ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարով առաջադրված Արփինե Հովհաննիսյանն այսօր 9/35 ընտրատեղամասում քվեարկեց, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Նա ասաց, որ ամեն ինչ պիտի անեն, որ Հայաստանը լինի մի երկիր, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, ատելություն չկա:
Մենք հետաքրքրվեցինք՝ ահազանգեր ստացե՞լ եք: Նա պատասխանեց, որ ստացել են. «Այս պահի դրությամբ առավել մտահոգիչ են այն ահազանգերը, որտեղ խոսքը գնում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների կողմից քարոզչական նյութերի տարածմանը, ուղղորդման դեպքերին: Ուղղորդում են ընտրողներին ինչպես քվեարկել կամ տալիս են միանգամից քվեաթերթիկները՝ թիվ 4-ը առաջինը դրած: Կենտրոնում Դավիթ Սանասարյանի քարոզչական նյութերն էին տարածում տարբեր խանութներից բնակարաններում»:
Թե ինչպես էին ուղղորդում «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախ շտաբներում է լինում ուղղորդում, որ պետք է ընտրեն համար 4-ին. «Բոլոր ահազանգերը հավաքվում են, տարբերակվում՝ ըստ խախտումների տեսակների, հետո հանդես կգանք հայտարարությամբ»:
Արփինե Հովհաննիսյանը, խոսելով մասնակցության ցուցանիշի մասին՝ ասաց. «Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ թերեւս ինչ-որ առումով ակնկալելի էր այսպիսի ցուցանիշը»:
Aravot.am-ը հարցրեց՝ կարծիք կա, որ մասնակցության այս ցածր տոկոսը պայմանավորված է նրանով, որ նախկինում ՀՀԿ-ն առավոտյան ժամերին հատկապես գազելներով մարդկանց բերում էին ընտրատեղամասեր, հիմա դա չկա, դրա համար քչերը շահագրգռվածություն չունեն: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես էլ կարող եմ հակառակ կարծիքն ասել: Չնայած ամենաբարձր մակարդակով հավաստիացումներին, իրականում մարդիկ հասկանում են, որ այս ընտրությունը չի արտացոլում իրականում գոյություն ունեցող իրավիճակը: Սա պարտադրված ընտրություն է այս ժամանակահատվածում անցկացնելը ու շատերն իրենց հիասթափություն արտահայտելու եղանակը գտել են ընտրությանը չգնալը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/aravot.am/videos/398548517552115/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ