Աշոտ Հակոբյանը Չարենցավանի դատարանում երեկ հայտնեց, որ ինքը երբեք ծխախոտ չի օգտագործել, եւ իր մոտ էին բերել երկու թունդ ծխողի, որոնց զգուշացրել է չծխելու մասին, իրեն մեկուսացրել են, հետո հայտնել, թե «հայհոյել եմ» մեկ այլ կալանավորի, տվել նկատողություն:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկը ներկայացուցիչ չէր ուղարկել դատարան, իսկ դատախազը՝ Մարգար Սողոմոնյանն անհրաժեշտ չհամարեց նրանց ներկայացուցչի գալը, իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի միջնորդության հետ կապված հայտնեց, թե ՔԿՀ-ն դատարան է ուղարկել իրենց եզրակացությունը: Այն ստորագրել էր հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատար Լեոնիդ Մկրտչյանը:
Ռոբերտ Ռեւազյանն ասաց, որ կուզեր հարց տալ ՔԿՀ ներկայացուցչին, թե ինչի հիման վրա է վարչակազմը հանգել հետեւության, թե Աշոտ Հակոբյանը «չի կանգնել ուղղման ճանապարհին», մերժելով նրա վաղաժամկետ ազատումը:
Աշոտ Հակոբյանն ասաց, թե առարկում են իրեն՝ պատճառաբանելով, թե իր նկատմամբ կա քաղհայց, սակայն դրանք անօրինական են, քանի որ իր 150 միլիոն արժողության բնակարանն են վաճառել եւ բաժանել հանցագործ մարդկանց, ապա իրեն ճանաչել են սնանկ:
Նա նաեւ հայտնեց, որ իր դեմ որեւէ քաղհայց չի եղել, եւ որ համաներմամբ օրեր առաջ ազատվել են մարդիկ, ովքեր հիսուն հազար դոլարի պահանջ են ունեցել ազատվածների նկատմամբ: Այսինքն՝ չմարված հայցեր են եղել:
Ռ. Ռեւազյանը բերեց Արմեն Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից հատված, ըստ նրա, պայմանական ազատման համար կարեւոր է ոչ թե այն, թե նա ուղղվել է, այլ որ անձը կանգնած է ուղղման ճանապարհին: Նույնիսկ անձնավորեց, ասելով, թե օրվա մեջ հնարավոր է ինքը զանցանքներ գործի, բայց ութ տարվա մեջ մարդուն տալ բացասական բնութագիր միայն, որ նա ծխող չէ, եւ ընդամենը զգուշացրել է մեկ այլ ազատազրկվածի՝ չծխել իր մոտ, դա, մեղմ ասած, բարոյական առումով էլ ճիշտ չէ:
Ի դեպ, բնութագրում գրված էր. «Աշոտ Հակոբյանը չունի հանցածին հակումներ, քրեական ենթամշակույթի վերաբերյալ ունի բացասական վերաբերմունք, մասնակցում է վերասոցիալականացման ծրագրերին, այդ թվում՝ անձնական զարգացման: Կատարած հանցանքը չի ընդունում»:
Աշոտ Հակոբյանն անցյալ տարվա հոկտեմբերի 30-ի պաշտոնական գրության համաձայն՝ պատիժը կրելու ընթացքում կարգապահական խախտում թույլ չի տվել, դրսեւորել է «օրինապահ վարքագիծ», եւ ՔԿՀ-ի պետի որոշմամբ խրախուսել են նրան, տրամադրելով երկարատեւ լրացուցիչ տեսակցություն:
Այդ խրախուսանքի մասին «մոռացավ» նշել դատախազը:
Ինչ վերաբերում էր այս տարվա ապրիլին ստացած «կարգապահական տույժին», Ռոբերտ Ռեւազյանը հիշեցրեց, որ այն մարվել էր այս հոկտեմբերին: Սակայն դատարանը երեկ մերժեց կալանավորին վաղաժամկետ ազատելը, հիմքում դնելով նաեւ վարչակազմի իրարամերժ գնահատականը:
Աշոտի ձեռքերն արյունոտ չեն, նա հիմնադրել էր «Խաչվառ» ՍՊ ընկերությունը, որը Հայաստանի համար արտադրել է սեյսմակայուն բարձիկներ, որոնք ապահովում են երկրաշարժերի, բնական աղետների ժամանակ բարձրահարկ շենքերի անվտանգությունը:
Նրա քրեական գործի մասին բազմաթիվ հրապարակումներ կան, այդ թվում՝ նաեւ «Առավոտում», գործն առնչվում էր գլխավոր դատախազության բարձրաստիճան անձանց հետ, բանկերի հետ:
Որոշումը կբողոքարկվի:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Աշոտն ունի երեք երեխա, ութ թոռ: Երեքամյա թոռնիկին այդպես էլ չթողեցին, որպեսզի գոնե նիստից հետո համբուրի պապիկին:
«Առավոտ» օրաթերթ
13.12.2018