Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողը բուհի շարժիչ ուժն է

Մարտ 24,2019 11:00

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի  հանրային կառավարում  մագիստրոսական ծրագրի ուսանող  Տաթև Դերզյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հասարակագիտություն ոլորտում գրավել է 2-րդ տեղը:

Տաթևը մեզ հետ զրույցում պատմեց, որ  վաղուց գիտեր մրցույթի մասին, բայց չէր մասնակցել,  քանի որ մագիստրատուրայի առաջին կուրսում հնարավոր չէր, իսկ արդեն երկրորդ կուրսում իրեն մնում էր ներկայացնել մի քանի փաստաթղթեր. ակադեմիական  առաջադիմության տեղեկագիր, hասարակական ակտիվությունը փաստող հավաստագրեր, որպիսի դիտարկվի որպես թեկնածու:

Հարցին՝ ո՞րն է մրցույթին մասնակցելու նպատակը, Տաթևը պատասխանեց. «Ես մասնակցեցի ներբուհական մրցույթին՝ որպես հասարակագիտական բլոկի ներկայացուցիչ: Կարծում եմ՝ մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել  բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են ակտիվություն և առաջադիմություն, հիմնականում ինձ գրավեց այն հանգամանքը, որ գնահատվում է նաև ուսանողների կամավորական աշխատանքը, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Ես ինքս բազմաթիվ կամավորական աշխատանքներ եմ կատարել, որոնք չեն գնահատվել, իսկ այս մրցույթում հենց հասարակական ակտիվությանը և գիտական աշխատանքներին է մեծ դեր տրվում»:

Այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան բարձրագույն կրթական ոլորտում և ի՞նչ փոփոխություններ կցանկանար կատարել, Տաթևը պատասխանեց. «Կրթության որակը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, առկա է գրագողություն, բացակայում է աշխատաշուկայի հետ կապը, չկա  ուսանողակենտրոնություն: Ես փոփոխությունները կսկսեի ամենատարրական բաներից, օրինակ՝ կմեծացնեի ուսանողների դերը, աստիճանաբար կսերտացնեի  ուսանող-դասախոս կապը, ընկերական միջավայր կստեղծեի համալսարաններում, քանի որ ուսանողը բուհի շարժիչ ուժն է, և բուհ ընդունվողները արդեն հասուն և չափահաս մարդիկ են: Ի դեպ, արդեն կա հանձնաժողով, որը պայքարելու է գրագողություն դեմ: Ես կցանկանայի որպեսզի ստեղծվեր համակարգչային մի ծրագիր, որը կբացահայտեր գրագողության դեպքերը ռեֆերատներում, մագիստրոսական թեզերում, կուրսային և դիպլոմային աշխատանքներում՝ դրանով իսկ նպաստելով կրթության որակի բարձրացմանը և գիտականության ապահովմանը»:

Տաթևը մրցույթի հաջորդ օրը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարել, որ «Հաջողությունը անհաջողություններից քաղած դասերի արդյունք է»: Հարցին՝ ո՞րն է եղել  ձեր կյանքի անհաջողությունը, որից հետո եղավ ամենամեծ  հաջողությունը, Տաթևը պատասխանեց. «Մարդիկ միշտ «այսբերգի» գագաթն են տեսնում, միշտ ասում են մասնակցեց ու  հաղթեց, գնաց այսինչ երկիրը և այլն՝  չհասկանալով, որ այդքանին միանգամից չեն հասնում. պայքարում են, ջանք ներդնում, հուսահատվում ու մոտիվացվում: Իմ կյանքի անհաջողությունը եղավ 2014 թվականին, երբ պետք է մեկնեի ԱՄՆ` ՄԱԿ-ում ելույթ ունենալու, սակայն եղան որոշակի դժվարություններ: Դա համարում եմ կյանքիս անհաջողությունը, որն իրականում հաղթահարվեց: Իսկ «Լավագույն ուսանող» մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելը պատվաբեր է և պարտավորեցնող, սակայն ամենամեծ հաջողությունս ինձ է սպասում ապագայում»:

Հարցին՝ ո՞վ էր արժանի լավագույնի կոչմանը և ի՞նչ ձեռք բերեցիք մրցույթից, Տաթևը պատասխանեց. «Շփվելով մրցույթի մյուս մասնակիցների հետ՝ կարող եմ ասել, որ բոլորն էլ արժանի էին լավագույնի կոչմանը. բազմաթիվ նոր ծանոթություններ ունեցա, որոնց համար շատ ուրախ եմ և հուսով, որ կշարունակվի մեր շփումը: Առայժմ  մրցույթը ինձ միայն ճանաչում է բերել»:

 

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031