Ադրբեջանը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, մասնավորապես, դրա այն հատվածը, որտեղ համանախագահներն անթույլատրելի են համարում բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին հայտարարությունները: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԱՄՆ նորանշանակ դեսպան Էրլ Լիտցենբերգերին:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ նորանշանակ դեսպանը գոհունակություն է հայտնել այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ իր գործունեության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար:
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև քաղաքական հարաբերություններին, էներգետիկ անվտանգության, առևտրին, ժողովրդավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ