ՀՀԿ-ի որոշումը՝ մասնակցել ընտրություններին, այդ կուսակցության ցուցակում Վիգեն Սարգսյանի եւ Դավիթ Շահնազարյանի հայտնվելը ընտրարշավը կդարձնեն ավելի հետաքրքիր: Անկախ նրանից, թե ով որքանով է համաձայն հիշյալ գործիչների հետ, նրանց հետաքրքիր է լսել, նրանց մասնակցությամբ բանավեճերը (եթե կազմակերպվեն) կլինեն տեսարժան:
Ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն երկու խնդիր ունի, մեկը՝ անլուծելի, մյուսը՝ դժվար լուծելի: Անլուծելի խնդիրն այն է, որ այդ կուսակցության կողմից հնչեցրած որեւէ փաստարկ, անգամ աստվածաշնչյան ճշմարտություն, չի ընկալվի, կմերժվի, կարժանանա բուռն բացասական արձագանքի, սուլոցների, «հու»-երի: Ընդ որում, «սուլելու» են ոչ միայն «իշխանության կուսակցության» անդամները եւ նրանց համակիրները, նույնն անելու են քարոզարշավի բոլոր մասնակիցները. քաղաքացիների մեծամասնության ատելությունը վայելող կուսակցությունը շատ հարմար թիրախ է՝ քաղաքական դիվիդենդները շահելու համար: Խոսել ապագայի տեսլականների մասին բարդ է, գիտելիքներ, մտավոր ճիգեր է պահանջում, խոսել այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ն թալանել երկիրը, չափազանց հեշտ է: Մանավանդ, որ մեծ մասամբ նաեւ՝ ճիշտ է:
Հանրապետականների համար մեկ այլ՝ դժվար լուծելի խնդիրը ժողովրդի հետ «վիզուալ կոնտակտի» մեջ մտնելն է: Դրա մասին՝ մեկ ուրիշ անգամ:
Դավիթ Շահնազարյանի մասին: Եթե մարդը ձգտում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի նախընտրական ցուցակում, հասկանալի է, որ դա կարող է կասկածներ առաջացնել, որ նա ձգտում է հայտնվել «իշխանության կերակրատաշտի» մոտ կամ պարզապես երազում է պատգամավոր դառնալ (մնալ)՝ օգտվելով մեծ ժողովրդականություն վայելող լիդերի ընձեռած հնարավորությունից, չէ՞ որ այդ ցուցակից մի 50-60 հոգի կհայտնվեն խորհրդարանում: (Չնայած բացառված չէ, որ իշխանական ցուցակ մտնելու դրդապատճառները կարող են միանգամայն ազնիվ լինել): Բայց երբ քաղաքական գործիչը մտնում է ամենաքարկոծվող, ամենաատելի կուսակցության նախընտրական ցուցակ, որի խորհրդարանական հեռանկարները, մեղմ ասած, խիստ մշուշոտ են, այդ գործչի հասցեին մեղադրանքներ հնչեցնելը տրամաբանական չէ: Իմ տպավորությամբ՝ ՀՀԿ-ն պարոն Շահնազարյանի համար այն հարթակն է, որտեղ նա կարող է հնչեցնել Արցախյան խնդրի վերաբերյալ իր հայացքները՝ ընտրություններին մասնակցող մնացած կուսակցությունները կա՛մ համամիտ են այդ հարցում իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետ, կա՛մ էլ «ռիսկ չեն անում» քննադատել՝ հասկանալով, թե հայհոյանքների ինչ տարափ է դա առաջացնելու:
Ինչ մնում է հայհոյողներին… Այդ մարդկանց կարելի է կարեկցել: Չէ՞ որ հայհոյանքն ի վերջո օգնություն հայցող ճիչ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՀԿ-ի այժմ առաջին գիծի դերակատարները յաճախ խելացի, կառուցողական եւ օգտակար բաներ են ասում, եւ առաջին հերթին Պարոն Փաշինեանը մեծապէս կը շահի եթէ բարեհաճի զանոնք երբեմն մտիկ ընել (նոյնիսկ առանց յայտնի ընելու, կամ հակառակը իսկ ըսելով, ծաղրել ձեւացնելով) : Միայն թէ, credibility խնդիր մը ունին անոնք… Ոչ թէ անկեղծ չեն, այլ մի քիչ ուշացած են դառնալու ինչպէս որ են հիմա, եւ այդ ալ տեղի ունեցաւ զօրով, բարոյական բռնի ուժով, ոչ թէ ինքնակամաբար եւ բնական հոլովոյթով: Աւելի շուտ պէտք է որ անոնք շղթայազերծուէին այդ կուսակցութեան մէջ, այդ ալ բոլոր կուսակցութիւններու խնդիրն է: Այսինքն, այդ ուղղութեամբ հարցը միայն՝ ատելութեամբ սնանող, մակերեսային զգացումներու յանձնուած, ուղեղը չգործածող, մշտապէս դժգոհ, զայրացած ու խռոված ամբոխը չէ – որ վաղն ալ արդէն խաչելու է անշուշտ իր նորագոյն Փրկիչը – :
Պարոն Շահնազարյանի պարագային, թերեւս իր կեանքի այս հանգրուանին, նա ՀՀԿ-ն համարում է իր քավարանը: Երբ որ մարդ ուզէ ինքնուրաց եւ անձնապէս անշահագրգիռ կերպով, ամենադժնդակ ու ապերախտ ուղիներով, ծառայել իր երկրին, գոնէ առիթը պէտք է ունենայ անելու այդ, բայց այդ ալ կախեալ է անշուշտ տուեալ երկրի բնիկներէն:
Երբ տարանջատվում ես այսօրվա քաղաքական թոհուբոհի իրադարձություններից և հայածք գցում այս ամենի վրա մի փոքր վերևից, հասկանում ես, որ այս քաղաքական իրարանցումը գաղափարների կռիվ չէ, այլ համապատասխան դիրքեր գրավելու կռիվ: Եվ այդ առումով, ինչպես նշեց հոդվածի հեղինակը, տեսարանը դառնում է բավական դիտարժան և ընդամենը: Վերջին տասնամյակների ընթացքում, անցնելով զանազան քաղաքական փորձությունների միջով, մեր ազգաբնակչությունը վերածվեց ժողովրդի և խոստումներով, շոուներով նրան այլևս չես գայթակղի: Իսկ եթե որև է անձ, որն ունի ազնիվ նպատակներ և առաջնորդվում է հայրենասիրական մղումներով, ապա Հայրենիքին ծառայելու ճանապարհը միշտ էլ կգտնի: Եթե անձը իր կյանքով, կեցվածքով և գործերով ապացուցի, որ արժանի է լինել Խորհրդարանում, ապա նա այնտեղ վաղ թե ուշ կհայտնվի: Ներկայիս Հայաստանում պետականաշինությունը դարձել է ձեռնտու մասնագիտություն: «Շինարարները» ձև են անում, որ կառուցում են, իսկ ժողովուրդը ձև է անում, որ ապրում: