Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ին պարտադրված հիբրիդային պատերազմը եւ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերությունների անորոշությունները

Հունվար 22,2019 23:02

«Առավոտի» զրուցակիցն է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի քարտուղար Արա Գասպարյանը

– 1994 թվականի զինադադարից ի վեր Արցախյան հակամարտությունը թևակոխեց ցածր ինտենսիվության փուլ, այսպես է բնութագրվում տարեկան 1000-ից պակաս զոհ ունեցող հակամարտությունների դեպքում: Արդեն 2014 թվականից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը հայկական պետականության դեմ բարոյալքման և մաշեցման քաղաքականություն է որդեգրել:

– Իրավացի եք, իրավիճակի Ձեր նկարագրությունը որակվում է որպես հիբրիդային պատերազմ: Այն միասնական ռազմավարության շրջանակում տարբեր համադրություններով քաղաքական, ռազմական, տնտեսական և տեղեկատվական քայքայիչ և հյուծիչ միջոցների կիրառումն է:

Հարկ է նշել, որ հակառակորդի թիրախում առաջին հերթին հայկական պետականությունն ու հասարակությունն են, իսկ բուն ռազմական գործողությունները ընդհանուր պատերազմի մի մասն են կազմում:

Ադրբեջանի ակնկալիքով քաղաքական միջոցների կիրառումը՝ մասնավորապես ռուս-ադրբեջանական տարատեսակ կապերի խորացումը, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում ՀՀ գործընկերների հետ մերձեցումները և դրանց հակահայկական հետհարվածները, եվրոպական մի շարք երկրների հետ էներգակիրների արտահանման հարցերում ընդհանուր շահերի ձևակերպումն ու «խավիարային դիվանագիտությունը», ԱՄՆ քաղաքական ընտրախավի հետ լոբբինգային աշխատանքը, կարող է հանգեցնել ՀՀ միջազգային դիրքերի և կապերի թուլացման, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, միջազգային ասպարեզում առանցքային պահին ՀՀ սատարման թուլացման, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ Հայաստանի համար փակուղային վիճակի հաստատման:

Ադրբեջանի ակնկալմամբ տնտեսական միջոցների կիրառումը, մասնավորապես Հայաստանի շրջափակումը և տարածաշրջանային տնտեսական գործընթացներից մեկուսացումը, հանգեցնում է տնտեսական ցուցիչների վատթարացման, սոցիալական բևեռացման և քաղաքական իշխանության խոցելիության աստիճանի բարձրացման:

Ռազմական միջոցների կիրառումը, դիվերսիոն բնույթի ռազմական գործողությունները կամ «դիվերսիոն պատերազմը», առաջնագծում լարվածության և մարտական կորուստների ավելացումը՝ըստ Ադրբեջանի, մեզանում կարող են հանգեցնել սպայի մասնագիտության ռիսկայնության բարձրացմանը, ռազմակրթական հաստատություններ դիմորդների քանակի նվազեցմանը (դիմորդների փոքր ընտրանքը հանգեցնում է սպաների հաջորդ սերունդների մասնագիտական որակների անկմանը), խոչընդոտում է զինված ուժերը սպաներով և պայմանագրային զինծառայողներով համալրմանը, ավելացնում է զինված ուժերում կադրերի հոսունությունը, նպաստում է նախազորակոչային տարիքի տղաների արտագաղթին, սրում է զինված ուժերում միջանձնային կոնֆլիկտները (հանցագործությունների և ոչ մարտական կորուստների թվի ավելացում), խաթարում է հասարակության ներսում բանակի նկատմամբ վստահությունը ու զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքը, հնարավորություն է տալիս երկրի ներսում «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներին կեղծ պացիֆիստական գաղափարներով պետությանը և հասարակությանը շանտաժի ենթարկելու (Առաջին հանրապետությունում հայ բոլշևիկների գործունեությունը), իսկ կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ ազգ-բանակ գաղափարը և զինվորականությանը վարկաբեկելու:

Սպառազինությունների համաչափ (սիմետրիկ) մրցավազքի մեջ ներքաշումը, Ադրբեջանի ակնկալիքով, կհանգեցնի հայկական կողմի սահմանափակ ռեսուրսների արագ սպառման, սպառազինությունների մատակարարներից կախվածության ավելացման:

Ադրբեջանի կողմից տեղեկատվական միջոցների կիրառումը նպատակաուղղված է հայկական հասարակության ներսում «հզոր Ադրբեջան» միֆի ձևավորմանը և հայության մեջ վախի սերմանմանը (22 միլիարդ դոլարի գնած զենք, բանակի օրեցօր ուժեղացում, Հայաստանից մի քանի անգամ ավել համախառն ներքին արդյունք, հսկայական նավթագազային հարստություններ, արագ զարգացող տնտեսություն, ամուր պետականություն, անքակտելի թուրք-ադրբեջանական դաշինք, տարածաշրջանային դերակատար, որի հետ հաշվի են նստում հզորները և այլն), որը երբեք չի համակերպվի Արցախի կորստի հետ և ի վերջո հարցը լուծելու է պատերազմի միջոցով: Դրա վառ օրինակն էլ ապրիլյան պատերազմն էր, որի արդյունքում Ադրբեջանն ունեցավ տարածքային ձեռքբերումներ (սակայն, իրականում նույնիսկ օպերատիվ և տակտիկական նոր լուծումներով ու լավ մարզված հատուկ նշանակության ուժերի միջոցով մեր պաշտպանությունում ճեղքեր բացելու և դրանցով հիմնական ուժերի հետագա բացազատում իրականացնելու նպատակով Ադրբեջանի փորձերը՝մեր Զինված ուժերի առաջնագիծը կատարելապես տապալեց):

Ադրբեջանի տեղեկատվական հնարքներից է նաև Հայաստանի կողմից տարածքների հանձնման հարցում աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ իբր համաձայնության առկայությունը: Թերևս այդ կենտրոնների հռետորաբանությունն առաջին հայացքից նման է, (կարող են հանդես են գալ տարածքային զիջումների մասին հայտարարություններով), սակայն իրավիճակի հանգուցալուծման այդ կենտրոնների նպատակները փոխբացառող են` դրանից բխող բոլոր հետևանքներով և հնարավորություններով:

– Փաստորեն, Ադրբեջանի կողմից հիբրիդային պատերազմի վերոնշյալ միջոցների հաջող կիրառման դեպքում, հայկական հասարակությունը և պետությունն աստիճանաբար կարող է կորցնել դիմակայելու ընդունակությունն ու հայտնվել ռազմաքաղաքական փակուղում:

– Այո,Ադրբեջանի նպատակները ճիշտ եք արձանագրում և դրանք հաշվի առնելով՝ մենք պետք է քաղաքական, ռազմական, տեղեկատվական և տնտեսական ոլորտներում իրականացնենք առավել ակտիվ ու նպատակաուղղված համալիր հակաքայլեր և նախաձեռնություններ, որոնք հարկ է ուղղորդել ու համակարգել հիբրիդային պատերազմի վարման համապատասխան ռազմավարությամբ: Մասնավորապես, քաղաքական ոլորտում անհրաժեշտ է խթանել Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը` համածիրի մեջ ընդգրկելով հնարավորինս ավելի շատ խաղացողներ: Այնինչ, մենք այսօր գտնվում ենք աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում անորոշությունների ավելացման փուլում: Կարևոր է իրականացնել Հայաստանի ներսում արմատական վերափոխումներ, որոնք կհանգեցնեն երկրում օրենքի գերակայության ամրապնդմանը և հայության շրջանում երկրի հեղինակության բարձրացմանը: Թավշյա հեղափոխությունը լավ հնարավորություն է ստեղծել դրանք իրականացնելու համար, սակայն մինչ այժմ օրենսդրական, հաստատութենական, կադրային փոփոխությունները դեռ սպասված արդյունքի չեն հանգեցրել և չի նշմարվում դրանց գործիքակազմը: Պետք է կատարել ասիմետրիկ քաղաքական-դիվանագիտական աշխատանք Ադրբեջանի հիմնական դաշնակիցների տարածաշրջանային քաղաքական մրցակիցների հետ:

– Իսկ ի՞նչ քայլեր պետք է իրականացնել ռազմական ոլորտում։

Ռազմական ոլորտում անհրաժեշտ է լուծել մի շարք համալիր խնդիրներ։ Մասնավորապես, առաջնագիծը կահավորել մեծ խորությամբ հետախուզություն իրականացնող համակարգերով և ընթացիկ դիտարկման միջոցներով,կառուցել պաշտպանված կրակակետեր և ամրացնել առաջնագիծը առավել վտանգավոր հատվածներում: Պետք է իրականացնել զինված ուժերում հիմնական ռազմա-տեխնիկական միջոցների խորը արդիականացում՝ներառյալ նաև դինամիկ և ակտիվ պաշտպանության համակարգերի ներդրման միջոցով: Օդում հակառակորդի գերակայությունն անհրաժեշտ է չեզոքացնել ժամանակակից կործանիչ ավիացիայի և ԱԹՍ-ների պարկի ուժեղացման և մարտավարական նշանակության հակաօդային ժամանակից միջոցների ընդարձակման միջոցով:

Կարևոր է զորավարժությունների և մարզումների հաճախակիության ավելացման միջոցով հետևազորի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը,  հրետանային հետախուզության միջոցների զարգացումը և հակատանկային, հակաօդային և հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտական կարողությունների և թվաքանակի ավելացումը:

Կարճաժամկետ հեռանկարում պետք է ձեռք բերել տեխնոլոգիական սպառազինությունների առավել կարևոր տեսակներ, բայց նաև բարձրացնել հայրենական ռազմական արդյունաբերության կարողությունները՝ նախապատվությունը տալով տեղական ռազմարդյունաբերության միջոցով բարձր տեխնոլոգիական խնդիրների լուծմանը:

Պահեստազորի համակարգի արդիականացումը և զորակոչի արդյունավետության բարձրացումը, ռազմական կրթության վերափոխումներն առավել քան կարևոր են։

Անհրաժեշտ է բարելավել սպաների, ենթասպաների և պայմանագրային զինծառայողների նյութական պայմանները:

Տարատեսակ պատրվակներով իրականացվող հակաբանակային քարոզչությունը պետք է ստանա խիստ հակազդեցություն:

– Հիբրիդային պատերազմի կարևոր բաղադրիչներից է տեղեկատվական պայքարը կամ պատերազմը, որի թիրախը նաև հակառակորդի քաղաքացիական բնակչությունն է։ Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ այդ ուղղությամբ։

– Տեղեկատվական ոլորտում անհրաժեշտ է նախ կտրուկ հակազդել Հայաստանում «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչների տարատեսակ քարոզչությանը, ապամիֆականացնել«Հզոր Ադրբեջանի» մասին հաճախ շրջանառվող պատկերը և սոցիալական ցանցերի միջոցով ադրբեջաներեն «անաչառ» տեղեկատվության տրամադրել։

Ազգային անվտանգության հարցերի և առաջնագծի իրավիճակի շուրջ կարևոր է հասարակությանը հավասարակշիռ տեղեկատվության տրամադրումն ու հակառակորդի կողմից կիրառվող տեղեկատվական պատերազմի միջոցների վերաբերյալ իրազեկումը։ Դրանք հնարավորություն կտան բարձրացնել Ադրբեջանի վտանգավոր և քայքայիչ քարոզչական հնարքներին (այդ թվում նաև տարբեր  միջազգային հարթակներում) հայկական հասարակության դիմակայելու ունակությունները:

Եվ, ի վերջո, Հայաստանում խիստ օրակարգային է տնտեսական վերափոխումների արմատական փաթեթի ներդրումը՝ նպատակ ունենալով 10 տարում կրկնապատկել ազգային համախառն արժեքը: Մինչդեռ նոր կառավարության կողմից տնտեսական տեսլականի և իրական վերափոխումների քաղաքականության բացակայության պայմաններում տնտեսական ցուցիչների անկման ականատեսն ենք դառնում:

Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031