Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյան. ԵՊՀ-ում աշխատելը դարձնել պատիվ` դասախոսի համար

Հունվար 22,2019 18:44

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը վերաբերում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններին:

Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.8 կետի՝ նիստը սկզբում նախագահեց խորհրդի ամենատարեց անդամը՝ Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը, իսկ քարտուղարն ամենաերիտասարդ անդամն էր՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ռոզա Խաչատրյանը:

Հոգաբարձուների խորհրդի կողմից նիստի օրակարգը հաստատելուց հետո ԱԺ պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց Գևորգ Մուրադյանի թեկնածությունը՝ նշելով, որ նրա առաջադրումը վկայում է այն մասին, որ չկան հներ և նորեր:

«Մենք շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Համոզված ենք, որ Գևորգ Մուրադյանի գիտական և կազմակերպչական փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին՝ բարեփոխումների ճանապարհով անցնելու համար»,- նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Գևորգ Մուրադյանը: Վերջինս ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատել է ԵՊՀ-ում՝ որպես գիտաշխատող: Մասնակցել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի, Հումբոլդի մրցանակակիր է:

Գևորգ Մուրադյանն իր ելույթում ասաց, որ առաջնային նպատակը պետք է լինի այն, որ ճիշտ գնահատվեն համալսարանի խնդիրների առաջնահերթությունները, իրական հնարավորությունները և լուծումների ճանապարհը:

Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Այնուհետև օրակարգային երկրորդ հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջադրեց ԵՊՀ ասպիրանտ Ամալյա Սողոմոնյանի թեկնածությունը: Ամալյա Սողոմոնյանն իր ելույթում ասաց, որ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, այժմ աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ որպես դասախոս:

Հովհաննես Հովհաննիսյանն առաջադրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ Արթուր Իսրայելյանի թեկնածությունը՝ փաստելով, որ նրա անցած ճանապարհը և գործունեությունը նշանակալի են. «Հատկապես մեծ է նրա ներդրումը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Գիտենք, որ նա ստեղծել ու ղեկավարում է ԵՊՀ չինական մշակույթի և չինարենի կենտրոնը»:

Արթուր Իսրայելյանը, իր ելույթում ներկայացնելով անցած ճանապարհը և գործունեությունը, ասաց, որ պատրաստ է իր ուժերի ներածին չափով նպաստել համալսարանի զարգացմանը. «Այս տարի լրացավ համալսարանում իմ գործունեության 10 տարին»:

Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը (Արթուր Իսրայելյան՝ 16 կողմ, Ամալյա Սողոմոնյան՝ 14 կողմ):

Օրակարգային երրորդ հարցի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրեց 2017-2018 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և Հոգաբարձուների խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2017-2018 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը:

Արամ Սիմոնյանն անդրադարձավ բուհի կրթական, գիտահետազոտական, միջազգային համագործակցության, ուսանողական, սոցիալական և այլ ոլորտներում իրականացված աշխատանքներին՝ հակիրճ տվյալներ ներկայացնելով 2017-2018 ուստարում իրագործված ծրագրերի և գրանցված արդյունքների վերաբերյալ:

«2017-2018 ուսումնական տարում համալսարանի գործունեությունը բոլոր բնագավառներում իրականացվել է ԵՊՀ 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրին (ՌԾ) համապատասխան: Ըստ ժամանակացույց-պլանի՝ ՌԾ-ով նախատեսված բոլոր 9 նպատակների իրագործմանը միտված խնդիրների ուղղությամբ կատարվել են որոշակի աշխատանքներ»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Ռեկտորն իր ելույթում դիմեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին, որ նրանք դեմ արտահայտվեն գիտության բազային ֆինանսավորումը մրցութային դարձնելու նախագծին:

«Ուզում եմ ասել, որ նմանօրինակ առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում ԵՊՀ-ն ամսական կկորցնի 50 մլն դրամ, իսկ մեր բազային ֆինանսավորման մեջ ընդգրկված մոտ 400 աշխատողներից առնվազն կեսը կդառնա գործազուրկ, որովհետև դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ-ն նախկին տեմպերով կկարողանա այդ մրցույթներում հաղթել մյուս մրցակիցներին բազային ֆինանսավորման ոլորտում: Սա շատ ծանր հետևանք կարող է ունենալ մեր գիտության զարգացման համար»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Տվյալների ներկայացումից հետո ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռ. Կարապետյանը, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բարձրաձայնած հարցերից երկուսին, այն է ՝ ԵՊՀ կազմում ավագ դպրոցի ու քոլեջի բացակայությանը և Հայաստանում ամերիկյան, սլավոնական, ֆրանսիական համալսարանների և Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի հետ բակալավրիատի ընդունելության անհավասար պայմաններին, հարցրեց, թե որո՞նք են այդ անհավասար պայմանները, ինչին ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ ԵՊՀ-ում խիստ սահմանափակ է դրված ընդունելության ժամկետը, այնինչ կան բուհեր, որոնք ընդունելության տարբեր ժամկետներ ունեն:

Ռեկտորի ելույթից հետո Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձավ հենակետային ավագ դպրոցների կամ քոլեջների հարցին՝ նշելով, որ հնարավոր է տարբերակներ քննարկել և  հետագայում կցել ԵՊՀ-ին: Բազային ֆինանսավորման հետ կապված՝ Հ. Հովհաննիսյանը փաստեց, որ լավ կլինի կազմել ՀՀ վարչապետին ուղղված նամակ և բարձրաձայնել այդ հարցը. «Ես կփորձեմ այդ հարցը բարձրացնել նաև Ազգային ժողովում և հնարավոր լուծումներ գտնել»:

ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանն էլ անդրադարձավ ԵՊՀ իմիջի բարձրացման խնդրին. «Օրինակ՝ հրավիրելով ԵՊՀ լավագույն դասախոսներին իրենց մոտ աշխատելու՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը ձևավորում է բարձրակարգ իմիջ: Պետք է այստեղ էլ աշխատանքներ տարվեն»: ԵՊՀ ռեկտորը, ի պատասխան այդ հարցի, նշեց, որ իմիջի ստեղծման համար պետք է ունենալ ֆինանսական հնարավորություններ, որոնք ունի հենց Հայաստանի ամերիկյան համալսարանը: Բացի դրանից՝ ՀԱՀ-ը ստանում է բարեգործական գումարներ»:

Գևորգ Մուրադյանն անդրադարձավ «Moodle» ծրագրով վերապատրաստված դասախոսների քանակին՝ ճշտելով, թե ինչ սկզբունքով է ընտրվել դասախոսների քանակը, և թե ինչ սկզբունք է գործելու ապագայում: ԵՊՀ ռեկտորն ասաց, որ վերապատրաստված դասախոսներն ընտրվել են մրցութային կարգով, իսկ ապագայում ոչ մի սահմանափակում չի լինելու:

Նիստին ելույթ ունեցավ  ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Գևորգ Հաջյանը՝ փաստելով, որ ահռելի աշխատանք է իրականացվել, և որ ռեկտորի հաշվետվությունը պետք է բավարար գնահատել. «Պետք է ուրվագծել նաև ապագան: Պետք է նշեմ, որ ֆինանսական խնդիրները շատ են խանգարում կրթական ծրագրերի բարելավմանը: Դրանցից է, օրինակ, ժամաքանակի կրճատումը: Ես հասկանում եմ, որ դա բխում է ֆինանսական նեղ պայմաններից։ Եթե համալսարանն ունենար տասնապատիկ ավելի միջոցներ, ապա ավելի շատ ժամեր կտրամադրեր։ Ես չեմ կասկածում։ Իմ խոսքն ուղղված է ներկաներին: Այստեղ նստած են պետական այրեր, որոնք պետք է օգնեն ավելացնել համալսարանի պետական ֆինանսավորումը։ Հանրապետության գիտական աշխատանքների մեկ երրորդը տալիս է համալսարանը։ Մի՞թե համալսարանի ֆինանսավորումը մեծացնելն անհրաժեշտություն չէ»:

Ելույթով հանդես եկավ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, որը նշեց, որ գիտակրթական գործունեության մասին ռեկտորի հաշվետվությունն իրատեսական էր, քանի որ դրա ընթացքում ներկայացվեցին ոչ միայն ձեռքբերումները, այլև բացթողումները. «Իրականացվում են բարեփոխումների ծրագրեր, որոնցից է ծրագրում ներառված մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգը, որը համալսարանում գործում է 2017-2018 ուստարվանից: Ուսանողն ինքն է ընտրում, թե ցանկանում է ստանալ միայն իր մասնագիտական որակավորումը, թե ավելացնելով 30 կրեդիտ՝ ստանալ նաև մանկավարժի որակավորում»:

Խոսելով բուհում հենակետային վարժարանների, քոլեջների կամ ավագ դպրոցների ստեղծման անհրաժեշտության մասին՝ Նազիկ Հարությունյանը նշեց, որ շարունակական կրթության արդյունավետությունն ապահովելու համար պետք է սերտացնել բուհ-դպրոց համագործակցությունը և կապը: Իսկ դրա իրականացման կարևոր ձևերից մեկը բուհում հենակետային վարժարաններ, քոլեջներ կամ ավագ դպրոցներ բացելն է:

Ելույթի վերջում դիմելով Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանին՝ Մանկավարժության ամբիոնի վարիչը հույս հայտնեց, որ ԵՊՀ-ին նույնպես հենակետային վարժարան, քոլեջ կամ ավագ դպրոց ունենալու հնարավորություն կընձեռվի:

ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար Սամվել Շուքուրյանն իր ելույթում կարևորեց համալսարանում տարբեր հետազոտությունների մեջ նորարարությունների կիրառությունը, հետազոտական ծրագրերի զարգացումը:

Պարոն Շուքուրյանի խոսքով, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաները բավարար տեմպով չեն զարգանում, ուստի այդ խնդրին լուծում տալու համար նա առաջարկում է համալսարանում ներմուծել ինտերնատուրայի գաղափարը և համագործակցել բոլոր այն ընկերությունների հետ, որոնք իրականացնում են նորարարական հետազոտություններ:

Ռուբեն Հարությունյանը նույնպես դրական գնահատեց հաշվետվությունը: Անդրադառնալով բազային ֆինանսավորմանը՝ Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչը նշեց, որ հարցը միայն մրցութային և ոչ մրցութային չէ. «Նույնիսկ եթե մենք հիմա ունենանք տենդերով բազային ֆինանսավորում, այն կտևի 3 ամիս, ինչը նշանակում է, որ մարդիկ աշխատավարձ չեն ստանալու: Իմ առաջարկը հետևյալն է. այն անդամները, որոնք կարող են դիմել կառավարությանը, պետք է ամեն ինչ անեն գործընթացն արագացնելու համար»:

Անդրադառնալով գիտական ոլորտում առկա աշխատողների քանակին՝ վերջինս նշեց, որ այս ոլորտում «ձրիակերներ» շատ քիչ կան. «Հենց Կենսաբանության ֆակուլտետի օրինակով կարող եմ ասել, որ մեր ֆակուլտետը 74 միլիոն դրամ է ստանում՝ որպես աշխատավարձ և ըստ անցած տարվա տվյալների՝ 170 միլիոն դրամ՝ դրամաշնորհ, այսինքն՝ երկու անգամ ավելի շատ: Երիտասարդները կազմում են մեր անձնակազմի կեսը, բավականին ակտիվ հրատարակվում են գիտական հոդվածներ»:

Ռուբեն Հարությունյանն առանձնահատուկ կարևորեց ԳԱԱ-ի հետ համագործակցությունը և նշեց, որ այն բոլորովին նոր հնարավորություններ կբացի հետագա առաջընթացի համար: «Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչպիսի ներուժ ունենք մենք: Հարցն ավելորդ անգամ պետք չէ ծանրաբեռնել, պարզապես պետք է արդյունավետ համագործակցել կառավարության հետ»,- եզրափակելով իր ելույթը՝ փաստեց ամբիոնի վարիչը:

Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց 2017-2018 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականը և 2017-2018 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը գնահատեց բավարար:

Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ռեկտորը հաղորդեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2018 թ. (հունվար-նոյեմբեր ամիսներ) եկամուտների և ծախսերի կատարողականը:

Ըստ այդ կատարողականի՝ 2018 թվականի տասնմեկ ամսվա ընթացքում ԵՊՀ եկամուտների և ծախսերի ու նախահաշվի մուտքերը կազմել են 8,681,603.6 հազար դրամ, ինչը կազմում է տարեկան նախահաշվի 92.6 տոկոսը: Ծախսերը կազմել են 7,817,053.7 հազար դրամ, որը տարեկան նախահաշվի 82.5 տոկոսն է:

Արամ Սիմոնյանն անդրադարձավ նաև 2019 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշվին՝ ասելով, որ բյուջեն դեֆիցիտային է. «Երևանի պետական համալսարանի 2019 թվականի դրամական հոսքերը կազմելու են եկամուտների գծով՝ 9,117,000.0 հազար դրամ, ծախսերի գծով՝ 9,789,000.0 հազար դրամ»:

Գևորգ Մուրադյանը հետաքրքրվեց, թե օրինակ հետազոտություն արվո՞ւմ է, թե ինչու է Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազան, որը պետք է շահույթով գործի, բացասական արդյունքով է աշխատում, հարցին ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ այն ուսումնաարտադրական բազա է, այլ ոչ թե հանգստյան տուն:

«ԵՊՀ ուսանողներն այնտեղ գնում են պրակտիկաների, անցկացնում տարաբնույթ միջոցառումներ համալսարանի հաշվին: Հաշվետվության մեջ հաշվարկված չէ ամանորյա հանգստյան օրերին ստացված շահույթը, որը կծածկի առկա բացը: Պետք է փաստենք, որ մենք չենք կարող այն ամբողջովին կոմերցիոն դարձնել, քանի որ ի սկզբանե այն կառուցվել է որպես ուսումնաարտադրական բազա: Գիտենք, որ շրջակայքում կան ավելի հարմար պայմաններ ունեցող օբյեկտներ: Անշուշտ, պետք են կադրային փոփոխություններ, որոնցից բացի՝ պետք են նաև ֆինանսական ներդրումներ»:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը հետաքրքրվեց նաև կոմունալ վճարումների վերաբերյալ ներկայացված թվերով՝ ասելով, որ դրանք, տարածքի համեմատ, ավելի շատ են ներկայացված: Ռեկտորը պարզաբանեց, որ դրա մեջ մտնում են նաև համալսարանի ուսումնաարտադրական բազաների կոմունալ ծախսերը:

Իսկ հարցին, թե ինչպես է լուծվելու դեֆիցիտի խնդիրը, ԵՊՀ ռեկտորն ասաց, որ որպես լրացման աղբյուր 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված ԵՊՀ դրամական միջոցների մնացորդն է:

«Բացի դրանից՝ մենք վատատեսական ենք ներկայացրել 2019 թվականին սպասվող  ընդունելության տվյալները: Ուրիշ լուծում էլ ունենք. կկրճատենք մեր ծախսերը»:

Քննարկումներից և հնչած առաջարկություններից հետո Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ հաստատեց 2019 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

Օրակարգային հաջորդ երկու հարցերը վերաբերում էին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումներին: ԵՊՀ ռեկտորը նշեց, որ հիմնական կառուցվածքը մնացել է նույնը, բայց տարվա ընթացքում ֆակուլտետային գիտխորհուրդները ստորաբաժանումային փոփոխությունների որոշումներ են ընդունել, որոնք էլ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ներկայացվում են Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը:

Խորհրդի անդամները միաձայն հաստատեցին ԵՊՀ-ի 2019 թվականի կառուցվածքը և հաստիքացուցակները:

Ընթացիկ հարցերի շրջանակում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2018 թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության հարցը, որի ժամանակ Արամ Սիմոնյանն ասաց, որ այսօր այդ հարցը ժամանակավրեպ է, քանի որ արտաքին աուդիտը ենթարկվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքին. «Այսինքն՝ Հոգաբարձուների խորհուրդն այստեղ շատ անելիք չունի, որովհետև 2018 թվականի ապրիլից հարցը կարգավորվում է օրենքով»:

Ընթացիկ հարցերի շրջանակում քննարկվեց նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի անհատույց օգտագործմանը հանձնված գույքի՝ մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման մրցույթի կազմակերպման կարգի հարցը, որի ժամանակ ևս Արամ Սիմոնյանը պարզաբանեց, որ ՀՀ ԿԳՆ-ից ստացվել է նամակ, որով առաջարկվել է մշակել կարգ և այն ներկայացնել Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը. «Կարգը մշակվել և հաստատվել է, բայց կլինեն խնդիրներ, որոնք կծագեն «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո: Այժմ առաջարկում եմ ժամանակավոր ընդունել կարգը, մինչև ԵՊՀ գիտխորհուրդը մանրամասն կքննարկի և լուծումներ կառաջարկի այդ խնդիրների վերաբերյալ»:

Ի դեպ, նիստի ընդմիջման ժամանակ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Գևորգ Մուրադյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով իր գլխավոր անելիքների մասին՝ պրն. Մուրադյանը նշել է, որ իր նպատակն է ԵՊՀ-ն դարձնել ավելի ուժեղ` ուսանողի համար, ԵՊՀ-ն դարձնել գիտահետազոտական համալսարան` գիտնականի համար, ԵՊՀ-ում աշխատելը դարձնել պատիվ` դասախոսի համար:

Քնար Միսակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031