Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը տարիներ առաջ նաեւ կոշկակար է աշխատել, կոշկակարի առաջին աշխատավարձով էլ իր Pyramida ջինսն է գնել

Ապրիլ 20,2019 23:03

ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը դպրոցական տարիներին մականուն է ունեցել՝ էլեկտրոնիկ՝ «Էլեկտրոնիկի արկածները» ռուսական հայտնի ֆիլմից վերցված: Նախկին նախարարը պատմում է՝ դեռ դպրոցական տարիներից աշխատել է:

«Այն ժամանակ կոշկակարության բում էր Հայաստանում, եւ Էրեբունի-Վարդաշեն արանքում կար կոշիկի  մեծ շուկա, ու ամեն իրեն հարգող հայի բակում կար կոշիկի ցեխ: Մեր բարեկամներից մեկը մեր բակում կոշիկի ցեխ դրեց, ու ես ծնողներիս օգնելու համար որոշեցի դասերից հետո կոշկակարություն սովորել. շատ արագ սովորեցի ու մոտավորապես մեկուկես տարի  դպրոցում սովորելուն զուգահեռ, բուհ դիմելու համար պարապելուն զուգահեռ երեկոները հասցնում էի օրվա պլանը կատարել ու ստանալ աշխատավարձ: Հիշում եմ՝ առաջին աշխատավարձս 450 ռուբլի էր, պապային, մամային ինչ-որ փող տվեցի, բայց նաեւ ինձ համար գնեցի այդ ժամանակ շատ տարածված «պիրամիդա»  ջինսե տաբատ. մի քանի ամիս աչքս վրան էր, դասարանում կային մարդիկ, որ ունեին, բայց ես ծնողներիցս փող չէի կարող ուզել, որովհետեւ դժվարությունների մեջ էին»- Aravot.am-ին պատմեց Արմեն Աշոտյանը:

Մեր հարցին՝ լա՞վ կոշկակար եք, նա պատասխանեց. «Այո, լավ որակով եմ աշխատել»:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ինքը դպրոցում լավ է սովորել, ավարտել ոսկե մեդալով եւ դիմել  Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ ընտանեկան խորհրդով. «Քանի որ ընտանիքում բժիշկ չկար, իսկ հատկապես տատի, պապիներս երազում էին, որ ցեղում բժիշկ լինի, հորդորեցին դիմել բժշկական համալսարան»:

Ուսանողական տարիներին էլ է Արմեն Աշոտյանը շարունակել աշխատել.  հարեւանների երեխաների հետ վճարովի մաթեմատիկա, հայոց լեզու եւ անգլերեն է պարապել, յուրաքանչյուր առարկայի համար ամիսը  15 դոլար է վաստակել. «Բավականին կարեւոր գումար էր դա ինձ համար, որովհետեւ ուսանողական ծախսերից բացի ծնողներիս էի օգնում: Հետո տղերքով սկսեցինք վերջին զանգի սցենարներ գրել, իսկ սցենարն արժեր 30-50 դոլար»:

Մեր զրուցակցի պատմելով՝ բուժական ֆակուլտետն ավարտելուց հետո, ուսումը շարունակել է՝ ավարտելով նաեւ ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրան «Դատական բժշկություն» մասնագիտությամբ: Ուսանողական վերջին կուրսից էլ ներգրավվել է ուսխորհրդում:

Մեր հարցին, թե դո՞ւք էլ եք ուսխորհուրդ մտել լավ կարիերա ունենալու ակնկալիքով, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ուսխորհրդի անդամ դարձա, որովհետեւ այն տարիներին զվարճանքի, ազատ ժամանցի կազմակերպման շատ քիչ հնարավորություն կար, եւ միջավայր, քաղաքից դուրս գնալ, համերգներ… ինձ ձգեց այդ միջավայրը, իհարկե, կարիերայի որոշակի ճանապարհ բացում էր, բայց, կներեք, ուսխորհրդի անդամ են եղել հարյուրավոր մարդիկ, այնպես չէ, որ բոլորը դրա համար են գալիս»:

Արմեն Աշոտյանը մասամբ ընդունում է իր հասցեին ուղղված քննադատությունը, որ իրենից  սկսվեց ուսխորհուրդների կուսակցականացումը. «Մասամբ սխալ է, որովհետեւ մինչեւ ինձ էլ կային տարբեր կուսակցություններից ուսխորհուրդների անդամներ, մասամբ ճիշտ է,  որովհետեւ ես ու իմ ընկերները տարբեր բուհերից միանգամից դա արեցինք, ինքներս մտանք կուսակցություն»:

Արմեն Աշոտյանը հիշեց նաեւ որ նախքան ՀՀԿ մտնելը քիչ էր մնում «Հանրապետություն» կուսակցության անդամ դառնար, առաջարկը ստացել էր,կուսակցական գաղափարները սրտամոտ էին,  կուսակցության առաջնորդի հետ հանդիպման օրվա համար պայմանավորվել էին, բայց այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ:

Մեր դիտարկմանը, թե չաշխատելով ձեր մասնագիտությամբ, չարդարացրիք ցեղի բժիշկ դառնալու ձեր հարազատների ակնկալիքը, մինչդեռ ձեր քննադատները հաճախ են ասում, թե ավելի լավ կլիներ ձեր գործով, ձեր մասնագիտությամբ զբաղվեիք ու գուցե ավելի շատ հաջողություններ ունենայիք, Արմեն Աշոտյանը չհամաձայնեց. «Ես քաղաքական կյանքում էլ հաջողություններ ունեմ, որոնցով հպարտանում եմ, կարող եմ բազում հաջողություններ մտցնել այդ չարակամ մարդկանց աչքը: Ես հպարտ եմ, որ եղել եմ ՀՀ ԿԳ նախարար, 7 տարվա մեջ անելով հսկայական, ոչ ամբոխահաճո, բայց տհաճ ու ծանր բարեփոխումներ, որոնք, իհարկե,  խնդիրներ են ունեցել, բայց արել եմ ամենակարեւոր գործը՝ ավագ դպրոց, տասներկուամյա կրթություն, ներառական կրթություն, շախմատ… եթե վատ է, թող հանեն: Այսօր կարող են շտկեն, բայց կապիտալ փուլն արվել է »:

Մեր հարցին, թե ընդունո՞ւմ է, որ իրեն որպես ԿԳ նախարար, ուսանողները, երիտասարդները չսիրեցին, պատասխանեց. «Ինձ մինչեւ 2015 թվականի հայտնի դեպքերը երիտասարդները շատ-շատ սիրում էին: Ես առաջինն էի քաղաքական գործիչներից ամենաշատ հետեւորդներն ունեցող, իմ հետ ամենաշատ սելֆիներն են արել, խնդիրն այն էր, ես շարունակում էի ակտիվ քաղաքականությամբ զբաղվել ու պարզապես նախարար չէի, ես ՀՀԿ փոխնախագահ եմ, ու գաղտնիք չէ, որ ես մշտապես  ինձ վրա եմ վերցրել ՀՀԿ-ին հասցեագրված ցանկացած հարված ու հակահարված տվել… հատկապես 2015-ի փետրվարի հայտնի իրադարձությունները՝ ԲՀԿ-ի հետ կապված կոնֆլիկտը, հետո   «էլեկտրիկ Երեւանի» իրադարձությունները…ինչ եղավ, դա իշխանությունների նկատմամբ անձնավորված  պոռթկում էր» :

Մեր հարցին, թե ԿԳ նախարարի պաշտոնը ձեր երազա՞ծ պաշտոնն էր, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ. «Սիրով մի օր կաշխատեի Հայաստանի արտաքին գործերի նախարար: Սա ցանկություն է, հավակնություն չէ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930