Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալեն Սիմոնյանի, Սպարտակ Սեյրանյանի, Նաիրա Զոհրաբյանի համահեղինակությամբ ներկայացված «Վիճակախաղերի եւ շահումով խաղերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծը:
Նմանատիպ մի նախագիծ էլ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, նա էլ առաջարկում է ՀՀ-ում օրենքով արգելել տարատեսակ բուքմեյքերական գործունեությունները: Կառավարությունը նրա նախագծին տվել է բացասական եզրակացություն, իսկ Ալեն Սիմոնյանի նախագծին՝ դրական եզրակացություն: Նա ասաց, որ եթե իր նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն չստանա, ինքը կմիանա Ալեն Սիմոնյանի նախագծին: Բայց մինչ այդ նա հարցեր ուղղեց Ալեն Սիմոնյանին: Ըստ նրա, խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ տպավորություն ստեղծեն, թե խնդիրը լուծում են, բայց այդպես էլ չլուծեն, տպավորությունը կանցնի, խնդիրը կմնա ու կա տարբերակ իսկապես խնդրին լուծում տալու. «Պարոն Սիմոնյան, դուք չունե՞ք մտավախություն, որ ձեր նախագծի օրենք դառնալու պարագայում ձեր ասած 62 հազար ՀՀ-ում խաղացողների թիվը ոչ թե կնվազի, այլ կմնա նույնը, ձեր ասած betting shop-երը բակերում չեն լինի, բայց դրանց օգտատերերը վաղը ինտերնետի միջոցով են խաղադրույքներ անելու»: Ըստ Ֆարմանյանի, քանի որ ինտերնետը չի արգելափակվում նախագծով, բակերում բեթթինգ շոփերը հանելով՝ այլ նպատակ են հետապնդում:
Ֆարմանյանն ասաց, որ ինքը խոսել է այդ ոլորտում գործունեություն իրականացնող 5 ընկերությունների հետ ու մտահոգություն կա, որ իրականում մոնոպոլ դիրք կստանան այդ ընկերություններից 1-2-ը մյուսները կզրկվեն լիցենզիայից, էլ իմաստ չեն ունենա այդ գործունեությամբ զբաղվելու. «Իրականում կհանգեցնի 1 կամ 1,5 ընկերությունների մոնոպոլիայի, որովհետեւ մյուս 3-ը գործունեություն ծավալում են միայն betting shop-երի միջոցով, մյուսները՝ ինտերնետով»:
Ֆարմանյանն ասաց. «Պարոն Սիմոնյան, ձեզ չի՞ անհանգստացնում կառավարության եզրակացությունը՝ ձեր օրենսդրական նախաձեռնության մասին: ՀՀ վարչապետը խոսել է տնտեսական մեր կառուցվածքում վիճակախաղերից, շահումով խաղերի մասնաբաժնի մասին: Հետեւյալ տպավորությունն է ստեղծվում՝ մենք ցանկանում ենք, որ այս ոլորտում էական նորմատիվային որեւէ կարգավորում տեղի չունենա, հետո մենք կգտնենք պատճառներ, թե ինչպես հիմնավորենք մեր նախատրամադրվածությունը»: Ֆարմանյանն ասաց, որ ԿԲ-ից տվյալներ է ստացել, որ տարեկան մոտ 6 մլրդ դրամ ՀՀ-ից փոխանցվում է արտասահմանյան լիցենզավորված կազմակերպություններին: Գոնե արգելափակվեն նրանց դոմեյնները, այդ գումարների մեծ մասը դուրս չի գա, եթե ուղղվելու է, գոնե տեղական շուկաներ կուղղվի:
Ալեն Սիմոնյանը նրան պատասխանեց՝ ասելով, որ ինչ ասում եք, տպավորիչ ու գեղեցիկ է հնչում, բայց կա ՀՀ-ում դուք օգտագործում եք «ինտերնետը փակել» արտահայտությունը. «ՀՀ-ում ինտերնետը չի փակվել, չի փակվելու: Դա տեխնիկապես անել ուղղակի անհնար է, եթե դու Հյուսիսային Կորեա չես: Լավ է հնչում՝ դնել ընդհանրապես փակել: Բայց մարդիկ խաղում են, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վրա 5000 դրամ դնելով՝ մարդը ինչ-որ ձեւ դրան մասնակցում է: Ընդհանրապես փակելը բերելու է նրան, որ բակերում ունենալու ենք մատնոց խաղացողներ, գրազ խաղացողներ: Դա ուղղակի անհնար է: Խոսում եք 1,5 ընկերության մոնոպոլիայի մասին: Շատ շուտվանից այդ ոլորտը տեղափոխվել է ինտերնետ տիրույթ եւ ձեր ասած ընկերությունները մեծամասամբ ՀՀ-ում իրենց գործունեությունը իրականացնում են ինտերնետ տիրույթում: Իսկ մյուսներին, որ ասում եք, այո՛, ես դեմ եմ, թող աշխատատեղ փակվի, այն մարդը, որը հացի փող չունի, գնում է գազալցակայան, որ լիցքավորի մեքենան, մի 50-100 դրամ քիչ վճարի, մենք ինչ է ասում ենք՝ էս մի ընկերությունը քիչ ինտերնետային է, մյուսը՝ շատ, մեկը շատ է շահում նախագծից, մյուսը՝ քիչ՝ չանե՞նք: Ո՞նց, մենք մարդկանց մասին պետք է մտածենք»:
Ըստ Ալեն Սիմոնյանի, նախագծի շնորհիվ կհասնեն նրան, որ Երեւանի բժշկական համալսարանի դիմացի մայթը ինտերնետ ակումբի անվան տակ կազինո չի լինի. «Մտնում ես՝ կարմիր խալին փռած ա, բժշկական համալսարանի մասին է խոսքը՝ Կորյունի փողոցում գտնվող, մտնում ես՝ ոնց որ կազինո մտնես»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք գտել են ոսկե միջինը. «Ես չեմ ասում, որ այս օրենսդրական նախաձեռնությունը այդ 62 հազար խաղացող մարդկանց հարցը միանգամից լուծելու է: Բայց մի բան է ամեն քայլափոխի մարդկանց գայթակղելը, մեկ այլ բան է դա չանելը»:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե տեխնիկապես հնարավոր լինի այնպես անել, որ մի դրամ անգամ ՀՀ-ից չգնա արտասահմանյան կազմակերպություններին՝ ինտերնետի միջոցով, ինքը կողմ է դրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ