Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյան, իմ եւ ձեր պատկերացումները լրագրողական էթիկայի մասին տարբեր են

Մարտ 06,2019 22:15

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր՝ Մարիամ Փաշինյանի բրյուսելյան այցի մասին այս աղմուկին չէի անդրադառնա, եթե չլիներ հենց իր՝ Աննա Հակոբյանի հրապարակումը, որտեղ նա վարչապետի աշխատանքային այցը լուսաբանելու համար Բրյուսել մեկնած լրագրողներիս վրա այսպես ասած «բոչկա է գլորում»:

Վարչապետի կինը դավադրությունների տեսությամբ մի պատկեր է նկարագրում, թե Բրյուսել մեկնած լրագրողները, իրեն ու դստերը պատահաբար հանդիպելով փողոցում, շոկի են ենթարկվել, չեն հաղթահարել շոկը, լրագրողներից մեկն էլ ֆեյսբուք է մտել, Երեւանում մեկ այլ ընդդիմադիր ԶԼՄ-ում աշխատող իր գործընկերոջը գրել, թե՝ այսպիսի սենսացիոն լուր կա, ես չեմ կարող գրել, ամոթա, բայց ափսոսա, գոնե դուք գրեք:

Նախ, իրեն հարգող ոչ մի լրագրող չի զանգի մեկ այլ ԶԼՄ-ի ու նման խոսակցություն վարի, թե ես չեմ կարող գրել, ամոթ ա, դու գրի: Եթե տիկին Հակոբյանը նման կասկածներ ունի, առնվազն պիտի հասցեական խոսի, հակառակ դեպքում սա անհարգալից վերաբերմունք է Բրյուսել մեկնած բոլոր լրագրողների նկատմամբ: Այստեղ ինձ զարմացրեց նաեւ այն, որ Աննա Հակոբյանը կարծում է՝ իրեն տեսնելիս շոկահարվում են, չեն կարողանում հաղթահարել շոկը: Դա ինձ համար նորություն էր, որովհետեւ կոնկրետ ես շոկի չեմ ենթարկվել:

Հրապարակումից նաեւ հասկացա, որ լրագրողական էթիկայի մասին իմ ու իր պատկերացումները չափազանց տարբեր են։ Ես չգիտեմ իր որ սպասելիքները մենք չենք արդարացրել, որ այդպիսի բան է գրել, բայց իմ պատկերացմամբ սրճարանում նստած առաջին տիկնոջը չեն գնում «դիկտաֆոն դեմ տալիս» ու սուրճը քթից բերում՝ նրան «փուռը» տալով։ Ի վերջո, մարդու անձնական կյանքի ու ազատության իրավունքը հարգել է պետք։ Միակ բանը, որ պետք էր ճշտել այդ այցից, այն էր՝ նա բյուջեի հաշվի՞ն է գնացել, թե՞ իր, ինչը ես արել եմ ու հրապարակել։

Վարչապետի կինը կամ ինչ-որ բան շփոթում է, կամ դիտավորյալ այլ կերպ է փորձում ներկայացնել: Թե ինչպես, ինչ հանգամանքներում են լրագրողներն իրեն հանդիպել Բրյուսելում, «Առավոտի» հրապարակման մեջ արդեն նշել եմ: «Հոգուս խորքում հույս էի փայփայում, որ լրագրողներից մեկը այնուամենայնիվ կկտրի դիմացս: Մի քանի րոպե աչքերով նրան փնտրելուց հետո հույսս կտրեցի, եւ շարունակեցինք մեր ճանապարհը՝ սպասումով, որ հաջորդ օրը սենսացիոն նյութեր կկարդանք մեր այցի մասին»,- գրում է Աննա Հակոբյանը:

Իրականում տիկին Հակոբյանը սրճարանում ձեռքերով փակել էր իր դեմքն ու գլուխը, ինչից անձամբ ես ենթադրեցի, որ մարդը չի ցանկանում երեւալ, թաքնվում է, հետեւաբար սա եւս մեկ ազդակ էր, որ հարգելով նաեւ իր ազատության իրավունքը, ինչպես ինքն է գրում՝ աշխատանքային գործիքներս գրպանումս ունենալով՝ նրան չմոտեցա ու հարցախեղդ չարեցի:

Այս պատմության մեջ առավել տխրեցրեց այն, որ վարչապետի կինն իրեն թույլ է տալիս այս ոճով ներկայացնել ու ծիծաղել լրագրողների՝ իր գործընկերների վրա. «Ինչ ենք անում ես ու Մարիամը հայ լրագրողների խմբին Բրյուսելի փողոցում դեմ դիմաց դուրս գալուց հետո:

Ես – Մարիամ, վաղը հայկական լրատվամիջոցներում լուր կհայտնվի, թե ինչ ճոխ շոփինգ ենք մենք արել Բրյուսելում, թե ոնց են մեզ տեսել բրենդային խանութների տասը-տասնհինգ տոպրակ ձեռքներիս (իրականում մեր ձեռքում ունեինք միայն մեկ անձրեւանոց, որովհետեւ Բրյուսելում անձրեւում էր):

Մարիամ – Ու որ մինչեւ ատամները զինված թիկնազորն էլ մեզ ուղեկցում էր, ու ճոխ ռեստորաններ ենք գնացել…

Մի քիչ էլ զարգացրեցինք թեման, ծիծաղեցինք…»:

Ցավում եմ ձեզ համար, տիկին Հակոբյան եւ եւս մեկ անգամ կրկնում՝ իմ եւ ձեր պատկերացումները լրագրողական էթիկայի մասին չեն համընկնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Առանց “բոչկա գլորելու” էլ պարզ է, թե այսօր չորրոդ իշխանությունը ինչ ապակառուցողական դեր է կատարում Հայաստանում։ Նման “ռազբորկաների” փոխարեն, բարձրացրեք ձեր լրատվական ընկերության ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ մակարդակը։ Աննա Հակոբյանը դատարկ տեղը չէ, որ ստիպված է ինչ-որ ձևով արձագանքել լրատվական դաշտում իրենց անձնական կյանքին վերաբերող բազմաթիվ ստահոտ օպուսներին։ Հասկանալի է, որ լրատվամիջոցների համար “ոսկե դար է”, օդից “տժժացող” տեղեկատվություն բռնել և այդ լրատվական աղբը հրամցնել հանրությանը։ Լրագրողի կարգավիճակը իրեն թույլ է տալիս ներկայացնել հանրությանը իր մեկնաբանությունները և կախված նրանից, թե ինչքանով են այդ մեկնաբանությունները բարոյապես արժեքավոր, ձևավորում է հանրության վերաբերմունքը դեպի ձեզ։ Մի մոռացեք դրա մասին։

  2. Ոչ քաղաքացի says:

    Այ ՔԱՂԱՔԱՑԻ, դու կարո՞ղ է Հայաստանից չես։ Երևի տեղյակ չես ու երբեք չես կարդացել նախորդ տարիներին Հայկական ժամանակի հոդվածները, որտեղ Նիկոլն ու Աննան կեղծ լուրեր էին տարածում տարբեր մարդկանց մասին։ Կյանքը բումերանգ է։ Մի օր ձեռքդ է, մի օր էլ՝ հետևդ։ Հիմա եկել է երկրորդի ժամանակը։ Ստանում են այն, ինչին արժանի են իրենց ողջ կյանքով։ Դրանից դու շատ մի նեղվի։

  3. Քաղաքացի says:

    Նախ և առաջ, անծանոթներիn «դու»-ով չեն դիմում: Ձեր մեկնաբանությունը ևս մեկ ապացույց է, որ մեր այսօրվա լրատվական դաշտը լայնամաշտաբ էժանագին «ռազբոռկա» է, և դա այլևս փաստ է: Ես, որպես ՔԱՂԱՔԱՑԻ, իրավունք ունեմ լրատվամիջոցներից ստանալ ստուգված, առանց կամայական մեկնաբանությունների, առավել ևս, կասկածելի իսկության բամբասանքների, տեղեկատվություն: Եթե նույնիսկ Աննա Հակոբյանը անցյալում կեղծ լուրեր է տարածել, ինչը դեռ պետք է ապացուցել, ապա ինչո՞վ եք Դուք նրանից տարբերվում: Ուզում եմ պարզապես հիշեցնել, որ լրատվամիջոցը նեղ անձնական շահերի և հարաբերությունների շուրջ գզվռտոցի համար այնքան էլ հարմար տեղ չէ:

  4. Հ.Շ. says:

    կեցցէ, Տիկին Ջեբեջյան

    Տիկին Յակոբյանը վատ լրագրող չէր. սակայն, գոնէ մինչեւ հիմա, բաւականին ձախող է, իր Առաջին Տիկնոջ հեղինակութեան մէջ.

    յուսանք սակայն որ դեռ ինքզինքը կը գտնէ

    մինչ այդ սակայն, համբերութիւն՝ Ձեր նման իսկական լրագրողներուն

    պարզ է թէ տեղի չէք տալու որեւէ intimidation-ի փորձերու

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031