Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի թեկնածուներից մեկն էլ ԵԹԿՊԻ Ստեղծագործական և հեռանկարային զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանն է, որը վերջին օրերին ահազանգել էր, թե ֆեյսբուքի իր էջը կոտրել են, նա նաեւ հարցում էր կազմակերպել` թեկնածուներից իրե՞ն, թե՞ Լիլիթ Արզումանյանին ավելի շատ ձայն կտան:
Aravot.am-ը Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է իր ուժեղ կողմը, որ ցանկանում է մասնակցել բուհի ռեկտորի ընտրություններին եւ ղեկավարել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը:
«Իմ ուժեղ կողմը իմ փորձառությունն է այս բուհում, այն է, որ ինքս ավարտել եմ այս բուհը, իմ ուժեղ կողմն այն է, որ ինձ աջակցում է ուսանողների, շրջանավարտների, աշխատողների, դասախոսների մեծամասնությունը… Եվ այն է, որ պատկերացնում եմ, թե ինչ անելիքներ կան այս ինստիտուտում»,-ասաց պրոռեկտորը:
Անդրադառնալով իր էջը կոտրելուն` շեշտեց, որ դիմել է համապատասխան մարմիններին, ու այս պահին պարզաբանումներ չունի:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հետաքրքրվեց Արմեն Հարությունյանի եւ նրա կնոջ հետ կապված քրեական գործով` ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ի թիվս այլ խախտումների, պրոռեկտորի կինը աշխատանքի չէր հաճախել, բայց խոշոր աշխատավարձ էր ստացել:
«Դա շինծու գործ է, վստահ եմ` այն շուտով կավարտվի: Հենց այս համատեքստում էլ դա կազմակերպվել էր… Եվ ընդամենն ինձ վրա ճնշում գործադրելու միջոց է… Բոլոր ապացույցները կան, որ աշխատանքն իրականացված է, եւ դրա վերաբերյալ կան փաստաթղթեր, առկա են նաեւ այդ աշխատանքի արդյունքները եւ ուսանողների ստորագրություններ հատուկ մատյանում, որոնք փաստում են, որ այդ աշխատանքն իրականացվել է, իրենք օգտվել են: Դա շինծու մի գործ է իմ դեմ, ոչ մի հանցակազմ լինել չի կարող, ինչպես պնդում են ոմանք»,-ոստիկանության բացահայտումների վերաբերյալ ասաց պրոռեկտորը: Հարցրինք, թե ում կողմից է դա սարքված, եթե ասում է, որ շինծու գործ է: «Չգիտեմ, քննությունը կասի… Երեւի այն մարդկանց կողմից է սարքված, որոնք չեն ուզում, որ ռեկտոր դառնամ, ինստիտուտ ղեկավարեմ»,-ասաց Արմեն Հարությունյանը:
Ոստիկանության բացահայտումների վերաբերյալ՝ դիտեք այստեղ:
Նա հավելեց, որ վստահ է, որ ռեկտորի ընտրությունը արդար կլինի. «Եթե վստահ չլինեի, չէի առաջադրվի որպես թեկնածու: Խորհրդի հետ էլ որեւէ խնդիր չունեմ»:
Հարցրինք նաեւ, թե ընտրվելու դեպքում որոնք կլինեն իր առաջին երեք քայլերը: «Բնականաբար ամբողջ ֆինանսական համակարգի վերանայումը, պրոֆեսիոնալների թիմի ձեւավորումը եւ որ ամենակարեւորն է` ուսանողն ու դասախոսն են լինելու ցանկացած գործընթացի առանցքը, որովհետեւ ուսանողին հեգնական վերաբերվելու իրավունք չունենք»,-ասաց ռեկտորի թեկնածուն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից