Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ տարածքում «Առավոտի» արգելափակումը վերացվել է

Փետրվար 08,2019 16:16

Քիչ առաջ «Առավոտը» «Ռոսկոմնադզորից» ստացավ պաշտոնական գրություններ, ըստ որոնց՝ մեր ռուսերեն էջը հանվել է անհատական տվյալների խախտողների ռեեստրից:

Ճշտեցինք, որ դրանից հետո «Առավոտի» ռուսերեն կայքէջն այլեւս հասանելի է ՌԴ տարածքում:

Հիշեցնենք, որ «Առավոտը» արգելափակվել էր Ռուսաստանում «Շավարշ Քոչարյան. Ռուբեն Թաթուլյանը կարգավորում էր Սոչիի հայ համայնքի խնդիրները» հոդվածից Թաթուլյանի վերաբերյալ տվյալները հանելու «Ռոսկոմնադզորի» պահանջը չկատարելուց հետո:

Արդեն իսկ արգելափակված վիճակում եւս մի ծանուցում էինք ստացել, որով պահանջում էին հեռացնել նաեւ մեկ այլ հրապարակման մեջ Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ տվյալները: Այդ հրապարակումը վերաբերում էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակած ցանկին՝ մի խումբ անձանց և կազմակերպությունների, որոնք կապ ունեն կազմակերպված հանցավորության և օրենքով գողերի հետ: Եվ այստեղ էլ կար Ռուբեն Թաթուլյանի անունը:

Հենց առաջին արգելափակումից հետո Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը եւ «Ռոսկոմնադզորին էր դիմել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Ավելի ուշ, երբ պարզ դարձավ, որ ՌԴ տարածքում արգելափակված կայքերի թիվը մոտ մեկ տասնյակ է՝ նաեւ Հայաստանի ԱԳ նախարարությունը միջամտեց:

Երեկ «Ռոսկոմնադզորի» ղեկավարության հետ էր հանդիպել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: Եվ կարելի է ենթադրել, որ արգելափակման վերացումը ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւանք է:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728