Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Գեւորգ Դանիելյանի նկատմամբ ճնշումներ են եղել, Զեյնալյանին էլ ստիպել են հրաժարական տալ»

Հունիս 07,2019 21:03
Avetiq Ishxanyan

«Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի տողատակից կարելի է հասկանալ, որ Գեւորգ Դանիելյանը տարբեր տիպի ճնշումների ազդեցության տակ է տվել հրաժարականը, եւ այլեւս այդ ճնշումներին չի կարողացել դիմանալ, սա պարզ երեւում է նրա ուղերձից»: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանն այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին  եւ ֆեյսբուքյան իր էջում մանրամասն ներկայացրել՝ ինչո՞ւ:

Իշխանյանի կարծիքով՝ որեւէ մեկը չի կարող մեղադրել Դանիելյանին, որ այդպիսի ճնշումներին կարելի է դիմանալ: Իսկ այդ ճնշումներն, ըստ Իշխանյանի, իշխանության ներկայացուցիչներից են եղել. «Սրան գումարած այն, որ այսօր հասարակական եւ իշխանության ճնշումները համընկնում են: Եթե առաջ այլ էր իրավիճակը, այսօր համընկնում են, մի կողմից՝ հասարակական ճնշումներն են, մյուս կողմից էլ, ներքին համոզվածություն ունեմ, եղել են այլ ճնշումներ իշխանության կողմից»:

Այսօր արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Արտակ Զեյնալյանը: Իշխանյանի կարծիքով՝ Զեյնալյանն ինքնակամ չէ հրաժարվել պաշտոնից:

Իրավապաշտպանը հետհայացք է ձգում ամիսներ եւ նույնիսկ տարիներ առաջ իրադարձություններին. «Նախ՝ եթե մինչեւ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններն Արտակ Զեյնալյանի նախարարի պաշտոնում լինելը հասկանալի էր, որովհետեւ կոալիցիոն կառավարություն էր, ապա այդ ընտրություններից հետո նորից Զեյնալյանին նշանակել նույն պաշտոնին մի քանի հարցեր է առաջացնում: Ի վերջո «Իմ քայլը» հավաքել էր 70% -ից ավելի ձայն, կոալիցիա կազմելու կարիք չկար, եւ անհասկանալի էր՝ ինչո՞ւ Զեյնալյանը նշանակվեց: Այստեղ կարող է 3 վարկած լինել. 1-ինը՝ բարձր կարգի մասնագետ էր եւ անփոխարինելի այդ պաշտոնում, 2-րդ՝ Փաշինյանի անձնական համակրանքը, 3-րդ՝ քաղաքական հաշվարկ: 1-ին վարկածը հիմնավոր չէ, չեմ կարծում, թե՝ նա անփոխարինելի էր ու բարձր կարգի այլ մասնագետ չկար: 2-րդ վարկածը՝ անձնական համակրանքը, դա նույնպես հիմնավոր չէ, քաղաքականությունում անձնական համակրանքն այնքան էլ դեր չունի, հատկապես որ «Իմ քայլ»-ի շատ անդամներ հավակնում էին այդ պաշտոնին»:

Ապա` Իշխանյանը զուգահեռներ տարավ 2017-ին ՀՀԿ-ի ձայների եւ կոալիցիա կազմելու միջեւ: Իրավապաշտպանի մեկնաբանությամբ՝ երբ 2017-ին ՀՀԿ-ն 60% մեծամասնություն էր, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմեց, որովհետեւ Սերժ Սարգսյանը փորձում էր այդպես սփյուռքի կառույցների նկատմամբ որոշակի վերահսկողություն ունենալ: Իսկ ահա Զեյնալյանին արտահերթ ընտրություններից հետո նույն պաշտոնին նշանակելով, Իշխանյանի խոսքերով ասած՝ կարեւոր բան պետք է հաշվի առնել՝ չնայած 1999 թվականին Վազգեն Սարգսյանը զոհվել է, բայց նա դեռեւս քաղաքական  մեծ ազդեցություն ունի Հայաստանի քաղաքական կյանքում. «Իր ստեղծած երկրապահ կամավորականների միությունով եւ այլն: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո այդ միության նախագահի հավանական թեկնածուն Վազգեն  Սարգսյանի եղբայր Արամ Սարգսանն էր, եւ կարծում եմ Զեյնալյանի նշանակումով չեզոքացվեց Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահ դառնալը: Որպես «կոմպրոմիս» Զեյնալյանը դարձավ նախարար, իսկ Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ: Եվ ահա «մավրը կատարեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»:

Իշխանյանի ներկայացմամբ՝ Զեյնալյանի հրաժարականի տեքստից ոչինչ չի հասկացվում, ի տարբերություն Գեւորգ Դանիելյանի հրաժարականի տեքստի.«Եվ ի տարբերություն Դանիելյանի հրաժարականի, Զեյնալյանի հրաժարականը կամավոր չի եղել, նրան ստիպել են կամ հասկացրել են հրաժարական տալ, ինչպես որ ընդունված է Հայաստանում, որովհետեւ Հայաստանում հրաժարականի մշակույթ չկա: Միակ փորձը Մանե Թանդիլյանինն էր, բայց «Լուսավոր Հայաստանն» իր շահերից ելնելով ստիպեց նրան հրաժարվել իր հրաժարականից»:

Aravot.am-ի դիտարկմանը՝ Արտակ Զեյնալյանի գործունեությունից դժգոհություններ կային, մասնավորապես նրա՝ դատական համակարգի բարեփոխումների էվոլյուցիոն  ճանապարհով մոտեցումից, իրավապաշտպանն այսպես արձագանքեց.«Ես մի փոքր վերապահումով եմ մոտենում այն  հանգամանքին, որ սլաքներն ուղղում են Զեյնալյանի վրա:

Եթե Փաշինյանը հանձնարարական տար, որպեսզի Զեյնալյանն այդ ուղղությամբ աշխատի, ես համոզված եմ, Արտակ Զեյնալյանը թեւքերը քշտած կաշխատեր եւ հանձնարարականներ կտար, եւ բարեփոխումների փաթեթը, անցումային արդարադատության փաթեթը պատրաստ կլիներ: Համոզված եմ՝ նախարարները ինքնուրույն չեն որեւէ ուղղությամբ աշխատելիս: Նրանք զգուշանում են, որ կարող է վարչապետին դուր չգա կամ պետք է վարչապետը հանձնարարականը լինի՝ «շառից հեռու» սկզբունքով»:

Իշխանյանը նկատեց՝ պատահական չէր, որ ԱԺ-ում անցումային արդարադատության մասին ելույթ էր ունենում ոչ թե Զեյնալյանը, այլ՝ տեղակալը, եւ դա եղել է Փաշինյանի հանձնարարականով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ըստ իս՝ սա ոչ թե իրավապաշտպանի, այլ ընդդիմադիր, ավելի ճիշտ՝ երկրի առաջընթացին ընդդիմացող քաղաքական գործչի մեկնաբանություն է։
    1․”․․․Գեւորգ Դանիելյանը տարբեր տիպի ճնշումների ազդեցության տակ է տվել հրաժարականը, եւ այլեւս այդ ճնշումներին չի կարողացել դիմանալ․․․”???????
    Նման նկարագրություն ընթերցելիս տպավորություն ես ստանում, որ հաջորդ պարբերությունը լինելու է “մարմնի տարբեր մասերում կապտուկների և այտուցների առկայության” մասին, մինչդեռ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի դերը ստանձնելիս Գևորգ Դանիելյանը իրեն շնորհավորողներին հորդորել էր ձեռնպահ մնալ դրանից, հասկացնելով, որ չի հավակնում այդ պաշտոնին։
    2․ “եւ կարծում եմ Զեյնալյանի նշանակումով չեզոքացվեց Արամ Սարգսյանի՝ ԵԿՄ նախագահ դառնալը: Որպես «կոմպրոմիս» Զեյնալյանը դարձավ նախարար, իսկ․․․” 🙂
    Նման քաղաքական վերլուծությանը դեմ չլինելով, ուզում եմ հարց տալ․ -Եղբայր, էս ինչո՞վ եք զբաղված, դա էլ է՞ մտնում իրավապաշտպանության ոլորտի մեջ․․․
    3․”Եթե Փաշինյանը հանձնարարական տար, որպեսզի Զեյնալյանն այդ ուղղությամբ աշխատի, ես համոզված եմ, Արտակ Զեյնալյանը թեւքերը քշտած կաշխատեր․․․ ” 🙂
    Հարգելի “իրավապաշտպան”, արդյո՞ք որևէ պաշտոնյա զրկված է մասնագիտական նախաձեռնողականությունից և պետք է կատարի միայն վարչապետի հրահանգները։ Այդ դեպքում Արսեն Թորոսյանի ստեղծագործ աշխատանքի մասի՞ն ինչ կասեք, որն իր մտահղացումները կյանքի կոչելու համար չխուսափեց անգամ Վարչապետի հետ սուր բանավեճի մեջ մտնել, և ի՞նչ, նրա վարկանիշը դրանից հետո ընկա՞վ, թե՝ հակառակը։
    4․”․․․պատահական չէր, որ ԱԺ-ում անցումային արդարադատության մասին ելույթ էր ունենում ոչ թե Զեյնալյանը, այլ՝ տեղակալը, եւ դա եղել է Փաշինյանի հանձնարարականով։” ։) Այնպիսի տպավորություն ես ստանում, ասես գտնվում ես “Հայելու առաջ” կամ “Կարմենի մոտ”․․․ 🙂 և ոչ մի խոսք այն մասին, թե արդյոք փոխնախարարի ելույթը բովանդակային էր, կամ հարցերին արդյոք սպառիչ պատասխան տվեց թե՝ ոչ։
    Ամփոփելով դիտողություններս, ուզում եմ շնորհակալություն հայտնել Նելլի Բաբայանին շատ բնորոշ լուսանկար տեղադրելու համար․ ակամայից տեղափոխվեցի այն երանելի ժամանակները, երբ վանկարկում էինք “Լենին, Պարտիա, Գորբաչով” ու․․․ թռչում գնացքից․․․

  2. Բալաբեկ says:

    Իրավապաշտպանի համար չափից դուրս կողմնակալ եք: Տողատակերը ներկայացնում եք որպես փաստեր։ Հիշեցնեմ որ մի քանի օր առաջ էլ տողատակում տեսել էիք թե ոնց է ԲՈԿ-ը դատավոր Ազարյանին վարկաբեկում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930