2019 թվականի տարեսկզբից «Արմնյուզ» հեռուստաընկերությունում փոփոխություններ են սպասվում: Տնօրինությունից հեռուստաընկերության աշխատակիցներին արդեն հայտնել են, որ սեփականատերը փոխվել է, հունվարից կլինեն նաեւ ձեւաչափի ու կադրային փոփոխություններ: Ըստ որոշ տեղեկությունների՝ «Արմնյուզը» գնել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Արմնյուզից» այս տեղեկությունը չհաստատեցին:
Aravot.am-ի տեղեկություններով, հունվարից եթեր չի հեռարձակվի նաեւ «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Հիշեցնենք, որ այս երկու հեռուստաընկերությունները 2012 թվականից պայմանագիր ունեին, որի համաձայն՝ «Ա1+»-ն արտադրում եւ «Արմնյուզին» հեռարձակման համար տրամադրում էր «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Պայմանագիրն արդեն կասեցվել է: Մեր այս տեղեկությունը հաստատեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը (լուսանկարում): Նա ասաց, որ իրեն հեռախոսով են հայտնել, որ «Արմնյուզի» սեփականատերը փոխվում է, ու ձեւաչափի փոփոխություններ էլ են լինելու. «Մեր պայմանագիրը դադարեցվել է: Ես իրենց խաղերի մեջ չկամ, իրենց ձեւաչափի մեջ էլ…Եթե իրոք պարզվի, որ Ռոբերտ Քոչարյանն է գնել, ես իր համար երեւի ուրախ եմ, որ բերդում նայելու բան կունենա՝ իր սեփական ալիքը»:
Հիշեցնենք, որ այս տարեսկզբից մամուլը գրում էր Արմնյուզի ֆինանսական ճգնաժամի մասին: «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, «Արմնյուզի» սեփականատերը հեռուստաընկերության բաժնետոմսերը դրել էր վաճառքի եւ դրանցով հետաքրքրված էին գործարար Խաչատուր Սուքիասյանը ու «РБК» ռուսական մեդիա հոլդինգի սեփականատերերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. Ավելի ուշ «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Քեշիշյանը, որի հետ հնարավոր չէր եղել կապվել հրապարակումը նախապատրաստելիս՝ պարզաբանում տարածեց «Ա1+»-ի հետ պայմանագիրը դադարեցնելու առնչությամբ: Այն կարդացեք այստեղ: