Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հայկ Այվազյան. «Հանկարծ ինտերնետից եմ իմանում, որ ազատվել եմ»

Ապրիլ 06,2019 13:11

Ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով աշխատանքից ազատվել է կառավարության տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար, մասնագիտությամբ տնտեսագետ Հայկ Այվազյանը. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»: Նա այդ պաշտոնին էր նշանակվել վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ։

Հայկ Այվազյանն «Առավոտի» հարցին, թե մինչ այդ իրեն զգուշացրե՞լ են, նկատողություն ստացե՞լ է, իր ազատման պատճառը ո՞րն է, պատասխանեց. «Որեւէ մեկն ինձ ոչ մի բառ չի ասել: Թեկուզ բանավոր դժգոհություն, ցանկացած տիպի խոսք չի եղել աշխատակազմի ղեկավարի կողմից»:
Իսկ ինչպես են հաղորդել գրասենյակի պատասխանատուին ազատման մասին, պարզվեց հետեւյալը. «Հանկարծ ինտերնետից եմ իմանում, որ ազատվել եմ»:

Զրուցակիցս ասում է՝ դրանից հետո փորձել է հանդիպել վարչապետին, այդ խնդրով դիմել է փոխվարչապետին, չի ստացվել հանդիպումը, հետո՝ օգնականին, իսկ հետո հրաժարվել է վարչապետին հանդիպելու մտքից, գտնելով՝ անհրաժեշտություն այլեւս չկա:
Ի՞նչ է նախորդել ազատմանդ հարցին՝ զրուցակիցս ասում է. «Աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանն իր տեղակալի միջոցով հայտնել էր, թե չի ցանկանում այլևս ինձ հետ աշխատել: Ես էլ ասել եմ՝ ինքն ով է, որ ինձ հետ աշխատի, կամ ոչ»:

Հ. Այվազյանը նաեւ ասաց, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի կողմից եղել է հանձնարարական. «Մենք, ըստ պատշաճի, գրավոր պատասխանել ենք, որ դիմեն համապատասխան ստորաբաժանում, քանի որ հնարավորություն չունենք հանձնարարականը կատարելու»:
Իմ այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է այդ հանձնարարականը չկատարելու պատճառով է առերեւույթ «լարվել» նրա ու Է.Աղաջանյանի հարաբերությունները, պատասխանեց. «Իմ կարծիքով, ակնհայտ ծագել էր խնդիր, ինչը կառավարության աշխատակազմի ղեկավարի անգործության հետեւանքով էր»:

Ի դեպ, այս գրասենյակի աշխատանքների համակարգումը ի սկզբանե դրված է եղել առաջին փոխվարչապետի վրա. «Ընտրություններից հետո անտեր ենք եղել, դրանից հետո Մհեր Գրիգորյանը պետք է համակարգեր, որի մասին խոսք չի եղել»:
Հարցիս՝ մտավախություն չունե՞ք արդյոք, որ վարչական դատարան դիմելուց հետո ձեր իրավունքների պաշտպանության հարցը կդիտարկվի հեղափոխական տրամադրություններին, հեղափոխության դեմ ուղղված քայլ, Հայկ Այվազյանն ասաց. «Չեմ կարծում, թե նման կերպ կընկալվի: Դա անհեթեթություն կլինի: Ես մասնակցել եմ մարտի մեկի հավաքներին, կրել եմ բոլորի նման կորուստներ, աշխատել եմ, էլի վեճ ունեցել: Չեմ ուզի որեւէ կերպ վնասել հեղափոխությանը: Հեղափոխությունը փրկօղակ էր, պետք էր երկրին, հեղափոխությունը մսխելը կլինի դավաճանություն, իրենք որ ձախողեն, կձախողեն երկիրը: Դատարանով թող գան տղամարդավարի պատասխանեն, ինչու են ազատել աշխատանքից»:

Նշենք, որ «Տեսչական մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներով կարգավորում է գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների իրավական վիճակը, գրասենյակի գործառույթները, գրասենյակ, որն իրականացնում է պետական կառավարման, պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ, այդ թվում` վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման:
Մինչ այս գրասենյակում աշխատելը Հայկն աշխատել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում:
Հայկը բացառեց «կուսակցական վրեժխնդրության» վարկածը, քանի որ նա անկուսակցական է:

 

Հ.Գ.Հայկ Այվազյանն ազատագրական շարժման նվիրյալ, ՀՀ Ազգային հերոս, ԳԽ պատգամավոր Վիտյա Այվազյանի զավակն է: Նրան աշխատանքից ազատելուց երկու շաբաթ առաջ էլ մահացել էր 63-ամյա մայրը ու այդ կորստի մասին գիտեին նաեւ աշխատավայրում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930