Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ ԲՀԿ-ն դուրս է «ով ում լավ կբոքսի» քաղաքական ռինգից

Նոյեմբեր 29,2018 14:40

Վարկանիշային ընտրակարգով Սյունիքի եւ Վայոց Ձորի թիվ 12 ընտրատեղամասում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ ընտրությունները հերթական անգամ ընթանալու են «ով ում լավ բոքսեց» սկզբունքով

Նախընտրական քարոզարշավի չորրորդ օրն է արդեն, Դուք էլ մոտ մեկ ամիս է Սյունիքում եք, տարբեր հանդիպումներ արդեն հասցրել եք ունենալ: Ձեր հանդիպումներից ի՞նչ հետեւություններ եք արել, ի՞նչ խնդիրներ կան` հրատապ լուծումներ պահանջող:

– Այո, ես տեւական ժամանակ է, ինչ տեղափոխվել եմ Սյունիք, բայց նոր չէ, որ պետք է ծանոթանամ Սյունիքի եւ Վայոց Ձորի խնդիրներին: Դրանք գրեթե նույնական են, ինչ-որ հանրապետության բոլոր մարզերում`գործազրկություն, աղքատություն, աշխատատեղերի բացակայություն: Աշխատատեղերի բացակայության հարցը շատ ավելի սուր է Սյունիքի մարզում, հատկապես Սիսիանի տարածաշրջանում այն կատաստրոֆիկ է: Ես երեկ ավարտել եմ հանդիպումները Սիսիանի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղերում. 36 գյուղ ունի Սիսիանը: Մի քանի գյուղ է մնացել, որոնք ես կայցելեմ այսօր: Գիտեք, տպավորությունը սարսափելի է. մարդիկ չունեն աշխատանք, ձեռքները կանխիկ գումար չկա, առեւտրաշրջանառությունը ոչ թե փողով է, այլ բացառապես «բարտերով» է տեղի ունենում` կարտոֆիլը փոխում են լոբով, լոբին փոխում են կաղամբով ու այսպես գոյատեւում:

Տպավորություն է, որ այս տարածաշրջանը տարիներ շարունակ ուղղակի իշխանության կողմից անտեսված ու լքված է եղել: Սյունիքը ունեցել է պատգամավոր, բայց ինչպես Արշակ Սադոյանն էր ժամանակին ասել` «Սյունիքի բոլոր պատգամավորներն, ըստ էության, եղել են տապանաքարեր»: Եթե ԿԸՀ-ից իրենց տեղեկացրած չլինեին, որ Սյունիքից պատգամավոր է, այդ մարդիկ չէին էլ իմանա: Գյուղերում հարցնում եմ`ձեր պատգամավորները երբևէ, որևէ անգամ ձեզ հուզող հարց ձեզ հետ քննարկե՞լ են, ասում են` ոչ.  պատգամավորները գյուղեր չեն մտել երբևէ ընտրվելուց հետո: Իսկ քարոզարշավի ժամանակ, ինչպես շատերը պատմեցին, որոշ պատգամավորներ եկել են ու ակումբային հանդիպումների ժամանակ հարակից սենյակում քնել են:

Արտագաղթը կատաստրոֆիկ չափերի է հասնում, և ինչքան էլ այսօր մենք խոսենք, ինչից էլ խոսենք` մինչև մենք չկարողանանք լուծել այս մարզում, նաև Վայոց ձորում աշխատատեղերի խնդիրը, ամեն ինչ լինելու է ուղղակի խոսակցություն:

Ի դեպ, աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը ուղղակի ծայրահեղ չափերի է հասնում նաեւ Շիրակի մարզում:

Տիկին Զոհրաբյան, իսկ ինչո՞ւ պետք է ընտրողը հատկապես Ձեզ վստահության քվե տա, ի՞նչ ուղերձով եք գնում ընտրողների մոտ:

– Իմ ուղերձը շատ հստակ է` այսօր երկրի բյուջեն հնարավորություն չունի ձեռնարկություններ վերագործարկելու, աշխատատեղեր բացելու: Մեր բյուջեն բավարարում է ընդամենը սոցիալական ծախսեր անելուն և ընդամենը Լեռնային Ղարաբաղի խնդրին, իսկ մենք չպետք է մոռանանք, որ ունենք այդ խնդիրը: Գործազրկության, աշխատատեղերի, արտագաղթը կանխելու համար մեկ լուծում կա` ներդրումներ: Դա կարող է անել եւ արդեն անում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը`թե  իր սեփական ներդրումները, թե բերելով օտարերկրյա ներդրումներ: Եվ այո, պարոն Ծառուկյանը պատրաստ է նաև այս տարածաշրջանում անել լրջագույն ներդրումներ, ինչը կլուծի աշխատատեղերի խնդիրը:

Ես շատ բանի համար չեմ ներելու Հանրապետականին, բայց ամենավատ բանը, որ իրենք արել են`մարդկանց հույսն ու հավատը կոտրելն է: Նայում ես մարդկանց աչքերին` չկա հույս, չկա հավատ, այս հպարտ ժողովուրդը, որը նաև մեր սահմանապահն է, այսօր մտածում է, թե ի՞նչ անի, որ նպաստառուի ցուցակում ընդգրկվի: Իմ ուղերձը հետևյալն է` չեմ անելու որևէ բան, որպեսզի ձեր ընտանիքն ավելանա նպաստառուների ցուցակում, բայց ես անելու եմ ինձանից կախված ամեն ինչ, որ դուք ունենաք արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ աշխատատեղ: Միայն այդ կերպ մենք կկարողանանք առկա խնդիրները լուծել: Վաղը ես արդեն կտեղափոխվեմ Գորիսի տարածաշրջան ու կփորձեմ այս կարճ ժամանակահատվածում լինել հնարավորինս շատ համայնքներում` թե Սյունիքի մարզում, թե Վայոց ձորում:
Տեղեկություններ կան, որ թաղային հեղինակությունները շարունակում են նախկին գործոլաոճը` հանդիպում են տարբեր գյուղապետերի հետ, նրանց գումարներ առաջարկում, որովհետև զանգվածային ընտրակաշառք չեն կարող բաժանել: Բախվե՞լ եք նման խնդիրների, դրանք խոսակցություններ են, թե՞ իրականություն:
– Այո, նման տեղեկատվություն կա, եւ ես կրկին ուզում եմ Ազգային անվտանգության ծառայության, մեր կառավարության ու վարչապետի ուշադրությունը հրավիրել այս խնդրին. այո, ես ինքս ահազանգեր ստանում եմ, որ տարբեր թեկնածուներ, թեկնածուների «պապաներ» գնում, հանդիպում են գյուղապետերի հետ, նրանց այս կամ այն կերպ շահագրգռում են, որպեսզի կոնկրետ գյուղից որոշակի քվեներ ապահովեն: Սա քրեական հանցագործություն է, և հորդորում եմ իրավական համակարգին շատ ուշադիր լինել, զգոն լինել, քանի որ այդ խնդիրը այսօր էլ կա ու պետք է կանխվի, այլապես մենք ունենալու ենք հերթական ոչ լեգիտիմ ընտրությունը, և ԱԺ-ում ունենալու ենք հերթական տապանաքարերի խմբաքանակը, որոնք գալու են, նստելու են ու լռելու են` այդպիսով վնասելով նաև պետությանը: Մի երկու հանցագործի ձեռքը, եթե բռնեն, վստահ եմ, որ մինչև ընտրություն այս խնդիրը մենք կկարողանանք կարգավորել:
Եվ ևս մեկ խնդիր, որի վրա ես հրավիրում եմ նաև ԿԸՀ նախագահի ուշադրությունը. հստակ հանձնարարեք հանձնաժողովի անդամներին, որ այն խայտառակությունը, որ տեղի ունեցավ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ հենց մի կուսակցության ներսից վերցնում էին քվեները և դնում էին մեկ այլ թեկնածուի տրցակի վրա, հատկապես հեռավոր գյուղերում, որպեսզի այս երևույթը չշարունակվի: Եթե սա նորից տեղի ունենա, ապա դա լուրջ հարված է մեր ընտրական համակարգին և ընտրությունների վստահելիությունը մեծապես կասկածի տակ է դրվելու:

– Իսկ քարոզարշավն ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում. տպավորություն է, որ «Իմ քայլը» դաշինքը եւ ՀՀԿ-ն միմյանց հետ «պասերով» քարոզարշավ են տանում`ծածկելով դաշտը եւ մյուս քաղաքական ուժերին կարծես ուշադրությունից դուրս թողնելով:

– Քարոզարշավի սկզբում ԲՀԿ-ն հերթական կոչն արեց քաղաքական ուժերին`գոնե մեկ անգամ հարգել ընտրողին եւ ընտրողին չտեղափոխել քաղաքական ռինգ, ընտրողին չսարքել քաղաքական մարդաբոյի եւ քաղաքական բոքսի հանդիսատես: Ցավոք, այս անգամ եվս հնարավոր չեղավ խուսափել դրանից: Ցավ եմ ապրում, որ հերթական անգամ հայաստանցին, ընտրողը, զրկվեց կոնկրետ ծրագրերի միջեւ ընտրություն կատարեց: Հերթական անգամ ընտրությունը, կարծում եմ, գնալու է`«ով ում լավ բոքսեց» ծրագրի շրջանակներում: Ես մեկ բան կարող եմ ասել`ես չգիտեմ, թե Երեւանի կամ Երեւանի բնակավայրերին կից ընտրողին որքանով է հետաքրքիր այդ քաղաքական ռինգը, ես արդեն մոտ մեկ ամիս է այս սահմանամերձ տարածաշրջանում եմ եւ կարող եմ հաստատ ասել`այստեղ մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում այդ քաղաքական փոխհրաձգությունը: Մարդկանց հետաքրքրում են իրենց կոնկրետ խնդիրները եւ դրանց լուծումները: Սա է իրենց համար ամենակարեւորը:

Ակնկալում եմ, որ Հայաստանի սթափ մտածող քաղաքացիները իրենց քվեն կտան ԲՀԿ-ին: Ինչո՞ւ: Որովհետեւ ԲՀԿ-ն դուրս է այս քաղաքական ռինգից, ԲՀԿ_ն ներկայացնում է բացառապես տնտեսական հեղափոխության իր ծրագիրը`շատ ռեալ, շատ իրատեսական, շատ իրականանալի:

Ձեր իմիջի փոփոխությունը շատ քննարկվեց ոչ միայն հայկական, այլ նաեւ ռուսական ու չգիտես ինչու, արաբական մամուլում, եգիպտական թերթերն էին գրել: Շատ վերլուծաբաններ Ձեր նոր իմիջը կապեցին առավել քվեներ հավաքելու հետ: Կա՞ր նման մտադրություն:

– Գիտեք, ինձ պարզապես վիրավորում են նման կարգի եզրահանգումները: Ես, իհարկե, շատ շոյված եմ, որ մի քանի օր իմ իմիջային փոփոխությունը դարձել էր ոչ միայն հայաստանյան, այլ, ինչպես դուք նշեցիք, միջազգային մամուլի թոփ թեմա, բայց ես կարծում եմ, որ այնպիսի քաղաքական գործիչ եմ եւ ունեմ այնպիսի կենսագրություն, որ քվե ակնկալելու եմ իմ կատարած աշխատանքով եւ այն աշխատանքով, որն անպայմանորեն կատարելու եմ Սյունիքի մարզում: Սյունիքում եւ Վայոց ձորում որեւէ ընտրողի բացարձակապես չի հետաքրքրում թեկնածուի արտաքին տեսքը: Իրենց բացարձակապես չի հետաքրքրում այն, ինչ այսօր կատարվում է երեւանյան քաղաքական իրականության մեջ, այդ քաղաքական ռինգը, այդ քաղաքական մարդաբոյը: Իրենք ուղղակի նողկանք են զգում, տեսնելով թե ինչպես են քաղաքական ուժերը ռինգ դուրս եկել, որովհետեւ այստեղ ապրում են իրական մարդիկ, իրական հոգսերով, որոնց պետք է կոնկրետ գործ անող քաղաքական ուժ եւ կոնկրետ գործ անող պատգամավոր: Եվ ես անպայմանորեն իրենց համար լինելու եմ այդ պատգամավորը:

 

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930