ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ
Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով նշված համայնքին պատճառվել է 60.992.400 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ս.Ս.-ն 2016թ. օգոստոսի 4-ին դիմում է ներկայացրել նշված ժամանակահատվածում Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ին՝ խնդրելով փոխել համայնքում իր ունեցած 0,75 հա չափով վարելահողի հողատարածքի նպատակային նշանակությունը և միաժամանակ տվյալ տարածքին տրամադրել հասցե: Նշված հողամասում Ս.Ս-ն ունեցել է դեռևս 2005 թվականին ինքնակամ կառուցած 2412,35 ք/մ ջերմոցային տնտեսության ու 119,4 ք/մ օժանդակ շինություններ:
Համայնքի ղեկավարը, ելնելով մտավախությունից, որ դիմումի մերժման դեպքում ունենալու է խնդիրներ, օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված մուծումներից և տուգանքների վճարումից Ս. Ս.-ին ազատելու նպատակով, ղեկավարվելով համապատասխան օրենքներով և ՀՀ Կառավարության 2002 թվականի մի որոշման՝ տվյալ պահին ուժը կորցրած իրավակարգավորմամբ, 2016թ. օգոստոսի 5-ին կայացրել է որոշում՝ փոխելով համայնքում Ս.Ս.-ին սեփականության իրավունքով պատկանող 0.75 հա չափերով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը և այն դարձնելով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության: Այդ որոշմամբ նաև Ս.Ս.-ին տրամադրվել է սահմանված կարգով շինարարության թույլտվություն ու հողամասին հատկացվել է հասցե: Դրանից հետո Ս.Ս.-ն որոշումը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե և ստացել պետական գրանցում:
Մինչդեռ նշված պայմաններում ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը կարող էր փոփոխվել միայն ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 29.12.2011թ. որոշմամբ սահմանված կարգով: Համաձայն դրանց՝ նախ պետք է կազմվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա և ներկայացվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եվ միայն վերջնիս կողմից ինքնակամ կառույցի զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո համայնքի ղեկավարը սահմանված կարգով կարող էր կատարել ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և ինքնակամ կառույցի օրինականացման ընթացակարգը: Տվյալ դեպքում ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, և ՀՀ կառավարության մի քանի որոշումների պահանջներով, նախ պետք է ապահովվեր հողամասի նպատակային նշանակության փոփոխման կադաստրային արժեքների տարբերությունը՝ մեկ քառակուսի մետրի համար 6512 դրամ, ընդհանուր՝ 48.840.000 դրամ գումարը և ինքնակամ կառույցների օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 4800 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 12.152.400 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե մուծելը, որից հետո կարող էր ինքնակամ կառույցն օրինականացնելու համար որոշում կայացնել: Այսինքն` Գ.Օ.-ի գործողությունների արդյունքում համայնքային բյուջե չի վճարվել ընդհանուր 60.992.400 ՀՀ դրամ՝ այդ կերպ էական վնաս պատճառվելով Արգավանդ համայնքին և պետության օրինական շահերին:
Սույն արարքները կատարելու համար համայնքի ղեկավար Գ. Օ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և այսօր քրեական գործի հետ ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
Չեք ամաչու՞մ ։Մի կարգին համայնքապետ է նշանակվել էլի ուզում եք վարկաբեկել,անունը սևացնել։Գագիկ Օրդուխանյանը այդքան բան է արել այդ գյուղի համար,մանկապարտեզի համար նոր դահլիճ կառուցեց ,վերանորոգեց…
Իսկ հիմա դուք նրան կեղծ բաների մեջ եք մեղադրում,ամոթ է։
Երբ իրականությունը ճշտեք ,որը այս հոդվածի հետ կապ չունի,չմոռանաք հրապարակել aravot.am:
Սա aravot.am-ի նյութը չէ. ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պաշտոնական հաղորդագրությունն է: Ստորագրությունը տակը դրված է:
Ամոթ է մարդիկ ուշքի եկեք:
Ճիշտ են ասում լավը միշտ էլ չի գնահատվում: Գագիկ Օրդուխանյանը ոչինչ չի խնաում իր համայնքի շենացման և բարելավման համար: Ինչը չկար նախկինում: Սուտ տեղեկուցնունների զոհ մի դարձեք:
Կարդալով հոդվածը շոկի եմ ենթարկվում: Ինչ եք ստանում նման սուտ լուրեր տարածելով՞:
Օրդուխանյանը միշտ էլ լավն է արել Արգավանդի բնակիչներից յուրաքանչյուրի համար: Հիշեք Ձեր անցած տարիները մարդիկկ!!!! Երբ մի խելքը գլխին մարդ է եկել ղեկավարելու համայնքը չգիտեք ինչ սուտ լուր տարածեք, վարքաբեկեք: Սթափվեքք
Հերիք է հիմարություններ գրեք!Գագիկ Օրդուխանյանը Արարատի մարզի գյուղերի գյուղապետների հետ նույնիսկ չի կարող համեմատվել))
Նման մարդու մասին նման լուրեր ինչպես կարելի է տարածել չեմ հասկանում:
Արգավանդի համայնքապետը լավագույնն է, և միակը ով իր խոսքի տերն է մինչև վերջ!!
Միակ մարդը ով կանգնած է գյուղացու կողքին!!
Երբ գյուղը մսխում էին ոչ ոք չէր խոսում: Օրդուխանյանը շտկում է ամեն ինչ, ամեն բան գյուղի օգտին է անում: Շնորհակալություն հայտնելու փոխարեն նման լուրեր եք տարածում: