Հարկային մուտքերն այս տարի նախորդ տարվա համեմատ, ավելի լավ պատկեր են գրանցել: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը: Նա թվեր չասաց, նշելով՝ տարին պետք է ավարտվի, ամփոփվի, եկող տարեսկզբին դրանք կհրապարակեն:
Անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտները հայտարարագրելուն եւ նրանց մտահոգություններին, թե վստահ չեն, որ բոլորը կհայտարարագրեն, Անանյանն ասաց. «Ես նման հայտարարություններին հանգիստ եմ վերաբերվում, իհարկե, կարող են թաքցնել եկամուտները: Մենք ասում ենք՝ հայտարարագրեք ձեր եկամուտներն այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ մտածում են՝ «դուք չեք կարող դա վերահսկել», լավ, չենք կարող, բայց դուք ինքներդ ձեզ չե՞ք կարող վերահսկել: Այսինքն, դուք մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, որքան ստացել եք, եթե ուզում եք խաբել, խաբեք: Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով փորձելու ենք ճշտել, մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով փորձելու ենք ճշտել՝ արդյոք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե՝ ոչ»:
Լրագրողների դիտարկմանը՝ հստակ չափանիշ չկա, ասենք՝ 1 միլիոն դրամ է վաստակում, հայտարարագրում է ավելի քիչ, ապա ինչ պետք է արվի, Անանյանն այսպես արձագանքեց.«Հստակ չափանիշը ազնվությունն է, եթե 1 միլիոն դրամ է ստացել, 1 միլիոն դրամ պետք է հայտարարագրի, դրանից հստակ բան կա՞: Մենք հիմա որպես պետություն առաջարկում ենք փոխադարձ վստահության մշակույթ ձեւավորել»:
Իսկ թե որ երգիչն, որ հարսանիքին երգելով որքան գումար է վաստակում, ըստ Անանյանի, ՊԵԿ-ը տիրապետում է այդ տեղեկատվությանը. «Եվ հիշեցնեմ, որ պետական եկամուտների կոմիտեն իրավապահ մարմին է, եւ ունի բավականին շատ ծառայություններ, որոնք իրենց գործն անում են»:
Անանյանը հարկերից ու եկամուտները հայտարարագրելուց խուսափողներին հիշեցրեց՝ «Հանրային ծառայություններից օգտվելու համար, պետական ծախսերը ֆինանսավորելու համար, մենք բոլորս ունենք մեր պատասխանատվության որոշակի չափ՝ եթե ունենք եկամուտ, որոշակի մասը պետք է տանք պետական բյուջեին, որպեսզի մասնակցենք հանրային ծառայությունների այս ամբողջ ֆինանսավորմանը: Եթե մենք բանակ ենք պահում, ոստիկանություն, որը հանրային ծառայություն է մատուցում քաղաքացիներին, եթե այս համակարգը որոշակի ծառայություններ է մատուցում եւ երաշխիքներ տալիս քաղաքացիներին, պետությունն ակնկալում է ադեկվատ վերաբերմունք նաեւ իր նկատմամբ: Երբ երգիչ-երգչուհիներն ասում են՝ բա ինչպե՞ս եք վերահսկելու, չեմ ուզում վերահսկեմ, ոչ էլ վերահսկելու եմ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ