ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերի կողմից դեկտեմբերի 4-6-ը Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել են երկկողմ գործընկերության խորացման հարցեր: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի հաղորդագրությունը:
Պենտագոնի ներկայացուցիչը հաստատել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում՝ համաձայն Հելսինկյան եզրափակիչ արձանագրության սկզբունքների՝ մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լորա Քուփերը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիևի հետ՝ քննարկելով պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր:
«Մինչ ԱՄՆ-ը ձգտում է դաշնակիցների հետ ուժեղացնել գործընկերային հարաբերությունները, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին մեր երկրների միջև կապերի խորացման նվիրվածության համար»,- ասել է Կուպերը:
Խոսելով Ադրբեջանի մարտահրավերների մասին՝ Քուփերը նշել է. «Ադրբեջանը գտնվում է բարդ տարածաշրջանում: Վերջերս մենք ականատես եղանք Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտմանը և Կերչի նեղուցով անցնող ջրային տրանսպորտային միջոցների նկատմամբ նրա անօրինական և անհիմն ագրեսիային: Տուն գնացող ուկրաինական նավերի վրա միջազգային ջրերում կատարված հարձակումը խորապես անհանգստացնում է ԱՄՆ-ին»:
Քուփերը կարևորել է Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների խորացումը և իրենց հավատարմությունը ընդհանուր արժեքներին վերազգային վտանգների, այդ թվում՝ ահաբեկչության, թմրամիջոցների և զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ