Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կորոշի վարչապետը

Հունվար 14,2019 13:30

Ռեստորանները Հայաստանում կդառնա՞ն ճոխություն

2019-ի հունվարը հայաստանյան ռեստորանների, ժամանցի կենտրոնների եւ հանրային սննդի այլ կետերի սեփականատերերի համար մեկնարկեց բուռն աշխատանքային ռեժիմում՝ պայմանավորված հարկային նոր փոփոխություններով: Հունվարի 1-ից ոլորտում նախատեսվում է այլ հարկման ռեժիմ. շրջանառության հարկը 6%-ից դարձնել 8%, իսկ հաջորդ տարվա հունվարից հարկը կավելանա եւս 2 %-ով` դառնալով 10 տոկոս: Հարկի ավելացումը, բնականաբար, փաստի առաջ կանգնեցրեց գործարարներին: Նրանք էլ սպառնում են գների ավելացմամբ: Հայկական ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանն «Առավոտի» հետ զրույցում ավելի վաղ ասել էր. «Զգուշացնում ենք, որ հարկային բեռի ավելացումն անդառնալի փոփոխություններ կբերի: Եթե հուլիսից մենք եկամուտների հաշվին գին չենք բարձրացրել, սպասել ենք, ապա հիմա էլ չենք կարող: Դրա հետեւանքը մեր տնտեսվարողները գիտակցում են»: Անգամ առայժմ մեկօրյա գործադուլի սպառնալիք հնչեց, բայց հունվարի երկրորդ կեսին, երբ հայտնի կլինի ՀՀ նոր կառավարության վերջնական կազմը: Աշոտ Բարսեղյանն «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց իրենց մտահոգությունները` հարկերի բարձրացման արդյունքում սննդի օբյեկտներում գների բարձրացման հետեւանքով ներքին սպառումը կնվազի: Բացի այդ, մեր զրուցակցի պնդմամբ, դա էապես կազդի նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացման հեռանկարների վրա: Այդ ճյուղի զարգացումը մեր տնտեսության գերակայություններից է հռչակված: Աշոտ Բարսեղյանը վստահ է` մեր տուրիստական գրավչությունը կկորցնենք. «Վերջին տասը տարում ապրանքների գնաճ եւ կոմունալ վճարումների ավելացում է գրանցվել, ինչը մենք «ծածկել» ենք մեր եկամուտների հաշվին: Այլեւս այդպես էլ հնարավոր չէ»: Գները բարձրացնելը մեր զրուցակիցը «ամենավերջին միջոցն» է համարում, բայց եթե կառավարությունում ընդառաջ չգնան, այլ տարբերակ չի էլ տեսնում: «Մենք տարածաշրջանում կայացած սննդի ոլորտ ունենք, եթե գին ենք բարձրացնելու, Վրաստանի հետ համեմատած՝ ավելի վատ դիրքում ենք հայտնվելու: Սննդի ոլորտում այլեւս չենք կարող մրցել այդ երկրի հետ»,- պնդում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նման քայլերով կառավարությունը կարճաժամկետ խնդիր է լուծում՝ բյուջեի համար եկամուտներ ապահովելով: Մինչդեռ դա էապես ազդելու է տնտեսության հետագա զարգացման վրա: Տարբեր պաշտոնյաների հետ հանդիպում-քննարկումներից հետո մեր զրուցակիցը պնդում է, որ պաշտոնյաները թյուր կարծիք ունեն մեր ոլորտի թվաբանության մասին եւ սխալ տեղեկատվություն են հասցնում վարչապետին: «Սոցցանցում մեզ մեղադրում են գերշահույթ ապահովելու եւ հարկեր թաքցնելու մեջ, մինչդեռ բոլորն էլ հարկ վճարել են: Այլեւս ներդրում չենք անելու, քանի դեռ տնտեսական քաղաքականությունը հստակ չէ»,- ասաց նա:

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության («Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորաններ, «Երեւանի շաուրմա») գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Այն պահից, երբ գործածվեց շրջանառության հարկը, մեր կողմից վճարվող հարկերը բարձրացան մոտավորապես 4-5 անգամ: Հիմա 6% է, իսկ եթե դառնա 8%, ապա ստացվում է, որ նախկինի համեմատ մեր հարկերը կավելանան 6-7 անգամ: Հարկերի նման բարձրացումները նշանակում են, որ մենք ուղղակի թանկացնելու ենք մեր ծառայությունները: Մեր գները թանկանալու են, մենք տարածաշրջանում դառնալու ենք ոչ մրցունակ, որքանո՞վ է դա պետք մեր երկրին, մեր պետությանը: Ռեստորանները նորից դառնալու են ճոխություն եւ ոչ հասանելի բոլորին»: Մեր զրուցակիցը լուծումն այսպես է պատկերացնում. «Այն մոտեցումը, ինչը 2018 թվականին կար, թողնել ամենաքիչը 5 տարի եւս, որպեսզի ռեստորանային ոլորտը կարողանա հարմարվել այս փոփոխությանը, կարողանա կազմակերպել, պլանավորել եւ զարգանալ այս միտումներով: Այսինքն՝ 6%, մինուս 3% հաշվանցումը, ոչ պակաս, քան 4%: Իսկ պետությունն էլ հաշվանցման ապահովման մասով կարողանա աշխատանքներն իրականացնել, քանի որ այսօր մեր հարկային ծառայության կողմից կիրառվող մեթոդներն ամեն ինչ բարդում են գործարարների վրա, իսկ վերջիններս այսօր չունեն մեխանիզմներ, որոնցով կկարողանան այդ հաշվանցումը կատարել»:

 

Նախապատմություն

Այս խնդիրը, սակայն, նոր չէ, կամ ոլորտի ներկայացուցիչների համար այս հարկային բարձրացումն անսպասելի չէր: Հանրային սննդի նկատմամբ հարկային քաղաքականության փոփոխությունը սկսեց քննարկվել 2017 թվականի սեպտեմբերից` նոր Հարկային օրենսգրքի քննարկումների ժամանակ: 2018-ից Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտի հարկման հետեւյալ սխեման պետք է գործեր` շրջանառության հարկի ոլորտում աշխատող, մինչեւ 600 քառակուսի մետր տարածքով, հանրային սննդի օբյեկտները պետք է հարկվեին 10 տոկոս շրջանառության հարկ եւ նվազեցրած 6 տոկոս ծախսերով: Մինչ այդ գործել էր հետեւյալ կարգը` մինչեւ 600 մետր քառակուսի տարածք ունեցող օբյեկտները աշխատում էին ավելացված արժեքի հարկի ռեժիմով: Այդ ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ հանրային սնունդը ամենադինամիկ զարգացող ոլորտն էր, բայցի այդ, մենք համոզված էինք մի բանում, որ ազգային սնունդը կարող է լինել տուրիստական հոսքեր ապահովելու համար բավական գրավիչ գործոն: Նաեւ փորձը ցույց էր տալիս, որ ունենք դինամիկ տարածվող, ցանցերի վերածվող համակարգեր: Ընդ որում, դրանք միայն Երեւանով չէին սահմանափակվում: Մենք գտնում էինք, որ դա դրական տենդենց է, որը պետք է պահպանել: Մենք նաեւ հասկանում էինք, որ հանրային սննդի ոլորտում շրջանառությունն այն չէ, ինչ իրականում երեւում է, բայց քանի որ խոսքը գնում էր ժամանակակից ծառայություններ մատուցելու ունակ համակարգ ունենալու մասին, որը կնպաստեր նաեւ տուրիզմի զարգացմանը, ես գտնում էի, որ ներկա փուլում հանրային սննդի հարկային ռեժիմին անդրադառնալ պետք չէ: Այն ժամանակ մենք հանդիպեցինք կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի հետ, առաջարկեցինք այդ հարկման ռեժիմին անցնել 2022 թվականից` հնարավորություն տալով ոլորտին կայանալու: Քննարկումները բավական երկար տեւեցին: Իմ կարծիքը կիսում էր նաեւ այդ ժամանակ իշխող ՀՀԿ խմբակցությունը: Քննարկումներին մասնակցում էր նաեւ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Արդյունքում եկանք այն համաձայնության, որ նոր հարկման ռեժիմը կսկսվի 2018 հունիսի մեկից, իսկ այդ ընթացքում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք` նաեւ ոլորտի ներկայացուցիչների հետ»:

Կառավարության մոտեցումը` հարկման այդ ռեժիմին անցնելու, Խոսրով Հարությունյանը տրամաբանական է համարում, բայց այդտեղ, ըստ նրա, կար նաեւ երկրորդ վտանգը, որն ինքը չափազանց կարեւոր է համարում. «Եթե անցնում ենք այդ ոլորտում շրջանառության հարկի, այդպիսով հարկային տեսուչներին ուղղակի հնարավորություն ենք տալիս անընդհատ մտնելու, մխրճվելու այդ օբյեկտներում ստուգման գործընթացին: Այդ շրջանում մեզ հաջողվել էր, եւ ես ձեռքբերում եմ համարում այն, որ հարկային տեսուչ-հարկատու շփումներն էապես նվազեցվել են: Դա ինստիտուցիոնալ առումով ավելի լուրջ ձեռքբերում է, քան պետական բյուջեում մի քանի միլիարդի ավելացումը: Ես գտնում էի, որ միգուցե ավելի ճիշտ է տվյալ դեպքում առաջնորդվել հարկային մարմինների կայացման գերակայությամբ` ի վնաս ֆիսկալ որոշ էֆեկտների, մանավանդ, որ դա հանրային սննդի ցանցի ընդլայնման եւ տուրիզմի զարգացման աճող պահանջարկին որակյալ առաջարկ կապահովեր»:

Քննարկումների արդյունքում եկան փոխզիջման. 2018-ի հուլիսի մեկից ներդրվեց հետեւյալ կարգը` 6 տոկոս շրջանառության հարկ, որը ծախսերը կնվազեցնի երեք տոկոսով: Թվերը պատահական չէին ընտրված: Այդ ռեժիմն ավելի մեղմ էր ստացվում, քան ռեժիմը, որը գործում էր ոլորտում, մինչեւ շրջանառության հարկի անցնելը: Ի դեպ, ծախսերի մեջ ընդգրկվեցին բոլոր տեսակի ամորտիզացիաները` վերցրած վարկերի տոկոսները եւ այլն: Այսինքն՝ իրական ծախսերը, բացի հիմնական միջոցների ձեռքբերումից: «Ես կարծում էի, որ այդ ռեժիմը պետք է գործեր գոնե մինչեւ 2020-ի հունվարի մեկը: Ինձ չհաջողվեց ամրագրել այդ ժամանակահատվածը: Ընդունվեց փոխզիջումային որոշում` կարգը սահմանել վեց ամսով, եւ 2019-ի հունվարի մեկից կգործի մեկ այլ անցումային դրույքաչափ` 8%, իսկ հաջորդ տարի հունվարից կավելանա եւս 2%-ով»,- ասաց Խոսրով Հարությունյանը` հավելելով, որ խորհրդարան-կառավարություն քննարկումներին զուգահեռ ընթացել են նաեւ կառավարություն-հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներ հանդիպում-քննարկումներ, եւ վեց տոկոս շրջանառության հարկի շեմը կես տարով ներդնելու առաջարկը եղել է հենց հանրային սննդի ներկայացուցիչներից: «Միայն այդ գործոնն էր, որ ինձ ստիպեց համաձայնել այդ առաջարկին, այլապես ես կպնդեի իմ տարբերակը: Համենայնդեպս, կառավարությունում ինձ այդպես ներկայացրել էին, որ առաջարկը եկել է հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներից»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով. «Որ հարկային բեռն ավելանում է` փաստ է, բայց ես չեմ կարծում, թե այդ բարձրացումը անհնարին է դարձնում իրենց աշխատանքը եւ էապես խոչընդոտում է: Մի բան ակնհայտ է` ոլորտի դինամիկ զարգացման հնարավորություն պետք է ստեղծվի եւ նաեւ` գյուղական համայնքներում տարածվելու հնարավորություն, որտեղ մենք ուզում ենք ավելացնել տուրիստական հոսքերը: Ուստի նրանց հետ պետք է նստել, խոսել, լսել, հասկանալ, միգուցե նոր խնդիրներ կան: Ես հիմա էլ գտնում եմ, որ հարկային մարմիններին պետք է հնարավորինս զերծ պահել ամենօրյա ստուգումների, փորձնական գնումների եւ այլ գայթակղություններից, քանի որ այդտեղ կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում»:

Անդրադառնալով այդ փուլում կառավարության հետ քննարկումներում եկած համաձայնությանը՝ Հայկական ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանն ասաց. «Մենք այն ժամանակ առաջարկում էինք, որ 6 տոկոսը 3-5 պետք է մնա: Իրենք` կառավարությունը, համաձայնեցին վեցամսյա ժամկետին: Բայց դա առնվազն ծիծաղելի է, կես տարվա ընթացքում ոլորտը չի հասցնի իրավիճակին հարմարվել. դուք ինչի՞ մասին եք խոսում»:

 

Դժգոհության արդյունքը

Շաբաթ օրը կայանալու է վարչապետի եւ Հայաստանի ռեստորանների միության պատվիրակության հանդիպումը: Այդ հանդիպումը վերջիններիս պահանջներից էր: Մինչ այդ հանդիպում-քննարկումներ են եղել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի եւ տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարարության ներկայացուցիչների հետ: «Առաջարկում ենք հինգ տարով սառեցնել օրենքի կիրարկումը: ՊԵԿ-ի հետ ոնց որ համաձայնություն կա, իրենք ընդունում են, որ հետեւանքները ծանր կարող են լինել: Տեսնենք: Մենք ութ տոկոսն էլ ենք համարում արդեն բարդ, դա ոչ միայն մեզ, այլեւ տնտեսության համար է արդեն խնդիր առաջացնում»,- ասաց Հայաստանի ռեստորանների միության համակարգող Աշոտ Բարսեղյանը: Իսկ միության ֆեյսբուքյան էջում տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Պրն Անանյանը վստահեցրեց, որ ՊԵԿ–ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին նա տեղյակ է պահել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»: Միության ներկայացուցիչները հուսով են, որ խնդրի կարգավորումը բարենպաստ ընթացք կունենա: ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վարչապետի մոտ հանդիպմանը կմասնակցեն հանրային սննդի կազմակերպման ոլորտի ներկայացուցիչներ, ֆինանսների, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ: Դավիթ Անանյանը եւս հույս հայտնեց, որ այդ ժամանակ ընդհանուր համաձայնության կգան: «Ոլորտում կան բարեխիղճ հարկ վճարողներ եւ ոչ այնքան բարեխիղճ հարկ վճարողներ: Բարեխիղճ հարկ վճարողների մոտ գրեթե ստվեր չկա կամ այն վերահսկելի է, եւ բարեխիղճ հարկ վճարողների մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է՝ ի համեմատ նախկինում գործող արտոնագրային վճարի մեխանիզմի, բայց այն ժամանակ հարկային պարտավորությունը զրոյից մի փոքր տարբերվող էր, 2018 թ. հուլիսի 1-ից 2019 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գործող 6 եւ 3 տոկոսների ժամանակ էֆեկտիվ տոկոսադրույքը եղել է 4.5-4.7%, այսինքն՝ շրջանառության 4.5-4.7%-ը հանրային սննդի կազմակերպությունները վճարել են բյուջե»,- ասաց Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ այն ժամանակ բիզնեսը վստահեցրել էր, որ 4-5% հարկի դեպքում գների բարձրացում չի լինի: ՊԵԿ նախագահը կարծում է, որ այժմ կրկին պետք է նստել եւ քննարկել, թե տուրիզմին, գյուղատնտեսությանը նպաստող այս շատ կարեւոր ճյուղի հարկային ո՞ր բեռը ռիսկեր չի առաջացնի:
Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով էլ՝ հանրային սննդի ոլորտը, իհարկե, բավական մրցակցային է. «Նույնիսկ կայացած ոլորտներից կարելի է համարել: Չեմ բացառում, որ բավական օբյեկտներ կան, որոնք տարիների ընթացքում, եթե ոչ ամբողջովին, ապա մասամբ ստվերում գտնվելով, որակյալ ծառայություններ են մատուցել` շնորհիվ հարկեր չվճարելու կամ քիչ վճարելու: Կարծում եմ՝ այս քայլով խնդիր կա ավելի հավասար պայմաններ ձեւավորելու: Բայց ավելորդ չէր լինի, եթե հանրային սննդի ներկայացուցիչների, գործարարների, մասնագետների հետ քննարկումներ կազմակերպվեին, որպեսզի հասկանայինք այն խնդիրները, որոնք կարող են հնարավոր խոչընդոտ դառնալ հետագա զարգացման կամ եղած մրցունակ մակարդակը պահպանելու համար: Այս տեսանկյունից, կարծում եմ, ամեն ինչի վրա լույս կարող է սփռել գոնե մեկ քննարկումը»: Բայց, մեր զրուցակցի կարծիքով, նման հանդիպումները ոչ թե վարչապետի, այլ փորձագիտական հանրության հետ պետք է լինեն, որովհետեւ վարչապետից շատ ժամանակ կարող են խլել յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչները, եւ այդպես էլ միակողմանի ճշմարտություն կամ տեղեկատվություն գա. «Մինչդեռ բանիմաց փորձագետների հետ քննարկումներն ավելի շատ ծալքեր կբացահայտեն եւ թույլ կտան, որպեսզի անաչառ վերաբերմունք լինի նաեւ նրանց հանդեպ, ովքեր ներկայացված չեն կամ չեն բողոքում»:

Թաթուլ Մանասերյանը դեմ է Խոսրով Հարությունյանի առաջարկած «աչք փակելու» սխեմային: Ինքը կարծում է, որ ճիշտը հաշվառումն է, բայց արտոնությունների տրամադրմանն այն պարագայում, եթե դա հիմնավոր եւ փաստարկված է: «Ես, իհարկե, կողմնակից եմ, որ տարբերակված մոտեցում լինի Երեւանում եւ մարզերում` կայացնելու ցանկացած օգտակար բիզնես, այդ թվում նաեւ հանրային սնունդը: Այս տեսանկյունից ոչ թե աչք փակել, այլ հաշվառել եւ անհրաժեշտության դեպքում արտոնություններ տրամադրել, հատկապես, եթե խոսքը փոքր կամ միկրոբիզնեսին է վերաբերում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

12.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031