչու չէ նաև վեթինգի համար, անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող հանձնաժողով: Բայց արդյո՞ք ընդունելի է ժողովրդի վստահությանն արժանացած գործադիր և օրենսդիր իշխանությունների կամ ներկայիս ընդդիմության վերահսկողության ներքո անցկացվելիք վեթինգը, կարծում եմ՝ ոչ, և խնդիրը միանգամայն քաղաքական վստահության մեջ չէ, այլ երրորդ իշխանության անկախության ապահովումն է: Իմ սուբյեկտիվ կարծիքը հաստատում է ներկայիս Սահմանադրության մեջ նշված այն եզակի դրական դրույթներից մեկը, որտեղ նշված է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Նախկին իշխանավորների կողմից հենց այս սահմանադրական դրույթի խախտման արդյունքում էլ ծնվել են այս խնդիրները:

Այսպիսով մենք ունենք այն, ինչ ունենք՝ ներկայիս իշխանությունը մեղադրում է նախկիններին դատական համակարգը կոռումպացնելու մեջ, իսկ վերջիններս, որ հիմա իրենց հռչակել են ընդդիմություն նշված կառույցների վրա ճնշումներ գործադրելու համար: Մնում են լրագրողները և հասարակական կազմակերպությունները, սակայն այս համայնքների վերաբերյալ նույնպես առկա են տարբեր տեսակետներ, այդ թվում նաև հակամարտող քաղաքական կողմերին աջակցելու մեղադրանքներ:

Ստացվում է, որ ինչ արդյունք էլ գրանցվի վեթինգի անցկացման հետևանքով, ում կողմից էլ, որ իրականացվի, այն չի ընդունվի ժողովրդի մեծամասնության կողմից, քանի որ բավական է մեկ անվստահության սերմ և այն ժամանակի ընթացքում ծիլեր կտա և կբազմանա: Դա նշանակում է դատական իշխանության վստահության ծննդի համար կա մեկ ճանապարհ, թույլ տալ ժողովրդին իրականացնել Սահմանադրությամբ ամրագրված իր իշխանությունը վեթինգի հանձնաժողովի անդամների դեմոկրատական ընտրությունների միջոցով,  այս  դեպքում նշված երեք իշխանության թևերն էլ կլինեն ավելի վստահելի և անկախ միմյանցից: «Ի՞նչ  ընտրություն», կասեն շատերը, «Դա քաղաքական պրոցես է, ինչպե՞ս կարելի է ընտրությունների արդյունքում ձևավորել Վեթինգի հանձնաժողով»:

Կարելի է հարազատներս, չկա այլ ժողովրդավարական ճանապարհ, թեև որքան ինձ հայտնի է, այդ ճանապարհով որևէ երկրում վեթինգ չի իրականացվել: Բայց չէ որ մեր  երկրում տեղի ունեցած հեղափոխությունը նույնպես աննախադեպ է:

Կրկնվեմ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մենք էլ համաժողովրդական ընտրությունների արդյունքում մանդատ ենք տալիս օրենսդիր մարմնին, որն էլ իր հերթին ձևավորում է գործադիր մարմինը, այդ դեպքում ինչո՞ւ ժողովուրդը չպետք է հսկողություն իրականացնի իրավապահ և դատական մարմինների ձևավորման հարցում` համոզված եմ, որ պետք է:

Սակայն այս ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացրած անձինք պետք է ենթարկվեն համընդհանուր ստուգումների իրավապահների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից` սահմանված հստակ չափանիշների շրջանակում: Թեկնածուների վերաբերյալ ստացված հավաստի տեղեկությունները պետք է հասանելի լինեն ընտրողների համար:

Վերջիններս պետք է զերծ լինեն քաղաքական նախասիրություններից և կլանային պատկանելությունից, քանի որ այս դեպքում մենք ոչ թե ընտրում ենք քաղաքական գործիչ, այլ վստահություն ենք հայտնում նրանց անզուգական կենսագրությանը՝ օժտելով այդ հանձնաժողովի անդամներին օրինականության սահմաններում բարոյական որոշումներ կայացնելու  իրավունքով:

Իհարկե կլինեն մարդիկ, ովքեր կհայտարարեն, որ նշված առաջարկը հակասում է Սահմանադրությանը և նման կառույց ստեղծելու համար հարկավոր է իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, ինչի համար էլ իր հերթին անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե, սակայն դրանք լոկ պատճառաբանություններ են, քանի որ նմանատիպ և ներկայումս միայն բյուրոկրատական գործառույթներ իրականացնող անիմաստ կառույցներ ՀՀ-ում բազմաթիվ են: Օրինակ՝ Բարձրագույն Դատական Խորհուրդը,  Հանրային  Խորհուրդը և այլն:

Իմիջիայլոց վերջինս ստեղծելիս,  համաձայն հանրությանը մատուցված տեղեկության, «Հանրային Խորհրդի ստեղծման հիմնական նպատակն է հնարավորություն տալ հասարակությանը ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը՝ իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց»: Մի՞թե այս ամենը Ձեզ չի հիշեցնում այն պատճառները, որի արդյունքում մենք այսօր ստիպված ենք վեթինգ իրականացնել դատական համակարգում:

Եվ եթե կան այս կառույցները, ապա ինչու խորհրդարանի միջոցով, օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպություններից մեկի կամ որևէ այլ, իմ կողմից չթվարկված, սակայն հասարակության համար ավելի նախընտրելի կառույցի գործառույթների փոփոխմամբ նրանց պաշտոնները չդարձնել ընտրովի: Կարծում եմ այդ դեպքում, երբ կբացառվի քաղաքական գործիչների առնչությունը վեթինգի հանձնաժողովին, վերոնշյալ նպատակները իրականություն կդառնան և մենք կունենանք այն դատական և իրավապահ  համակարգերը, որի համար Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է հեղափոխություն:

Բացի այդ նշված հանձնաժողովի համար պետք է ընդունել կանոնադրություն, որի խախտումը հանձնաժողովի անդամների կողմից իր հերթին կհանգեցնի քրեական պատասխանատվության: Այդ հանձնաժողովը պետք է գործի մշտապես, փոփոխվի ընտրությունների արդյունքում, նրա գործառույթները պետք է տարածվեն բոլոր իշխանական կառույցների վրա, իր մեջ պետք է կլանի ներկայումս տարբեր համակարգերում գործող ներքին անվտանգության մարմինների, էթիկայի հանձնաժողովների գործառույթները:

Հանձնաժողովի նիստերը և քննարկումները պետք է լինեն բաց և  հանրության համար հասանելի, եթե կցանկանաք, այն կարող էք անվանել «Խղճի դատարան»: Նշված կառույցի ստեղծումը կհանգեցնի պետական գրեթե բոլոր կառույցներում այս կամ այն անվան տակ գործող ներքին ստուգումներ իրականացնող մարմինների փակման, ինչը հնարավորություն կտա բարձրացնել ծառայողական քննության և հետագա ընդունված որոշման արդյունավետությունը, լուծարելով համակարգերի ներսում խնդիրները թաղելու գործող պրակտիկան:

Արդյունքում մենք կունենանք ժողովրդի քվեն ստացած ևս մեկ համակարգ, որն առողջ մրցակցության մեջ գտնվելով օրենսդիր, գործադիր և դատական մարմինների հետ, կաջակցի ժողովրդավարության կայացմանը:

Ժիրայր Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930