Այսօր Երեւանի ավագանու նիստում տրանսպորտի նոր ցանցի հարցը բավականին երկար տեւեց եւ բուռն բանավեճերի տեղիք տվեց:
Հայկ Մարությանը տրանսպորտային նոր ցանցի ներդրման քննարկմանը հայտարարել էր. «Այն ժամանակ 55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ եւ ոչ մի բան չեք արել, այսօր ունենք պրոբլեմատիկ զեկույց: Դուք որ ավելի շատ ու ճիշտ աշխատեիք բրիտանական ընկերության հետ, միգուցե այսօր կարողանայինք տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացը սկսել»:
Ի պատասխան, «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը հակադարձեց. «Ելք»-ի 55 հազար դրամի շնորհիվ դուք դարձաք քաղաքապետ»: Նրա խոսքով` «Ելք» խմբակցությունը, ձեր ասած, 55 հազար դրամով պոլիկլինիկաների կոռուպցիոն կծիկների բացահայտում է արել, կարող ենք տալ, բազում վերելակների վերանորոգում, ապօրինի շինություններ կան բազում, որ 55 հազար դրամով մենք թույլ չենք տվել, որ կառուցվեն, բազում ծառեր, որոնք թույլ չենք տվել, որ կտրվեն: Եվ վերջապես, «Ելք» խմբակցության 55 հազար դրամի շնորհիվ այսօր երկրում եղել է հեղափոխություն, որի շնորհիվ դարձել եք քաղաքապետ»:
Հայկ Մարությանը հակադարձեց, որ հազարավոր ծառեր նույնպես իրենց ավագանու անդամ եղած ժամանակ հատվել են, 100-ավոր ապօրինի շինություններ կանգուն են մնացել:
Քննարկումներն այնքան ծավալվեցին եւ թեժացան, որ 15 րոպե ընդմիջում հայտարարվեց:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
տպաւորիչ է այս Տիկինը…