Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒԵՖԱ-ն կանխիկացնում է իր հաջորդ փոխանցումը Բաքվից. Daily Mail-ը վերլուծում է՝ ինչու Մխիթարյանը չի մեկնում Բաքու

Մայիս 23,2019 18:17

Հենրիխ Մխիթարյանի՝ իր երկրի նկատմամբ ունեցած հանգիստ և զուսպ հպարտության մասին հիշողությունն է, որ ստիպում է զայրանալ, թե ինչպես ֆուտբոլային աշխարհի ղեկավարները, հերթական անգամ փողի հոտը զգալով, հանգիստ հետևեցին այն իրավիճակին, որ նա չի խաղա գալիք շաբաթ Եվրոպայի կարևորագույն իրադարձություններից մեկում, գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը:

Մխիթարյանի ժամանակը Մանչեսթերում ամենաերջանիկ պահերը չէին, բայց նա եկել էր կարևոր դեր խաղալու տեղի հայ համայնքի կյանքում: Միայն սեփական ցանկությունը չէր, որ նա կանգնում էր լուսանկարվելու Արմենիա պանդոկի մոտ, կամ Փրինսես սթրիթում, այլև նրա հետաքրքրությունը այդ համայնքի նկատմամբ: Ցանկացած ձևով նա այդ համայնքի մի մասն էր:

Մարդկության դրսևորման այդ տեսակը հեռու է սպորտի ցինիկ պատրաստակամությունից՝ վաճառվելու Ադրբեջանի խղճուկ առաջնորդներին, մի երկիր, որտեղ բանտարկում են լրագրողներին, հետապնդում այլախոհներին և ապշեցուցիչ արհամարհանք են դրսևորում օրենքի գերակայության նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկարամյա հակամարտության պատճառով: Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպը միայն ամեն ինչ ասում է այդ երկրի մասին, որը ՈՒԵՖԱ-ն իր անսահման իմաստությամբ ընտրել է որպես հարմար վայր «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ խաղի համար, գրում է թերթը և պարզաբանում. Սաֆարովը հոգեկան հիվանդ էր, որը 15 տարի առաջ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվող դասընթացի ժամանակ ներուժել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել նրան: Հունգարիայի դատարանի կողմից նա դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման, բայց Ադրբեջանը կարողացավ հասնել նրա արտահանձնմանը: (Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանի վկայությամբ՝ Սաֆարովը Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանի կողմից ճանաչվել է հոգեպես առողջ` մեղսունակ և դատապարտվել է ցմահ ազատազրկման` առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում.-խմբ): Ադրբեջանում նրան դիմավորեցին որպես հերոս, նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց, պարգևատրեց բնակարանով և ութ տարվա թոշակով:

Սա է այն մթնոլորտը, որից ելնելով Մխիթարյանը և «Արսենալը» հանգել են այն մտքին, որ ֆուտբոլիստի մասնակցությունը Բաքվի եզրափակչին անհնար է: Մյուս կողմից, այժմ փողը որոշիչ է աշխարհում, երբ սպորտային լվացքատունը կյանքի իրողություն է:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշումն ընդունվեց 2017թ.՝ հինգ ամիս այն բանից առաջ, երբ պարզվեց, որ Ալիևը և նրա շրջապատը 2 մլրդ ֆունթ ստերլինգ են վճարել ցանկացածին, ով կկարողանա մաքրել նախագահի խորապես մթագնած հեղինակությունը և դրական պատկեր ձևավորել նավթով հարուստ այդ երկրի շուրջ:

Դա մի երկիր է, որը մամուլի ազատության ցուցանիշով 196 երկրների շարքում 177-րդ տեղում է, շարունակում է հոդվածագիրը: ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այդ երկիրը ճանաչել են որպես Եվրոպայի ամենավատ վայրը ԼԳԲՏ համայնքի համար: Եվ վերջին 30 տարիներին այդ երկրի իշխանությունները զբաղված են եղել տեղի հայկական ժառանգության պարբերական ոչնչացմամբ:

Երկրի առաջնորդները մի քանի օր առաջ առանց ինքնագիտակցության փոքր-ինչ ակնարկի հայտարարեցին, որ Մխիթարյանին «չեն թույլատրի» խաղալ եզրափակչում: Կարծես դա իրենց հեռավոր իրավունքն էր: Եվ ոչ մի բառ այն մասին, որ հայկական ազգանունով կամ հայկական արմատներով որևէ մեկը չի կարող մասնակցել եզրափակչին:

Մեծ երևակայություն պետք չէ հասկանալու՝ ինչ զգացողություններ ունի այս առումով Մխիթարյանի քույրը՝ Մոնիկան, որն աշխատում է ՈՒԵՖԱ-ում: Կամ նրա մայրը՝ Մարինան, որն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

«Փորձում եմ բառեր գտնել արտահայտելու՝ ինչ եմ զգում,- ասել է Արսենալի տնօրեն Վինայ Վենկակտեշամը:- Չենք կարծում, որ նա կարող է մեկնել, և դա չափազանց տխուր է: Միշտ չէ, որ հնարավորություն ես ունենում խաղալու Եվրոպայի եզրափակչում: Բառեր չեմ կարողանում գտնել: Մենք մեր տեսակետը հասցրել ենք ՈՒԵՖԱ-ին»:

Ակումբը պետք է որ իմանար, որ իրենք պատի հետ են խոսում: Իսկ ՈՒԵՖԱ-ն արդեն կանխիկացնում է իր հաջորդ փոխանցումը Բաքվից, որը ստացել է Եվրո 2020-ի խաղերը կազմակերպելու համար:

Որոշումը չեղարկելու պահանջները նոր կետի են հասել երեքշաբթի, բայց շունչներդ մի պահեք: Երբ կոլեկտիվ ըմբոստության զգացողությունն անցնի, թեթև փողերը կսկսեն լողալ, եզրափակում է պարբերականը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nazeli Vardanyan says:

    Անհրաժեշտ եմ համարում մի քանի ուղղում անել տպագրված նյութի վերաբերյալ` Սաֆարովի մասով: Սաֆարովը Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանի կողմից ճանաչվել է հոգեպես առողջ` մեղսունակ և դատապարվել է ցմահ ազատազրկման` առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: Խնդրում եմ, եթե հնարավոր է փոփսխություն կատարել կամ մեկնաբանություն գրել նաև սկզբնաղբյուրում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/05/23/1045156/?fbclid=IwAR0ChbTvnXG9j3oIrYoMoJYJ_2yMkxipSc5-_929PDcMumQzabN0OYBM_8M

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031