Լրահոս
Օրվա լրահոսը

Ում «շունն» է միակը եւ ճիշտը

Նոյեմբեր 29,2018 10:32

Ինչպես հայտնի է, Հայաստանում շատ դժվար է բանավեճեր կազմակերպել: Պատգամավորների թեկնածուները խիստ քմահաճ են այդ հարցում: Եթե մեկը կուսակցական ցուցակում, ասենք, 7-րդն է, ապա նա իր արժանապատվությունից ցածր է համարում բանավիճել այլ ցուցակում, ենթադրենք, 11-րդի հետ: Բերվում են նաեւ հետեւյալ փաստարկները՝ «նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ», «նա իմ տրամաչափի քաղաքական գործիչ չէ» եւ այլն: Արտասահմանից եկած հյուրերիցս մեկը վերջերս հետաքրքրվեց, թե ինչու է այդպես ստացվում:
Չգիտեմ, թե որքանով կարողացա միտքս հասցնել անգլերեն, բայց հիմա մայրենի լեզվով փորձեմ հայտնել իմ նկատառումները եւ սկսեմ նրանից, թե ինչու ես՝ որպես կողմ, երբեք չեմ մասնակցել եւ չեմ մասնակցելու որեւէ բանավեճի: Դրա համար կան երեք պատճառներ: Առաջինը՝ մասնագիտական. եթե ուզում ես լուսաբանել որեւէ ընտրարշավ, դու չես կարող որեւէ պարագայում հանդես գալ որպես կողմ՝ դա ստվեր է նետում քո լուսաբանումների վրա: Բայց եթե անգամ այդ մասնագիտական սահմանափակումը չլիներ, ես դարձյալ չէի մասնակցի բանավեճերի զուտ գործնական պատճառով՝ ես կպարտվեմ ցանկացած դեբատում, որովհետեւ դա «կավեէնի» կամ «ռեփերների» մրցույթի նման մի բան է՝ պետք է ունենալ արագ կողմնորոշվելու հմտություն եւ երբեք չմնալ դիմացինի «լեզվի տակ»: «Խոսքակոխ» անելու հիման վրա հանդիսատեսներն ասում են, որ այսինչը «հուժկու պատասխան» տվեց այնինչին, ջախջախեց կամ, ֆեյսբուքյան լեզվով ասած, «ցխեց» նրան: Իսկ ես ոչ մեկին «ցխելու» ո՛չ ունակություն ունեմ, ոչ էլ ցանկություն:
Վերջապես՝ կա երրորդ պատճառը, որը, կարելի է ասել, փիլիսոփայական է. ես ամենեւին վստահ չեմ, որ իմ կարծիքն ավելի արժեքավոր է, քան 7 միլիարդանոց մարդկության որեւէ ներկայացուցչի տեսակետը: Ընկալումների տարբերությունը հսկայական է՝ որքան մարդ, այդքան ընկալում: Օրինակ՝ երբ ես ասում եմ «շուն», ես նկատի ունեմ իմ պատկերացրած շանը, մնացած 7 միլիարդից յուրաքանչյուրն իր իմացած շանն է պատկերացնում, եւ այդ կենդանիներն իրենց արտաքին տեսքով ու բնավորությամբ չափազանց տարբեր են: Ո՞ր մեկիս պատկերացրածն է «ճիշտ շունը»՝ անիմաստ է վիճել:
Եվ այստեղ մենք մոտենում ենք իմ արտասահմանցի զրուցակցի հարցի պատասխանին: Ես չեմ մասնակցում բանավեճերի, որովհետեւ իմ տեսակետը հարաբերական եմ համարում, պատգամավորության թեկնածուները չեն մասնակցում, որովհետեւ բացարձակացնում են իրենց տեսակետները: Նրանք խիստ վիրավորվում են եւ նեղսրտում, երբ որեւէ մեկն իր մտքում ունի  այլ՝ իրենց պատկերացրածին ոչ նման «շներ»: Ինչպես տեսնում ենք, այս հարցում էլ ծայրահեղությունները համընկնում են:
Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nara says:

    Շատ ավելի հետաքրքիր կլիներ տեսնել քաղաքական ուժերի առաջին դեմքերի բանավեճը, հույսով եմ այդպիսի բանավեճ նախատեսված է???

  2. Լավատես says:

    ՝Եթե մեկը կուսակցական ցուցակում, ասենք, 7-րդն է, ապա նա իր արժանապատվությունից ցածր է համարում բանավիճել այլ ցուցակում, ենթադրենք, 11-րդի հետ: … «նա իմ տրամաչափի քաղաքական գործիչ չէ»՝
    Շատ հոյակապ սկզբունք է՝ դուք ձեր թանկարժեք մեքենային չեք նեղացնի էժան պահեստամաս դնելով: Եթե դուք ձեր բնագավառում՝ ասենք ուժային, զբաղեցնում եք երկրորդ տեղը, ապա դուք պետք է ծառայեք այլ բնագավառի՝ ասենք նյութական կամ ոչ նյութական ու ոչ ուժային բնագավառի ներկայացուցչի՝ ասենք գիտության երկրորդ տեղի ներկայացուցչին ու բոլոր մնացած ցածր՝ երրորդ, չորրորդ եւ այլն տեղերի ներկայացուցիչներին, բայց առաջինին ծառայելու իրավունք չունեք: Սա ազգի ինքնաաստիճանավորման սկզբունք է՝ ազնվականները բարձրում են գտնվում, բայց ծառայում են բոլորին, իսկ ամենացածրերը ոչ մեկին չեն ծառայում ու միայն նրանց են ծառայում՝ ինչպես բոլորը ընտանիքում ծառայում են ամենափոքրին մինչեւ որ մեծանա: Օրինակ, Տիգրան Մանսուրյանը եթե կես խոսք ասի, որ այսինչ ծախսեր են պետք այսինչ գործի համար, նույն ՝տրամաչափի՝ գործարարները առանց հապաղելու ու իրենց համար մեծագույն պատիվ համարելով կիրագործեն այդ ծախսերը, իսկ նույն ՝տրամաչափի՝ ուժային կառույցները կապահովեն այդ գործի անվտանգությունը: Մեր ազնվականությունը պետք է ծառայի պետական համակարգում, նա պետք է դաստիարակի ու որակ տա ժողովրդին:

Պատասխանել