Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկմալյանի իրացման գոտու բնակիչները ներդրող են գտել, բայց քաղաքապետարանը թույլ չի տալիս այդ հասցեում շինարարություն անել

Հունվար 29,2019 14:59

Այսօր Եկմալյան հասցեի մի խումբ բնակիչներ քաղաքապետարանի առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ քաղաքային իշխանություններից պահանջելով ընդունելություն: Բանն այն է, որ արդեն 12-13 տարի, հանուն գերակա շահի բնակարանները կորցրած եւ դրսում մնացած բնակիչների համար ներդրող է հայտնվել, որը պատրաստակամ է նրանց իրացված բնակարանների տարածքում նոր շենք կառուցել եւ բնակիչներին տեղում բնակարաններ հատկացնել, սակայն քաղաքապետարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ այդ տարածքում շենքերը շատ խիտ են եւ եւս մեկ շենք կառուցելը նպատակահարմար չէ:

Այս պատասխանից Եկմալյանի 4-16 շենքերի բնակիչները խիստ վրդովված են եւ պահանջում են վերանայել որոշումը:

Եկմալյանի բնակիչներին քաղաքապետարանում, որտեղ այսօր Երեւանի ավագանու նիստ է տեղի ունենում, ընդունեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամները՝ խոստանալով հարցն ուսումնասիրել ու փոխանցել քաղաքապետ Հայկ Մարությանին: ԲՀԿ ավագանու որոշ անդամներ մեկ առ մեկ նայեցին եկմալյանցիների փաստաթղթերը, հետաքրքրվեցին՝ ով է նոր կառուցապատողը եւ ինչ է պատասխանել գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, որն արդեն հանդիպել է այս հասցեի իրացման գոտու բնակիչներին:

Եկմալյանի բնակիչ Անի Խուդավերդյանը պատմեց, որ արդեն 12-13 տարի 25 ընտանիք վարձով է բնակվում, նաեւ բարեկամների տներում եւ որեւէ մի կառույց այս տարիների ընթացքում չի հետաքրքրվել, թե հանուն գերակա շահի բնակարանները կորցրած այդ ընտանիքներն ինչպես եւ ուր են ապրում: Նրա խոսքով, 13 տարի առաջ ՀՀ կառավարության երաշխավորությամբ Եկմալյան 8, 12, 14 եւ եւս մի քանի տասնյակ հասցեների սեփականատերերի տներն իրացվել են` հանուն պետության կարիքների` պայմանով, որ նույն տարածքում կառուցվող բազմահարկ շենքում նրանց ապահովելու են բնակարաններով: Մինչ օրս այս ընտանիքները ոչ միայն տան տեր այդպես էլ չեն դարձել, այլ` բարոյական ու ֆինանսական վնասներ են կրում: Բնակիչներից ոմանք էլ չհաշտվելով անտուն մնալու մտքին` սրտի կաթվածից մահացել են:

Եկմալյանի բնակիչների բնակարաններն իրացրել է կառուցապատող Գագիկ Պապոյանը, որը սակայն խարդախության մեղադրանքով ներկայումս դատապարտված է: Գագիկ Պապոյանը ոչ միայն ավարտին չի հասցրել շենքի շինարարությունն, այլեւ դեռեւս չկառուցված բնակարանները մի քանի հոգու վաճառել է. այսինքն` նույն բնակարանը կրկնակի, եռակի վաճառել է, այդ թվում եւ պաշտոնյաների: Որոնք էլ իրենց կապերով հետագայում այդ խնդիրները լուծել են եւ հենց իրենք էլ դարձել բնակարանների տերերը` դուրս թողնելով նախնական պայմանագրեր կնքած տարածքի տերերին:

Անի Խուդավերդյանի բնակարանի պայմանագիրը վեց հոգու է վաճառվել: Տիկին Խուդավերդյանի խոսքով, հեղափոխության հետ մեծ հույսեր են կապել, օրերով տուն չեն գնացել, սակայն արդեն երեք ամիս է՝ դիմում են քաղաքապետին, բայց որեւէ հստակ պատասխան չեն ստանում:

Բնակիչները ոչ միայն բնակարաններն են պահանջում, այլեւ՝ 13 տարվա բնակվարձերը, որոնք պետք է վճարեր կառուցապատողը, սակայն դա էլ չի արել եւ մարդիկ իրենց գրպանից են վարձի գումարները վճարել:

«25 ընտանիք փողոցներում են, դա մեր մեղքը չէ, որ այդտեղ շենքերը մոտ են, նախկին իշխանությունների կատարած աշխատանքի արդյունքում են, որ շենքերը մոտ են իրար: Այլ լուծում էլ չեն առաջարկել, ասում են՝ գնացեք սպասեք: Եկել է, որ հարցը պետք է լուծվի, օրենքի դաշտ են խաղում, բայց ժողովրդի հարց է լուծվում»,-ասաց Անի Խուդավերդյանը: Նրա խոսքով՝ չեն համաձայնի, եթե այդ կառուցապատողին ծայրամասում հողատարածք առաջարկեն. «Ես 15 տարի սպասեմ, իմ իրավունքներն այս տարիների ընթացքում ոտնահարվել են, կենտրոնի բնակիչ եմ, չեմ կարող գնալ ծայրամասում ապրել: 2006 թվականից ո՜չ բնակվարձ են վճարում ո՜չ հետաքրքրվում են այս մարդկանց ճակատագրով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031