Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկավարժականի շրջանավարտների կրթական որակը բարձր է»

Ապրիլ 26,2019 13:00

Հանրակրթության ոլորտի խնդիրներն ուսումնասիրելիս առաջին հերթին կարեւորվում է ուսուցիչների մասնագիտական կրթության որակը, մանկավարժական հմտություններն ու կարողությունները: Հանրության մոտ կարող է կարծիք ձեւավորվել, որ դպրոցի ուսուցիչներն անպայմանորեն ունեն մասնագիտական կրթություն: Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների միայն 25%-ն է ավարտել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: Իսկ այդ 25%-ի գերակշռող մասը տարրական դասարանների ուսուցիչներն են: «Հանրակրթական ոլորտում ամենից կայացած օղակը հենց տարրական դպրոցն է: Սրանից կարող ենք հետեւություն անել, որ բուհի շրջանավարտների կրթական որակը բարձր է, այլ բան է, որ մյուս առարկաների գծով ուսուցիչներն իրենց բազային կրթությունն ստացել են այլ բուհերում, իսկ մանկավարժական որակավորում ունեն միայն Մանկավարժական համալսարանի մագիստրոսական ծրագրի շրջանակներում»,-«Առավոտի» հետ զրույցում նշեց Մանկավարժական համալսարանի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Վերջինս եւս այն կարծիքին է, որ Մանկավարժական համալսարանը մեծ դերակատարություն ունի հանրակրթության որակի բարելավման գործում եւ հավելեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական պրոցես են: Մասնավորապես՝ վերջին տարիներին միջազգային համագործակցության արդյունքում երկու անգամ վերանայվել են ուսումնական պլանները՝ դրանք համահունչ դարձնելով դպրոցական ներկայիս ծրագրերին: Ուսուցչական կադրերի պատրաստման գործում կարեւոր քայլ է նաեւ Մանկավարժական համալսարանում պրակտիկայի բարելավումը. 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից ուսանողները շաբաթական մեկ օր անցկացնում են դպրոցում, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին հասկանալու՝ կկարողանա՞ն աշխատել ընտրած մասնագիտությամբ: Պրոռեկտորը հավելեց նաեւ, որ բուհ-դպրոց կապի ամրապնդումը Մանկավարժական համալսարանի ամենօրյա աշխատանքի պարտադիր մասն է, եւ այդ է պաճառը, որ ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովներում ընդգրկվում են պրակտիկան անցկացնող տարբեր դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ. «Լավագույն շրջանավարտները հենց այդ պահին ստանում են աշխատանքի առաջարկ. նման դեպքերը քիչ չեն»,-հավելեց Մհեր Մելիք-Բախշյանը:

Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԿԳ նախարարի նախկին տեղակալ Աիդա Թոփուզյանը ներկայումս ղեկավարում է Մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնը: Մագիստրոսներին դասավանդելը պրոֆեսորին հնարավորություն է տալիս ոլորտի խնդիրներին ծանոթանալ գործնականում եւ համոզվել՝ դպրոցում հիմա ամեն ինչ խառնվել է իրար:

«Չնայած տարեցտարի դպրոցներում ուսուցչական կազմը համալրվում է Մանկավարժական համալսարանի շրջանավարտներով, բայց շարունակում է գերակշռել այն ուսուցիչների թիվը, որոնք ավարտել են այլ բուհեր եւ մանկավարժական հմտություններ ձեռք են բերում միայն մագիստրատուրայի շրջանակներում. դա լի է մի շարք խոչընդոտներով եւ անցանկալի հետեւանքներով»,-նշեց Աիդա Թոփուզյանն ու խոսելով խնդիրների մասին՝ ընդգծեց, որ աշխատելուն զուգահեռ մագիստրոսական կրթություն ստացող ուսուցիչներին տնօրենները շատ հաճախ թույլ չեն տալիս մասնակցել դասերին, որը շաբաթական ընդամենը երկու անգամ է:

Նա այն կարծիքին է, որ տնօրենը, որն ուզում է լավ ուսուցիչ ունենալ, պետք է պատասխանատվություն կրի նաեւ նրա մասնագիտական աճի համար. սա պետք է լինի պետական պահանջ: Աիդա Թոփուզյանը խոստովանեց՝ այս տեսանկյունից թույլ է բուհ-դպրոց կապը. այլապես տնօրեններին պետք է տեղյակ պահել այդ ուսուցիչների այն առաջադիմության մասին, որի պարագայում ուղղակի անթույլատրելի կլիներ վատ առաջադիմությամբ ուսանողի եւ ուսուցչի աշխատելը դպրոցում:

ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

25.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930