Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուզում եմ արդար լինել». զոհված ոստիկանի մասին ուշագրավ դրվագ պատմեց ՊՊԾ գունդը գրավածներից մեկը

Հունվար 16,2019 13:40

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր հրապարակվեց գործից անջատված մասով մեղադրյալ Կարեն Հակոբյանի (ինքնակամ լքել է գնդի տարածքը) նախաքննական ցուցմունքը, որից Հակոբյանը դատարանում հրաժարվեց: Թե որն է պատճառը, նա հայտարարեց, որ այդ ցուցմունքն իրենից կորզել են, եւ ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը: «Ինձ գողացել են դրսից, խնդրել եմ պաշտպան ունենալ, չեն թույլատրել: Չեն թողել անգամ զանգեմ ընտանիքիս ու ասեմ, որ ինձ տարել են: Մոտ յոթ ժամ մեկուսացված եմ եղել: Առաջին անգամ էի զինված «մասկեքով» մարդկանց տեսնում: Մեքենայով կտրեցին դիմացս, կարելի է ասել՝ ելան վրաս, հետո ձերբակալեցին ու տարան: Մի խոսքով, ասել եմ այն, ինչ նրանց դուրը կգար»,-հայտարարեց Կարեն Հակոբյանը:

Ապա նշեց, որ ՊՊԾ գնդում զոհված ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի մասին ասվածը չի համապատասխանում իրականությանը: Նա, մասնավորապես ասել էր. «Վիրավոր Գագիկ Մկրտչյանը զինված խմբի անդամներից Արմեն Բիլյանին ասել է՝ ինչո՞ւ կրակեցիք իմ վրա…»: Հիշեցնենք, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է խմբի անդամներից Արմեն Բիլյանը: «Ես նման բան չեմ ասել: Միայն ասել եմ, որ Գագիկ Մկրտչյանն անհասցե հարցադրում է արել: Ես ուզում եմ արդար լինել: Ես նրան տեսել եմ ձեռքից վիրավորված, մինչդեռ հետո իրավապահներն ասացին, որ երիկամների հրազենային վնասվածքից է հիվանդանոցում մահացել»,-նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո պնդեց Կարեն Հակոբյանը, ապա դատավորի ուշադրությունը հրավիրեց հետեւյալ հանգամանքի վրա,-«Չեմ կարծում, որ երիկամների վնասվածք ունենալով՝ նա կարող էր ազատ շարժվել: Իսկ ես տեսել եմ միայն նրա վիրավոր ձեռքը, նա ազատ շարժվում էր ու քայլում»:

Հարցերին ի պատասխան Կարեն Հակոբյանն ասաց, որ օգնել է վիրավոր ոստիկանին վիրակապել, ապա՝ ուղեկցել մինչեւ ՊՊԾ գունդ ժամանած շտապօգնության մեքենայի մոտ: Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ ըստ այլ վկայությունների՝ այդ ժամանակ շտապօգնության մեքենա չի եղել գնդում: «Գուցե ինչ-որ բան սխալ հիշեմ, երկար ժամանակ է անցել»,-հակասությունն այսպես բացատրեց Կարեն Հակոբյանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց՝ «Պավել Մանուկյանը վերջերս հայտարարեց, որ Գագիկ Մկրտչյանը չի սպանվել Արմեն Բիլյանի կողմից, այլ նրան պատահական կրակոց է արձակել Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մկրտչյանը հետագայում մահացել է արյան վարակից: Դուք ի՞նչ գիտեք այդ մասին»: Կարեն Հակոբյանը վստահեցրեց, որ տեղեկություններ չունի:

Ապա դատավոր Մակյանն անդրադարձավ Կարեն Հակոբյանին բերման ենթարկելու դրվագին՝ պարզաբանելով, որ դրա համապատասխան փաստաթուղթը կա: «Դուք բռնության եւ ճնշման ենթարկվե՞լ եք»,-հարցրեց դատավորը:

Կարեն Հակոբյանը պատասխանեց. «Բռնության՝ ոչ, բայց տպավորություն ունեի, որ հստակ սցենար կար այն մասին, թե ով ինչ մեղադրանքի պետք է արժանանար: Պատկերացրեք, որ ձեզ մի քանի անգամ հարցը տալիս են այնքան ժամանակ, մինչեւ ասես՝ «այո»: Հոգեբանական ճնշումների եմ ենթարկվել: Պատկերացրեք՝ գալիս են ու զինված քեզ մտցնում մեքենա: Հարցնում եմ՝ ո՞ւր եք տանում, ասում են՝ «քո գործը չի»… Ասենք, կարող էին ասել, որ ինձ տանում են ԱԱԾ, բայց ոչինչ չեն բացատրել: Կյանքում անգամ թաղային ոստիկանի երես տեսած չեմ եղել, առաջին անգամ էի նման իրավիճակում»:

Ապա նախաքննական ցուցմունքից հրաժարվեց նաեւ գործից անջատված մասով մյուս մեղադրյալ Վահե Պետրոսյանը, որը Կարեն Հակոբյանի «հավաքագրած» անձանցից է եղել, մասնակցել գնդի գրավմանը, ապա՝ լքել տարածքը:

Այլ մանրամասները՝ տեսանյութերում:

https://www.facebook.com/aravot.am/videos/600966210357932/

 

https://www.facebook.com/aravot.am/videos/554712035025348/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031