Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը պատրաստ է, Էրդողանը՝ ոչ

Մայիս 02,2019 12:00

Թուրքիան շարունակում է ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում 2018թ. գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունից հետո եւս որեւէ փոփոխության միտումներ չեն նշմարվում, թեեւ պաշտոնական Երեւանը հստակ ուղերձ հղեց, որ պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Անցյալ տարի հուլիսին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հայ-թուրքական փակ սահմանի մեղավորը ոչ թե Հայաստանն է, այլ Թուրքիան: «Այդ Թուրքիան է, որ փակել է սահմանները Հայաստանի հետ: Սահմանը հայկական կողմից բաց է: Թուրքիան պետք է որոշում ընդունի սահմանները բացելու վերաբերյալ: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Թուրքիան պետք է այս հարցում որոշում ընդունի»,- ասել էր նա: Փաշինյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է. «Պատրաստ ենք կառուցողական լինել տարածաշրջանն ավելի բարգավաճ, խաղաղ ու ապահով դարձնելու հարցում»:

Այս հայտարարություններից մի քանի օր անց պաշտոնական Անկարան արձագանքեց: Անցյալ տարի Թուրքիայում հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց՝ օգոստոսին, առաջին արտերկրյա այցով Բաքու մեկնած՝ թուրքական Մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմը ադրբեջանական Ictimai TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, օրակարգային մի շարք հարցերի թվում, անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրին:

Թուրքական BirGՖn լրատվական գործակալության փոխանցմամբ, Յըլդըրըմն ընդգծել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախ եւ առաջ պետք է լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը: «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չենք տարանջատում Հայաստան-Թուրքիա հարաբերություններից։ Այսինքն՝ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար նախ պետք է լուծվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները։ Այդ պարագայում Թուրքիան էլ կկարգավորի հարաբերությունները, հակառակը քիչ հավանական է»,- ասել է Յըլդըրըմը:

Թուրքիայի խորհրդարանի նախագահը վերահաստատել էր պաշտոնական Անկարայի տեսակետը, հայտարարելով. «Ադրբեջանական հողերն օկուպացված են Հայաստանի կողմից, եւ անհրաժեշտ է ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Նա նաեւ ասել էր, թե ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը եւ այլ կառույցները պետք է ավելի արդյունավետ աշխատեն հարցի լուծման ուղղությամբ: «Իզուր է սպասելը, թե առանց այդ խնդիրների լուծման, հարաբերությունները կրկին կբարելավվեն։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շատ բարդ է։ ՄԱԿ-ը գնալով վերածվում է ազդեցություն չունեցող կառույցի։ Այն արդեն ի զորու չէ՝ լուծում տալ միջազգային խնդիրներին։ Պատճառը ՄԱԿ-ի կառուցվածքն է, որի միջոցով հնարավոր չէ համընդհանուր խաղաղության հասնել։ Այդ մեխանիզմներն անպայման պետք է վերանայվեն, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ խաղաղություն ապահովել տարածաշրջանում եւ ողջ աշխարհում»,- ասել է Յըլդըրըմը։

Անցյալ տարի դեկտեմբերին Փաշինյանը կրկին վերահաստատեց պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց առանց Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախապայմանների, այս մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը. «Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանների եւ հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա։ Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»։

Թուրք պաշտոնյաները պարբերաբար ի ցույց են դնում պաշտոնական Անկարայի անփոփոխ դիրքորոշումը՝ շարունակաբար արձանագրելով, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ չեն կարող հաստատվել՝ քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը:

Այս տարվա փետրվարին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում դասախոսությամբ էր հանդես եկել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, որն անդրադարձել էր հայ-թուրքական հարաբերությունների թեմային: Նա ներկայացրել էր Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, թե ինչպես են զարգացել հարաբերությունները Հայաստանի անկախացումից հետո: «Թուրքիան առաջիններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, եւ 1992 թվականին, երբ ես ծավալում էի իմ գործունեությունն արտաքին գործերի նախարարությունում, Թուրքիայի ԱԳՆ-ից նոտա ստացանք առ այն, որով վերջինս առաջարկում էր Հայաստանին հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Սակայն հետագայում թուրքական կողմից դրանք այդպես էլ ընթացք չստացան: Եթե խոսենք հայ-թուրքական երկխոսության ու հարաբերությունների մասին, Հայաստանի անկախացումից հետո, պետք է դիտարկենք դրանք երկու հարթության մեջ՝ հայ-թուրքական երկկողմ երկխոսությունը եւ իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում»,- նշել էր Գասպարյանը:

Ըստ բանախոսի՝ դրանից հետո սկսել էր շատ ակտիվ մի շրջան, որը տեւել էր մինչեւ Շուշիի ազատագրումը: «Այդ մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ թուրք գործարարներ Հայաստան եկան: 1992 թվականին Հայաստանում հայ գործարարները չունեին բիզնես բանակցությունների փորձ, մոտեցումներ, տնտեսությունը սարսափելի վիճակի մեջ էր: Շատ հետաքրքիր փորձառություն էր այդ ժամանակաշրջանում մասնակցել, լսել թուրքական բիզնես շրջանակների մոտեցումները հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ», -նշել էր Գասպարյանը: Շուշիի ազատագրումից հետո այդ երկխոսությունը դանդաղում է, երբեմն նաեւ ընդհատվում: Գասպարյանն այդ ժամանակաշրջանը համարել էր երկու երկրների հարաբերությունների ամենաակտիվ շրջանը. «Ես հակված եմ այդ գործընթացն անվանել երկխոսություն, երբ կողմերը փորձում էին պարզել դիմացինի դիրքորոշումները»:

Գասպարյանն այնուհետեւ նկատել էր, որ ժամանակի ընթացքում փորձեր են արվել ստեղծելու երկխոսության տարբեր հարթակներ, բայց Անկարայի հստակ դիրքորոշումն այն էր, որ դիվանագիտական, առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն անմիջականորեն կապված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:
Պաշտոնական Անկարան նշյալ դիրքորոշման հետ միաժամանակ շարունակում է ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման իր հստակ քաղաքականությունը:

Այս տարվա փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հայտարարել էր նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում: «Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը ֆրանսահայ համայնքի 350 ներկայացուցիչների ներկայությամբ: Մակրոնը հիշեցրել էր, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն: «Առաջիկա շաբաթների ընթացքում, իմ խոստման համաձայն, Ֆրանսիան ապրիլի 24-ը կհռչակի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր: Ֆրանսահայերի պատմությունը պատկանում է Ֆրանսիայի պատմությանը, եւ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մի մասն է, ուստի մեր հանրապետությունը պետք է հիշի այն», – ասել էր Ֆրանսիայի նախագահը: Մակրոնը հայտնել էր, որ նախապես տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր որոշման մասին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել էր իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Թուրքիան, ինչպես եւ սպասվում էր, խստորեն քննադատեց Ֆրանսիայի քաղաքականությունը՝ դատապարտելով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու՝ Մակրոնի որոշումը:

Անցյալ շաբաթ այս թեմային անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նա կրկին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 24-ը պետական մակարդակով Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրելու համար: «Ֆրանսիայում ապրող 700,000 հայերի համար արված այդ քայլը քեզ չի փրկելու, մսյո Մակրոն»,- ասել է Էրդողանը՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ: Արձագանքելով Մակրոնի հայտարարություններին, թե անհրաժեշտ է առերեսվել սեփական պատմության հետ, Էրդողանն ասել է՝ Մակրոնը պետք է նախ քննի Ֆրանսիայի զորքերի ենթադրյալ հանցագործությունները Աֆրիկայում եւ այլուր:

Նույն շեշտադրումներով Էրդողանը խոսել էր նաեւ օրեր առաջ, ինչին ի պատասխան Ֆրանսիայի վարչապետը հայտարարել էր՝ Փարիզը երբեք թույլ չի տա իրեն ենթարկվել այլոց ճնշումներին: «1915-ի ապրիլից մինչեւ 1916 թվականի հուլիսը մեկուկես միլիոն հայեր կախաղան են բարձրացվել, անդամահատվել կամ ողջակիզվել, -ասել էր վարչապետ Էդուարդ Ֆիլիպը՝ ընդգծելով,- այդ սարսափների հետ առերեսվելը արդարություն հաստատելու նախապայմանն է»:

Ի դեպ, նկատենք, որ այս տարի ապրիլի 24-ին Ստամբուլի ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել: Միջոցառումը նախաձեռնել էր «Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի ու խտրականության դեմ հանձնաժողովը:
Ոստիկանությունը պատճառաբանել էր, թե Ստամբուլի իշխանությունները չեն արտոնել արարողության իրականացումը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Սուլթանահմեթ հրապարակում էր նաեւ մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Թեմայի վերաբերյալ թուրքական «Evrensel» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը հիշեցրել է, որ ամեն տարի այդ նույն հրապարակում մամուլի ասուլիս է անցկացվել 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունների ու սպանությունների թեմայով: «Այս տարի հիշատակի միջոցառումն արգելվեց: Ոստիկանությունը մեզ տեղեկացրեց, որ արգելվել է: Չկարողացանք իրացնել սահմանադրությամբ մեզ տրված մամուլի ասուլիս անցկացնելու իրավունքը»,- ասել է Փայլանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանության խնդրին լուծում չգտնող իշխանությունը նախընտրում է լռեցնել ու ճնշել հանրությանը. «Բոլոր այն հանցագործությունները, որոնց հետ չեն առերեսվում, կրկնվում են եւ, ցավոք, այսօր էլ տեսնում ենք այդ հանցագործությունների կրկնության հետեւանքները»:

Անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Հայաստանից եւ Թուրքիայից իշխանությունների մակարդակով փոխադարձ նոր կոշտ ուղերձների առիթ հանդիսացավ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031