Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը կստանա՞ ոչ նյութական վնասի դիմաց մեկ միլիոն դրամ փոխհատուցում

Մայիս 29,2019 17:08

Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի հայցով Վարչական դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանն ընդդեմ ոստիկանության հայց է ներկայացրել դատարան՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով: Վարչական դատարանը մոտ մեկ տարի առաջ ոստիկանների գործողությունները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ տվյալ դեպքով ճանաչել էր ոչ իրավաչափ՝ սկսած խոսքի ազատության արտահայտման իրավունքի խախտումից մինչեւ ոստիկանություն նրան անօրինական ձեւով բերման ենթարկելն ու պահելը: Դատարանի այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կիվիրյանի շահերի ներկայացուցիչը նոր հայց էր դատարան ներկայացրել՝ պահանջելով ոչ նյութական վնասի դիմաց մեկ միլիոն դրամ փոխհատուցում:

«Սա նոր գործ է, այն վարչական գործից բխող գործ է, այսինքն, մի դեպքում քննվում է ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների փաստը, ու քանի որ ոչ իրավաչափ գործողությունների փաստը հաստատվել էր դատարանի կողմից, մենք ներկայացրել ենք պահանջ ոչ նյութական վնասի փոխհատուցման հետ կապված, որը նոր վարույթ է: Սպասում ենք դատարանի ակտին, դատարանը վճիռը կհրապարակի հունիսի 19-ին»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Նրա խոսքով, այսօր իրենք ներկայացրին իրենց հիմնավորումները, թե ինչու են գտնում, որ  վարչական մարմինը պետք է բավարարի իրենց հայցը. «Մենք հաշվարկել ենք ու կոնկրետ դիմումի մեջ, որը ուղղված է ոստիկանությանը, նշել ենք՝  որն է այն գումարի չափը, որը մեր կողմից դիտարկվում է ողջամիտ նման պայմաններում: Այդ գումարը, մեր հաշվարկներով, եղել է նվազագույնը»:

Հիշեցնենք, որ ոստիկանների գործողությունների ոչ իրավաչափ լինելու հանգամանքն ու դրանից բխող ոչ նյութական վնասի դիմաց փոխհատուցման պահանջը վերաբերում է  2015 թվականին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց անցկացված ցույցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031