Չորեքշաբթի՝ մարտի 13-ին արթնացա չարենցյան խոհերով։ Չգիտես ինչու՝ մտքումս անընդհատ պտտվում էր մեծ բանաստեղծի հայտնի տողը. «Օ՜ , գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…»: Ու հանկարծ մասնաշենքի պատասխանատուի ձայնը ինձ հանեց չարենցյան աշխարհից՝ պատրաստվիր, վերջապես մրցանակդ տեղ հասավ։ Իրարանցում ու խառնաշփոթ մասնաշենքում. ի՞նչ մրցանակ՝ աջ ու ձախ կողմերից բոլորը ձեն էին տալիս։ Պատասխանն արագ տարածվեց՝ պետական մրցանակ։
Իսկ «պետական մրցանակ»-ը ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակն էր, որին արժանացա անցած տարվա դեկտեմբերին։ Լրագրողական մրցույթ էր՝ «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»։ «Կալանավայրը՝ կրթավայր» վերնագրով մրցանակային հոդվածս հրապարակվել էր առցանց «Առավոտ»-ում։ Գրել էի իմ բախտակից, բազմազավակ ընտանիքի հոգսերը հոգալու համար գողության համար դատապարտվածի մասին, որը տառերը սովորել էր կալանավայրում։ Բացի նախարարի հատուկ մրցանակից, արժանացա նաեւ «Դի Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության հատուկ մրցանակին։
Ու հիմա ուղիղ 3 ամիս անց պիտի ինձ հանձնեին հավաստագրերս ու նվերներս։ Կալանավայրում նման մրցույթներին մասնակցելը, հավաստագրեր ունենալը առաջընթաց է։ Սա նշանակում է, որ դու ուղղման ճանապարհին ես, որ արդեն հասարակությանը վերաինտեգրման փուլում ես։ Սա, ի դեպ, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքերն են իմ մասին։ Բայց կարծես արդեն շատ արժեւորեցի ինձ։ Չշեղվենք թեմայից։
Օրը չորեքշաբթի էր, տրամադրությունը՝ գարնանային, խորհուրդը՝ չարենցյան, առիթը՝ մրցանակային։ Ժամերն անցնում էին, մրցանակ ստանալու տրամադրվածությունը մարում էր աստիճանաբար։ Աշխատանքային օրն ավարտվելու վրա էր, երբ ինձ կանչեցին գրադարան։ ՔԿՀ-ի պետի տեղակալի եւ այլ պատասխանատուների ուղեկցությամբ ներս մտան երկու աղջիկ։ Ծանոթացանք՝ հաճելի էր, իհարկե իմ թույլտվությամբ՝ նաեւ լուսանկար։ Բայց բոլորը զարմացան, երբ պարզվեց՝ հավաստագրերս չկան։ Բերել էին միայն խրախուսական նվերները՝ գրքեր։ Էլի շնորհակալ եմ, բայց կարեւորը չկար։
Փորձեցի պատճառը փնտրել 13-ի մեջ։ Բայց չէ՝ 13-ն ինձ համար չարագուշակ չի։ Մրցանակաբաշխությունում հաղթելու մասին իմացա անցած տարվա դեկտեմբերի 13-ին, գրքերը հասան մարտի 13-ին՝ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրը։ Աշխատանքի անցնելու առաջին հրամանս սեպտեմբերի 13-ին է եղել ու դասարանի համարն էլ 13-ն էր։ Դպրոցում էի անցել աշխատանքի՝ որպես մանկավարժ։
Մնում է կարդամ նվեր ստացած գրքերս՝ Ջորջ Օրուելի «1984»-ը, Վարդգես Պետրոսյանի «Ապրած-չապրած տարիները», Սերգեյ Փարաջանովի «Изоляция»-ն։ Կարդամ՝ սպասելով հավաստագրերիս ու գուցե դրանք հասնելուց հետո՝ ապրիլի 13-ին «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից արժանանամ խրախուսանքի։ Հա, ի դեպ, նոր մրցույթ է հայտարարված ու հավանաբար կմասնակցեմ։
Արմենակ/ Արմեն/ Դավթյան
«Արմավիր» ՔԿՀ, ազատազրկված լրագրող