Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանրացումների ծուղակը

Նոյեմբեր 20,2018 10:00

Հասարակական կարծիքն առաջանում է ոչ թե դատողությունների, բանական փաստարկների կամ տրամաբանական եզրահանգումների, այլ պատկերների, ասոցիացիաների եւ ընդհանրացումների հիման վրա: Պատկերացրեք, օրինակ, հյուսիսային որեւէ ազգի ներկայացուցչի, որը երբեք ապակի չի տեսել: Նա գիտի, որ սառույցը թափանցիկ է եւ հալվում է բերանում: Միանգամայն սպասելի է, որ նա այդ հատկությունները տարածի բոլոր թափանցիկ առարկաների, այդ թվում՝ ապակու վրա:

Մարդկային զանգվածն այդ առումով նույն վարքագիծն է դրսեւորում. առանձին հավաքարարը կամ, առավել եւս՝ առանձին ակադեմիկոսը կարող է գիտակցել, որ մեկ կամ մի քանի մարդկանց հատկանիշները չի կարելի տարածել ամբողջ խմբի կամ տեսակի վրա: Բայց 10 հավաքարարներ կամ 10 ակադեմիկոսներ, երբ հավաքվում են միասին (նաեւ վիրտուալ տարածքում), ուզած-չուզած վարակվում են միեւնույն էմոցիաներով եւ կարող են, այսպես ասած, «մի բոխչայի մեջ հավաքել» բոլոր սեւամորթներին, բոլոր թուրքերին, բոլոր մահմեդականներին, բոլոր ակնոցավորներին կամ բոլոր ատոմային ֆիզիկոսներին:

Կուսակցությունների հանդեպ վերաբերմունքը նույնն է: Երբ ասվում է՝ «ՀՀԿ-ն, ՀՀՇ-ն, կոմունիստները թալանում էին ժողովրդին եւ կործանում էին երկիրը», նկատի ունեն, որ այդ կուսակցությունների «կրծքանշանը» կրող մարդկանց մեջ կան անձնավորություններ, որոնք խնդիրներ ունեն օրենքի հետ: (Ի դեպ, սովորաբար հենց նման անձնավորություններն են, որ իրավիճակի փոփոխությանը զուգահեռ փոխում են նաեւ իրենց «կրծքանշանները»): Սակայն հասարակական կարծիքը, միեւնույն է, տեսակի մեջ չի առանձնացնում այս կամ այն խումբը. նրա համար, եթե շարունակենք համեմատությունը, բոլոր թափանցիկ առարկաները սառույց են:

Զանգվածներին տարհամոզելը շատ բարդ է, եւ ճանապարհը թերեւս մեկն է՝ ընդունել սեփական տեսակի միջի «սեւը», դատապարտել այն եւ սահմանազատվել դրանից: ՀՀԿ-ի դեպքում կուսակցականները պետք է ասեն՝ «ահա ա՛յս մարդիկ էին թալանում ժողովրդին, եւ մենք նրանց հետ կապ չունենք»: Բայց, իհարկե, դա ավելի հեշտ է ասելը, քան անելը: Օրինակ՝ երբ ասում են՝ «բոլոր լրագրողները փողով վարկաբեկիչ նյութեր են գրում», ես, իմանալով, թե ովքեր են այդպես վարվում, այնուամենայնիվ, որեւէ ցանկություն չունեմ խորասուզվելու այդ խնդրի մեջ, քանի որ դա, ի վերջո, վերածվելու է տգեղ եւ անիմաստ լեզվակռվի: Տարբերությունն այն է, որ ես կարող եմ ինձ վրա չվերցնել վերոհիշյալ ընդհանրացումը: Սակայն կուսակցությունները չեն կարող, որովհետեւ նրանք պարբերաբար (այդ թվում նաեւ՝ հիմա) գնում են ընտրողների մոտ եւ հայցում նրանց ձայները:

Եվս մի ընդհանրացում, որն այսօր արդիական է. իշխող կուսակցությունների վերնախավը մեծամիտ է, ամբարտավան, ինքն իրենից զարմացած: Դա ոչ միայն ընդհանրացում է, այլեւ տարիների փորձի ամփոփում: Բայց կարող է, չէ՞, լինել իշխող այլ կուսակցություն եւ այլ վերնախավ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Ընդհանրացման» վտանգի փախստական պատրուակով ալ, կան շատեր որոնք կը խուսափին որեւէ կարծիք կազմելէ, որոշում առնելէ, դիրք ճշդելէ, դիրքորոշում ունենալէ: Այդպէսով, անոնք կը մնան «ապահով»… բոլոր այլընտրանքները միշտ բաց… Եւ ոմանք այս օդին-մէջ-մնալը, բնաւ-կեցուածք-չունենալը, կը շփոթեն բարձրորակ մտածողութեան հետ (բացայայտ է թէ խօսքս Խմբագրին մասին չէ. ան ի հարկին շատ լաւ ալ գիտէ իր դիրքն ու կարծիքը անվախօրէն արտայայտել, թէկուզ յատուկ նրբութեամբ եւ քաղաքավարութեամբ, եզակի վարպետութեամբ մը որ երանելի է) :
     
    Որեւէ հաւաքականութիւն, իր յստակ մեծամասնութեան մէջ, ունի հասարակաց առանձնայատկութիւններ, իր բաղադրիչները բնութագրող ընդհանուր ստորոգելիներ, այլազան իմաստներով՝ հաւաքական դիմագիծ, common denominator-ներ, եւայլ:
     
    Նոյնքան անիմաստ է (եւ շիտակն ասելու համար՝ զզուելի) այդ բոլորը հերքելն ու ուրանալը, չտեսնելը (կամ աւելի վատ՝ չտեսնել ձեւացնելը), որքան՝ վերջնական ու լիովին անխախտելի կարծիք կազմելը, միայն անոնց վրայ հիմնուելով:
     
    Ամէ՛ն բանի մէջ բացառութիւն կայ: Սակայն տեղ մը հասած ենք ուր բացառութիւնը կարծես թէ աւելի նշանակալից, տիրապետող իրականութիւն է, քան թէ լայնածաւալ նորմը, ընդհանուր ու լայն, ակնյայտ իրականութիւնները: Մինչդեռ յաճախ, ընդհակառակն, ինչպէս կ’ըսեն՝ l’exception confirme la règle: Բացառութիւնը կը հաստատէ, ա՛լ աւելի ցայտուն կը դարձնէ ընդհանուր իրականութիւն մը:

    Հապճեպ ու մակերեսային բնորոշումները զանգուածային տխմարութեան կը տանին, պարզ է: Սակայն որեւէ իրականութիւն տեւաբար հարցականի տակ դնելն ալ կ’արտադրէ լպրծուն, որձեւէգ ու անողնայար, անվստահելի, շփոթ ու շուարած, սակայն միաժամանակ իրենք զիրենք շատ խելացի ու բանիմաց համարող, աննշան գոյակներ: Որոնցմէ շատերը կը կոչուին արդիական, ուսեալ երիտասարդներ:

Պատասխանել