«Նիկոլ Փաշինյանին պետք է կիլոմետրերով հեռու պահել Արցախի հիմնախնդրից եւ Արցախից: Այսպիսի քարոզչական նվեր ադրբեջանական պրոպագանդիստներին ՀՀ ոչ միայն որեւէ ղեկավար, քաղաքական գործիչ չի տվել: Տեսեք ադրբեջանական մամուլի հրճվախառը վերնագրերը, թե ինչպես են նրանք գովում Նիկոլ Փաշինյանին:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն էլ Ալիեւին համարում է կիրթ մարդ, իսկ Բակո Սահակյանի վրա փորձում է մատ թափ տալ, դո՞ւ ես ՀՀ անվտանգության երաշխավորը, դո՞ւ ես Արցախի խնդիրը լուծողը, դո՞ւ, որ քո մի քանի տոկոս ձայնի համար պատրաստ ես զոհաբերել ու մանրադրամի վերածել ամեն ինչ՝ ե՛ւ բարոյական արժեքները, ե՛ւ ազգային, ե՛ւ պետական շահերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ նախընտրական քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանություններին ուղղված կոչին:
Աշոտյանի խոսքով՝ «Ես իրականում սարսափելի մտահոգված եմ արցախյան կարգավորման շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներով, բայց է՛լ ավելի մտահոգված եմ ու զայրացած հայաստանյան ներկայիս ղեկավարության պահվածքով: Այս ղեկավարությունը ունակ չի լինելու պաշտպանել Հայաստանի ու Արցախի շահերը: Այս ղեկավարությունը ոչ միայն ունակ չի լինելու պաշտպանել այդ շահերը, այլ արդեն կան բոլոր նախադրյալները, իրենց խոսքերն էլ դրա մասին են վկայում, որ կարող են ծառայել այլոց նպատակներին հասնելու համար հենց Արցախի հաշվին»:
Մեր հարցին՝ Փաշինյանը ձեզ ասում է, որ դուք ծպուտներդ չհանեք Արցախը պաշտպանելու մասին, բանակի մասին, դուք բանակը թալանել եք՝ Աշոտյանն արձագանքեց. «Ամեն անգամ ՀՀԿ-ի անունը տալուց առաջ Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ լեզուն կծել, որովհետեւ նա իրավունք չունի խոսի Ղարաբաղի մասին, իրավունք չունի խոսի բանակի մասին, նա բարոյական իրավունք չունի խոսի: Ողբամ մեզ, որ բանակի գլխավոր գերագույն հրամանատարը հնարավոր պատերազմական իրավիճակում լինելու է Նիկոլ Փաշինյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ