Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղափարներով եւ առանց գաղափարների

Դեկտեմբեր 14,2018 10:00

Այս ընտրարշավին մասնակցող նորաստեղծ կուսակցություններից երկուսն իրենց ներկայացրել են որպես hստակ գաղափարախոսություն կրող՝ «Քաղաքացու որոշումն» իր անվանման մեջ էր ընդգրկել «սոցիալ-դեմոկրատական» բնորոշումը, իսկ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը» հանդես էր գալիս ազգայնական դիրքերից: Թե որքանով են այդ կուսակցությունների մտադրությունները լուրջ՝ դժվար չէ պարզել. եթե նրանք շարունակեն գործունեությունը եւ պատրաստվեն հաջորդ ընտրություններին, ուրեմն նրանց նպատակներն այսրոպեական չէին:

Ազատական թեւը ներկայացնում էին «Մենք» դաշինքը եւ «Լուսավոր Հայաստանը», ընդ որում՝ առաջինն ավելի շատ էր ընդգծում իր գաղափարական ուղղվածությունը, սակայն, իմ կարծիքով, ժամանակ չունեցավ ամբողջությամբ հավաքագրելու իր ընտրազանգվածը: Չնայած «Լուսավոր Հայաստանը» համեստորեն է ներկայացված խորհրդարանում (18 պատգամավոր), ապագան, ես կարծում եմ, այդ տիպի, ոչ «անձնակենտրոն», որոշակի արժեքային համակարգով առաջնորդվող կուսակցություններինն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես ասում են, «իզմերի» կուսակցություն չէ՝ ամեն ինչ հիմնված է առաջին դեմքի, նրա պատկերացումների եւ ցանկությունների վրա: Գագիկ Ծառուկյանն անշուշտ բարի մարդ է, շատ շատերին է օգնել իր բարեգործություններով, բացի այդ՝ հաջողակ գործարար է, իսկ դա, ով ինչ ուզում է ասի, առանց որոշակի տաղանդի հնարավոր չէ: Սակայն պարզ չէ, թե ինչ կապ ունի այդ ամենը քաղաքականության, օրենսդիր աշխատանքի հետ: «Քաղաքականություն եմ մտել, որ ժողովուրդը լավ ապրի» բանաձեւը, մեղմ ասած, թերի է: Արաբական շեյխերը վստահում են Ծառուկյանին եւ պատրաստ են նրա բիզնեսում ներդրումնե՞ր անել՝ հրաշալի է, թող անեն: Որքան շատ դրա արդյունքում աշխատատեղեր բացվեն, այնքան լավ: Բայց ինչու էր դա ներկայացվում որպես կուսակցության եւ, հետեւաբար, պետության ծրագիր՝ հասկանալի չէ: ԲՀԿ-ն այս ընտրություններում ստացել է 103824 ձայն, 8,27 տոկոսը: 2017 թվականին «Ծառուկյան դաշինք» անունով ուներ 428 836 քվե (27,35 %): Ցուցանիշն, այդպիսով, վատթարացել է գրեթե 4 անգամ: Վերլուծելու նյութ կա: Հավանաբար իմաստ ունի ԲՀԿ շարքերից զուտ քաղաքական լիդեր առաջ քաշելը եւ ավելի «դասական» կուսակցական ուղիով գնալը:

Իհարկե, «Իմ քայլը» նույնպես չունի որեւէ գաղափարախոսություն: «Իմ քայլը» Նիկոլ Փաշինյանն է, որն իսկապես հրաշք գործեց՝ շատերիս համար անհնարին թվացող իշխանափոխությունը դարձրեց հնարավոր: Հասարակությունը, բացի վարչապետից, չի ճանաչում որեւէ մարդու, որից ակնկալիքներ եւ պահանջներ ունի: Բայց դրա մասին՝ շարքի վերջին հոդվածում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել