Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանի հեղափոխությունը և Իրանահայությունը

Փետրվար 07,2019 13:24

Քառասուն տարի առաջ այս օրերին իրանաբնակ հայերի մի ստվար զանգված միացել էր Իրանի հեղափոխականների շարքերին և պահանջում էր «Փահլավի» շահական վարչակարգի տապալում և փոփոխություններ: Մոհամադ Ռոզա շահը իր իսկ նշանակած վարչապետի պահանջով մեկնել էր երկրից և Իմամ Խոմեյնին վերադարձել էր աքսորից: Նոր վարչապետը` Շափուր Բախտիարը, չէր տիրապետում իրավիճակին, իսկ զինված ուժերը քայքայման եզրին էին: Թեհրան մայրաքաղաքի մզկիթներում կյանքի էին կոչվել հեղափոխական կոմիտեներ, որոնք զորանոցներից և ոստիկանական բաժիններից առգրավված զենքերով հսկում էին փողոցների անդորրը: Իսլամական ուժերի օգնությամբ հայաբնակ թաղերում ևս ինքնապաշտպանական խմբեր էին կազմել և հերթապահություն էին կատարում:

Հասկանալի պատճառներով պայքարին նվիրված իրանահայերը հիմնականում հարում էին երկրի ձախակողմյան ուժերին, իսկ համայնքային մարմիններն իրենց հավատարմությունն էին հայտնում ուրվագծվող նոր իշխանություններին: Երիտասարդները հիմնականում հայկական կազմակերպությունների դրոշի տակ էին ողջունում և համակրում ժողովրդային շարժման և կամ ուղղակի մասնակցում էին համաիրանյան քաղաքական-հեղափոխական կառույցներին:

Համայնքի ազգային-եկեղեցական մարմինների նախաձեռնությամբ, հայկական պատվիրակություններն առաջին անգամը լինելով քահանաների գլխավորությամբ մասնակցեցին հեղափոխական ուժերի հրավիրած մեծ ցույցին, որը համընկնում էր իսլամական «Առբային» մեծ սգատոնին: Ապա իրանահայերի պատվիրակները Տեր Ահարոն ավագ քահանա Տեր-Գալուստանյանի ղեկավարությամբ Թեհրանի օդանավակայանում մասնակցեցին Իմամ Խոմեյնու դիմավորման արարողության: Հեղափոխության հաղթանակից օրեր հետո հայկական ավելի մեծ ներկայացուցչական պատվիրակություն Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տեր Արտակ արք. Մանուկյանի նախագահությամբ Ղոմ կրոնական քաղաքում հանդիպեց իսլամական հեղափոխության առաջնորդ Խոմեյնիին: Իմամը հայերին հավաստիացրեց, որ իսլամական պետությունը կատարելապես հովանավորելու է երկրում ապրող քրիստոնյաներին և նրանք ոչ մի դժվարություն չեն ունենալու:

Հայերն արդեն իսկ հեղափոխության հաղթանակի համար տվել էին մի քանի զոհ և վիրավոր. Թեհրանի «Նարմաք» թաղամասում զոհվեցին Ալվան Մելիքյանն ու Մասիս Շիրվանյանը, «Ղասր» կոչվող բանտի գրավման ժամանակ վիրավորվեցին Գուրգեն Քարամյանն ու Վարդգես Հովհաննիսյանը, իսկ հեղափոխության վերջնական հաղթանակից ժամեր առաջ ռադիո-հեռուստատեսության կենտրոնական շենքը վերցնելու պահին զոհվեց Վարդան Առաքելյանը: Վարդանի զոհվելը իրանցի հեղափոխականների կողմից լեգենդի վերածվեց, չէ որ քառորդ դար առաջ ևս շահի բռնակալության դեմ պայքարի ժամանակ հերոսաբար ընկել էր հայ կոմունիստ Վարդան Սալախյանը: Մամուլն որպես հարգանք դարձյալ հնչեցրեց իրանցի անվանի պոետ Ահմադ Շամլուի «Վարդանը չխոսեց» բանաստեղծությունը,, ակնարկելով շահական զնդանում Վարդան Սալախյանի դաժան կերպով տանջամահ լինելուն:

Երկրի նոր Սահմանադրության մշակման համար ընտրվեց «Խոբրեգան» ժողով (Սահմանադիր բանիմաների). հայերի համար հատկացված էր մեկ տեղ և համայնքի կողմից ընտրվեց դաշնակցական Հրայր Խալաթյանը: Խալաթյանն այս կարևոր ժողովում ունեցավ ձեռքբերումներ. Իրանի Սահմանադրական շարժումից ի վեր (1906 թ.) կրոնական փոքրամասնությունները միշտ չորս պատգամավոր են ունեցել Իրանի խորհրդարանում (մեկ զրադաշտական, մեկ մովսիսական, երկու քրիստոնյա): Երկու քրիստոնյաներից մեկն ընտրվում էր հայերից, իսկ մյուսը մերթ ընդ մերթ հայերից և ասորի` քաղդեականներից: Հ. Խալաթյանի ջանքերի և իսլամ հոգևորականների բարյացակամ վերաբերմունքի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ ապագա խորհրդարաններում երկրի կրոնական փոքրամասնություններին հատկացվեց հինգ տեղ. քրիստոնյաների մանդատն ավելացավ մեկով` երկու հայ և մեկ ասորի: ԻԻՀ-ի Սահմանադրության 13-րդ, 14-րդ, 15-րդ և 64-րդ հոդվածներում ակնարկ կա երկրի կրոնական փոքրամասնությունների մասին, որով երաշխավորվում է նրանց իրավունքները, պետական լեզվի կողքին մայրենի լեզվի դասավանդումը, ծիսական և ժառանգական արտոնությունները և խորհրդարանում առանձին պատգամավոր ունենալու իրավունքը: Սահմանադրությունը, որպես կրոնական փոքրամասնություն միայն զրադաշտականներին, մովսիսականներին և քրիստոնյաներին է ճանաչում: Հրայր Խալաթյանը և Հրաչ Խաչատրյանն ընտրվեցին ԻԻՀ-ի առաջին խորհրդարանի պատգամավորներ, հետո նրանց հերթաբար փոխարինեցին Վարդան Վարդանյանը, Արտավազդ Բաղումյանը, Լևոն Դավթյանը, Գևորգ Վարդանյանը և Ռոբերտ Բեգլարյանը, իսկ գործող խորհրդարանի հայ անդամներն են Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը:

Իրանահայ պետական և համայնքային գործիչները միշտ աշխատել են հայերի ներկայությունն ապահովել նաև երկրի գործադիր և դատական ուժերում, որը դեռևս շոշափելի արդյունք չի տվել: Նախորդ դարասկզբում Իրանին Եփրեմ Խան Դավթյանի, Հովհաննես Խան Մասեհյանի և Միրզա Մելքոմ Խանի նման պետական այրեր տված համայնքի անդամներն, այժմ զրկված են Իրանի պետական համակարգում աշխատելու հնարավորությունից: Այդ սահմանափակումները եղել են դեռևս «Փահլավի» դինաստիայի ժամանակ, բայց նոր թափ են ստացել ԻԻՀ-ի օրոք:

Իրանի գործող Սահմանադրությունը թեև միայն հանրապետության նախագահի համար է սահմանում շիա մուսալման լինելու պարտադրանքը (հոդված 115), բայց իսլամական պետության ղեկավարները անցնող քառասուն տարվա ընթացքում շեղվեցին իրենց հռչակած սկզբունքներից, դարձան անհանդուրժող և իրենցից վանեցին երկրի բնակչության մի ստվար զանգվածի, որը մեծ հավատքով նվիրվել էր երկրի վերաշինության գործին և փորձում էր իր լուման ներդնել ի փառս Իրանի հզորացման:

Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728