Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական ֆորումի ղեկավարը՝ իրենց գործունեության, մեկնարկած փառատոնի եւ ժամանակակից երաժշտության մասին

Հունիս 01,2019 12:00

Երիտասարդ կոմպոզիտոր Ռուբեն Անտոնյանին «Առավոտը» ներկայացրել է դեռեւս 2015թ. Գերմանիայում՝ Համբուրգի Երաժշտության եւ թատրոնի բարձրագույն դպրոցում՝ անվանի կոմպոզիտոր Մանֆրեդ Շտանկեի ղեկավարությամբ ուսանելու տարիներին: Երաժիշտը Գերմանիա էր մեկնել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Արամ Սաթյանի դասարանում ուսում առնելուց հետո: 2016թ. նա վերադարձավ Հայաստան, եւ իր համախոհների՝ կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանի, Անդրանիկ Բերբերյանի եւ Սերգեյ Ումրոյանի հետ հիմնեցին «Քառորդ տոն» մշակութային կազմակերպությունը՝ նպատակ ունենալով տարածել հայ եւ արտասահմանցի իրենց գործընկերների արվեստը: Վերջերս 3-րդ անգամ անցկացվեց այդ կազմակերպության նախաձեռնած «Խաչմերուկներ. ժամանակակից օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որտեղ հրավիրված էին նաեւ երաժիշտներ արտասահմանից՝ Բելգիայից դաշնակահար Լորանս Մխիթարյանը, կոմպոզիտոր Ժան-Լյուկ Ֆաֆշամը, Ռուսաստանից կոմպոզիտոր Արման Ղուշչյանը եւ Իտալիայից կոմպոզիտոր եւ դիրիժոր Պաոլո Ռիչչին:

2018թ. Ռուբեն Անտոնյանը վարպետության դասեր վերցնելու նպատակով ԱՄՆ-ում էր՝ կոմպոզիտոր Դորոթի Հայնդմանի մոտ: Նույն թվականին Շառլոտ քաղաքում, ամերիկացի երաժիշտների մեկնաբանմամբ, կատարվեցին ջութակի եւ ալտի, ինչպես նաեւ 4 սաքսոֆոնի համար հայ հեղինակի գրված ստեղծագործությունները: Նրա գործերը հնչել են նաեւ Իտալիայում ու Բելգիայում:

Ռուբեն Անտոնյանը, ստեղծագործական գործունեությանը զուգահեռ, վարում է նաեւ հասարակական գործունեություն: Նա հանդիսանում է ՀՀ կոմպոզիտորների միության երիտասարդական ֆորումի ղեկավարը: Ֆորումը կոմպոզիտորների միությունում հիմնվել է շուրջ 5 տարի առաջ մասնաճյուղ անվամբ: Այն ղեկավարում էր Աշոտ Ղազարյանը: Այնուհետ ղեկավարի պարտականությունները ստանձնեց Սերգեյ Ումրոյանը, ընթացիկ տարվա սկզբից էլ Ռուբեն Անտոնյանը, որին հրավիրել էինք «Առավոտի» խմբագրություն: Խնդրեցինք նախ՝ նշել, թե քանի կոմպոզիտոր է ընդգրկված ֆորումի կազմում եւ որոնք են գործունեության հիմնական դրույթները: «Կազմում 25 կոմպոզիտոր են, ընդ որում՝ նաեւ արտասահմանից: Օրինակ՝ գերմանաբնակ Արսեն Բաբաջանյանը, Հովիկ Սարդարյանն ու Անդրանիկ Ֆատալովը, Ռուսաստանից Քաջիկ Գրիգորյանը եւ այլն: Ֆորումի հիմնական նպատակներից են սեմինարներ ու վարպետության դասեր ուսանողների համար, ծանոթություն միջազգային, ժամանակակից, երաժշտական միտումների, պարտիտուրների եւ ձայնագրությունների փոխանակում, նոր ստեղծագործությունների եւ աշխատությունների ունկնդրում, քննարկում…

Մոտ ժամանակներս առաջին անգամ կանցկացնենք առցանց հանդիպումներ կոմպոզիտորների հետ եւ, իհարկե, տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ փառատոն: Ասածիս վկայությունն է մայիսի 27-ին մեկնարկած Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը,- հայտնեց մեր զրուցակիցն ու մանրամասնեց,- փառատոնային առաջին համերգում հնչեցին միայն դաշնամուրային ստեղծագործություններ, հունսի 8-ին՝ իմպրովիզացիոն երաժշտության երեկո է կոնսերվատորիայում, իսկ 15-ին՝ կոմպոզիտորների միության դահլիճում կկայանա անսամբլային երաժշտության համերգ: Նշեմ նաեւ, որ ֆորումի բոլոր անդամ կոմպոզիտորներին գոնե մեկ ստեղծագործությամբ ընդգրկել ենք փառատոնի ծրագրերում: Համերգներին իրենց գործերով մասնակից ենք դարձրել նաեւ մեր կոնսերվատորիայի ուսանողներին, ինչպես նաեւ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 6-րդ հանրապետական մրցույթի հաղթողներ Սյուզաննա Աղամալյանին ու Մերի Առակյանին»:
Հետաքրքրությանը, ֆորումի կազմակերպած երեւանյան միջոցառումներից բացի, երիտասարդների գործերը հնչե՞լ են արտասահմանում, կոմպոզիտորը պատասխանեց. «Ե՛վ կոմպոզիտորների միության, ե՛ւ անձնական նախաձեռնությունների շնորհիվ երիտասարդների, այդ թվում՝ Արսեն Բաբաջանյանի, Քաջիկ Գրիգորյանի, Դավիթ Բալասանյանի, Արեգնազ Մարտիրոսյանի եւ մյուսների գործերը հնչել են արտասահմանում: Ի դեպ, տարեսկզբից անցկացրել ենք արդեն չորս հանդիպում ու ստեղծագործությունների ունկնդրում-քննարկում ձեւաչափերով Տիգրան Համբարյանի, Հասմիկ Հակոբյանի, Էլեն Յոլչյանի, մեր ավագ գործընկեր Ստեփան Բաբաթորոսյանի եւ Գերմանիայում ուսանած երաժշտագետ Սոնա Հայկազունիի հետ»:

Մեր լայն ընթերցողին հասկանալի կբացատրեք՝ ի՞նչ ասել է «ժամանակակից երաժշտություն»: «Տարբեր երկրներում տարբեր են մոտեցումներն ու շեշտադրումները ժամանակակից երաժշտության: Օրինակ, Եվրոպայում մեծ նշանակություն է տրվում երաժշտության «տեխնիկական» մասին ու նոր կամ ժամանակակից երաժշտության փնտրտուքները շարունակվում են, որոնք երբեմն շատ բարդ են կատարողի համար: Իսկ ԱՄՆ-ում շեշտադրվում է երաժշտության փիլիսոփայական եւ էսթետիկական մասը…»,- ասաց Ռուբեն Անտոնյանը: Ռեպլիկին, իսկ Հայաստանո՞ւմ, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր. «Երկու դրսեւորումներն էլ կան»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

31.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930