Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սա հարված է Արցախին՝ թիկունքից». Դավիթ Շահնազարյան

Ապրիլ 09,2019 17:40

«Սասնա ծռեր» կուսակցության ողջ նպատակներն ու գործողությունները ընդգծված ծայրահեղական են: Իսկ Արցախի հետ կապված նրանց քաղաքականությունը եւ իրենց կողմից ծրագրվող գործողությունները, մասնավորապես ավտոերթը` ուղղված է Արցախի Հանրապետության պետականության եւ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ: Սա հարված է Արցախին՝ թիկունքից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց 1992-95թթ ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանը:

Օրերս «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ հերթական ավտոերթն են պատրաստվում կազմակերպել դեպի Արցախ: «Սիրելի հայրենակիցներ, նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած և հետաքրքիր օրեր։ Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի և այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հնարավորինս լայն ձևաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական և ակտիվ մասնակցությունը»,- գրել էր Ժիրայր Սեֆիլյանը։

Հիշեցնենք, 2015 թվականին «Հիմնադիր խորհրդարանն» էր ավտոերթ կազմակերպել դեպի Արցախ, 2018-ին, արդեն այդ կազմակերպության այն անդամները, որոնք հիմնադրեցին «Սասնա ծռեր» կուսակցությունը, կրկին ավտոերթ իրականացրեցին դեպի Արցախ: Ավտոերթի մասին հերթական հայտարարությունից հետո, «Սասնա ծռերի» հասցեին խիստ քննադատություն հնչեցրեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Aravot.am-ը Դավիթ Շահնազարյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս է վերաբերվում «Սասնա ծռերի» այս գործողություններին:

«Այդ գործողության եւ դրա հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում ու կրելու է Հայաստանի կառավարությունը` հաշվի առնելով, որ այս կառավարությունն է ահաբեկչական գործողություն կատարած անձանց համաներմամբ ազատություն շնորհել եւ գրանցել այդ խումբը որպես կուսակցություն: Ավելին, ես կարծում եմ, որ իշխանությունում կան մարդիկ, որոնք նպատակադրված են Արցախում ներքաղաքական անկայունություն ստեղծել եւ քաջալերում են, գուցե նաեւ ուղղորդում են նմանատիպ գործողությունները»,- ասաց նա:

Դավիթ Շահնազարյանը հիշեցնում է, որ 1993-ից  Հայաստանի իշխանությունները հանդիսանում են Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: «Սա պաշտոնապես վերահաստատել է նաեւ ներկայիս կառավարությունը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ «Մենք ունենք մեկ Հայրենիք և երկու պետականություն, իսկ «Սասնա ծռերի» ծրագրերի և գործողությունների նպատակը Արցախի Հանրապետության անեքսիան է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աղասի Ենոքյան says:

    “Սասնա Ծռեր” խմբավորումը միշտ հանդես եկել անպաստասխանատու քահյլերով ու հայտարարություններով։ Բնական է, որ Արցախում անկայունությունը չի բխում ոչ Երեւանի, ոչ էլ Ստեփանակերտի շահերից, սակայն այդպիսի պոպուլիստական քայլերով այս խումբը իր փոքրաթիվ հետեւորդների մոտ ընդամենը ռեյտիգն է հավաքում։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930