«ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանցիներին պետք է առաջարկի`միասին գնալ միջազգային դատարան»
1988-ի, փետրվարի 19-ը դարձավ Արցախի ազատագրական պայքարի սկիզբը`ԼՂԻՄ մարզային խորհուրդն իր ընդլայնված նիստում որոշում կայացրեց Ադրբեջանի ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու գործընթաց սկսելու մասին: Այդ նույն օրն էլ Հայաստանում, Աբովյան քաղաքից սկսվեց բնապահպանների երթը դեպի մայրաքաղաք: «ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ նման երթի մասին կենտրոնական մամուլում հրապարակում եղավ»,- 31 տարի առաջ սկսված իրադարձությունների մասին Aravot.am-ի հետ զրույցում հիշեց այդ ժամանակ Комсомолская правда-ի հայաստանյան թղթակից Արամ Սարգսյանը: Մեր զրուցակիցը, որը հետագայում դարձավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, շարունակում է իր դժգոհությունը բարձրաձայնել առ այն, որ Հայկական պետություններն այդպես էլ մինչ օրս Արցախի հարցի կարգավորման հայեցակարգ չեն ձեւավորել:
Արամ Սարգսյանը հպանցիկ անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ այժմ առաջացած հույսերին, որ հետհեղափոխական Հայաստանում հայկական կողմը կհամաձայնի ազատագրված տարածքների վերադարձի տարբերակով հարցի լուծմանը: Նա կարծում է, որ այդ հույսերն Ալիեւի մոտ առաջացրել էին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտերիմն է, նրա հետ քաղաքական ճանապարհ է անցել: Իսկ Տեր-Պետրոսյանը չի թաքցրել հարցի լուծման իր պատկերացումները: Արամ Սարգսյանը նույնիսկ հիշում է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի` իշխանությունից հեռանալիս ինչ ափսոսանքի խոսքեր էին լսվում Ադրբեջանից: Սակայն հանրության ըմբոստությունն, ըստ մեր զրուցակցի, նման սպասումները հօդս ցնդեցրեցին. «Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ հանրային տրամադրություններն այլ են եւ նա միանգամից հայտարարեց, որ նման բանակցություններ չի վարի: Եվ միանգամից ստացանք Բաքվի «համարժեք» արձագանքը`Զանգեզուրը, Երեւանը վերցնելու մասին»:
Ըստ Արամ Սարգսյանի, Արցախի հարցի լուծումը գործնականում եւ տեսականում վեց տարբերակ ունի`քաղաքական, որը այժմ փակուղում է, իրավական`որին Ադրբեջանը կտրուկ դեմ է, տնտեսական համագործակցության այնպիսի մոդել, ինչի արդյունքում ինտեգրումն այն աստիճան խորանա, որ ստիպի մոռանալ ամենը, չորրորդը`պատերազմն է, որը կործանարար է լինելու բոլորի համար, մանավանդ, որ շատ մեծ է հավանականությունը, որ այն լոկալ չի մնա, անգամ համաշխարհային պատերազմի կարող է վերածվել, հինգերորդը`«ստատուս-քվոյի» պահպանումն այնքան ժամանակ, մինչեւ բոլորը կհաշտվեն այդ իրողության հետ եւ վեցերորդ`տարածաշրջանային երկրների մի միության ստեղծում, որում էլ փորձ կարվի «խորտակել» տարածքային վեճերը: Այլ տարբերակներ`Արցախն այլ պետության միանալ եւ այլն, մեր զրուցակցի համար ընդհանրապես քննարկելի չեն:
«Ադրբեջանցիներին ներշնչեցին, որ սա ամենանվաստացուցիչ իրավիճակն է իրենց համար, որ 1994-ին առաջարկել են եւ խնդրել են հրադադար կնքել`հաշվի առնելով, որ իրենք պարտվում են: Իրենց ղեկավարների պրոպագանդայի շնորհիվ, սա դարձել է խարան, որն իրենց վրա ծանրացել է: Բայց իրենք զոհվել չեն ուզում, այդ պատճառով էլ առաջնագծում հիմնականում թալիշներին, լեզգիններին եւ մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչներին են օգտագործում եւ շարունակում են ռազմական հռետորաբանությունը: Նաեւ սուտ են հորինել Ադրբեջանի իշխանությունները, ըստ որի, ՄԱԿ-ի չորս բանաձեւերում ամրագրված է, որ հայերը պետք է ազատեն իրենց «օկուպացված» տարածքները: Նման բան չկա: Անգամ Վլադիմիր Կազիմիրովը, որը այդ հարցի ակունքներում է, բազմիցս է բացատրել` հարցն այն մասին է, որ զորքերն առանձնացնեք եւ փորձեք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Բայց մենք` հայերս, համարելով, որ մենք հաղթել ենք, ճիշտ եւ արդար ենք եւ բոլորը դա պետք է իմանան, հարցի կարգավորման հայեցակարգ չենք ներկայացրել: Չենք ներկայացրել նաեւ իրավական տեսանկյունից այն, ինչ կատարվել է: Մենք որոշել ենք, որ իրավական խնդիրն առաջ չենք բերում, քանի որ ադրբեջանական կողմը դեմ է այդ տարբերակին, անիմաստ է դրա մասին խոսել: Բայց աշխարհին մենք պետք է հասկանալի դարձնենք հարցի էությունը: Մենք բազմիցս ենք ասել` ԼՂՀ-ն ձեւավորվել է միանգամայն իրավական ճանապարհով`ԽՍՀՄ օրենքներով, միջազգային նորմերին համապատասխան: Ի դեպ, այդ նույն տարբերակով, որոշակի օրինավոր հանրապետություններ դուրս են եկել ԽՍՀՄ տարածքից: Ի՞նչ է արել Ադրբեջանը. իրավական ակտին պետք է իրավական քայլով պատասխաներ, բայց իրավական ակտին նա պատերազմով է պատասխանել: ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունն Ադրբեջանից եւ շատերին թվում է, թե դա այն խոչընդոտ է, որ մենք չենք կարողանում գնալ իրավական ճանապարհով: Հակառակը, մենք պարտավոր ենք գնալ հենց այդ ճանապարհով, քան որ ոչ մի միջազգային սուբյեկտ, այդ թվում նաեւ Ադրբեջանը, միջազգային դատական կամ այլ ատյաններում չեն վիճարկել ԼՂՀ-ի ձեւավորման անօրինականությունը»,- ասում է մեր զրուցակիցը`պնդելով, որ հայկական կողմը վերջապես քայլ պետք է անի:
Այլ մանրամասները`տեսանյութում
Մեր զրուցակիցը նկատում է`Մինսկի խմբի համանախագահներին տրված է միայն կողմերին հաշտեցնելու մանդատ`նրանց բավարարող պայմաններով: Այսպիսով, ըստ նրա, Արցախի հանրապետության կարգավիճակի մասին հարցի քննարկումը իրավաբանորեն անհիմն է, ինչի մասին անհրաժեշտ է հստակ տեղեկացնել միջնորդ պետությունների ղեկավարներին: Անհիմն է, քանի որ, եթե առկա է ինչ-որ վեճ, ապա այն դատարանում պետք է որոշվի: Նա առաջարկում է հարցի լուծման նոր տարբերակ. «ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանցիներին պետք է առաջարկի`միասին գնալ միջազգային դատարան. թող իրենք բողոքարկեն, մենք էլ պատասխանենք: Այլ կերպ՝ պատերազմն է: Այսօր ադրբեջանցիների հետ բանակցություններ վարելն անիմաստ է, քանզի նրանք խոսում են իբր իրենց տարածքները վերադարձնելու մասին, մենք էլ ասում ենք`ձեզ վերադարձնելու տարածք չունենք եւ քանի Ադրբեջանի կողմից կարգավիճակի խնդիրն ընդունված չէ, բանակցելու բան չունենք: Եթե ասում ենք`չենք քննարկում ոչ կարգավիճակը, ոչ տարածքների հարցը, այդ դեպքում ի՞նչ ենք քննարկում: Եթե քննարկում ենք տարածքների հարցը, ինչո՞ւ չենք քննարկում հայկական տարածքների հարցը, հայ փախստականների հարցը եւ այլն: Որպեսզի այս բոլոր խնդիրները լուծում ստանան`կա միջազգային դատարան»:
Մեր զրուցակիցը մտավախություններ ունի, որ Նախիջեւանն այժմ լարվածության օղակ է դառնում, ու այդ պատճառով է գտնում է, որ միջազգային հանրությանը, մասնավորաբար, ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին պետք է տանել իրենց իսկ ընդունած սկզբունքների ճանապարհով: Մի բան նա միանշանակ է համարում`նման քայլ անելով փոխելու ենք նաեւ բանակցային գործընթացի փիլիսոփայությունը: «Նոր Հայաստան եք ուզում կառուցել, փորձեք ձերբազատվել նախկին իշխանությունների վտանգավոր սկզբունքից, որ միայն մենք ենք ճիշտ, լսեք կարծիքներ եւ խորհուրդներ»,- վարչապետին եւ ԱԳ նախարարին է դիմում Արամ Սարգսյանը, թեպետ կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներից տպավորություն չի ստացել, որ իշխանությունը լսելու ցանկություն ունի:
Այլ մանրամասները`տեսանյութում
«Պատերազմ չի լինում միայն այն պատճառով, որ ՌԴ-ն չի փոխել իր վերաբերմունքը այս կոնֆլիկտի նկատմամբ»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ մենք պետք է անենք ամենը, տարածաշրջանում ուժերի բալանսը հավասարակշիռ պահելու համար: «Տարածքների վերադարձի մասին այսօր չի կարելի խոսել, քանզի որեւէ տարածքի հանձնումը դա նշանակում է, ողջ պաշտպանական համալիրի փոփոխություն, բայցի այդ, մենք պատմականորեն ապացուցել ենք այդ տարածքների իրական պատկանելիությունը: Շնորհակալ լինեն, որ Գարդմանի մասին չենք խոսում, Ուտիքի մասին չենք խոսում…»,- հավելեց նա:
Ի դեպ, «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեն մեկ ամիս առաջ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին`հանդիպելու եւ հարցի կարգավորման իրավական փաթեթն իրեն ներկայացնելու համար: Դեռ արձագանք չկա: Արամ Սարգսյանը ավելորդ չի համարում Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել` Կարեն Դեմիրճյանը 42 տարեկանում ընտրվեց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, նա արտադրության լավ մասնագետ էր, բայց չխորշեց իր պաշտոնավարման առաջին ամիսներին իր աշխատասենյակում փակվել տարբեր ոլորտների մասնագետների հետ`լսել նրանց, հարստացնել իր գիտելիքները, նաեւ իր աշխատասեղանին միշտ համաշխարհային զարգացումներին վերաբերվող գրքեր էին: Իր համոզմամբ, Հայաստանի երիտասարդ կառավարիչներին կառավարման տեսության լիկբեզ պետք է անել. «Ես դա հեգնանքով չեն ասում, դա ամոթ չէ: Այլապես կհնչեն այնպիսի մտքեր, ինչպես երեկ Լենա Նազարյանն ասաց`առաջին անգամ ընդդիմադիրները կարողացան ազատ ներկայացնել իրենց տեսակետը… (ծիծաղում է-Ն. Գ.) առաջին օրվանից ընդդիմադիր եք եղել եւ ասել ենք, լսող է պետք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ