Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզարշավի «աղը» թշնամիների կերպարներն են

Նոյեմբեր 07,2018 10:00

Ինչպես արդեն առիթ եմ ունեցել գրելու, այս ընտրարշավում գործող իշխանություններին քննադատելը ձեռնտու չէ քաղաքական ուժերին: Դա «ճարահատյալ» անելու է միայն ՀՀԿ-ն, որը կորցնելու այլեւս ոչինչ չունի եւ միեւնույն է, բոլոր պարագաներում ստանալու է հայհոյանքների իր բաժինը: Մնացած կուսակցությունները դա կվարանեն անել, որովհետեւ կվախենան ստանալ «ծպտված ՀՀԿ-ականի» պիտակը:

Բայց ինչ-որ «քննադատական օրակարգ» պետք է՝ ժողովրդին դուր է գալիս լսել խարազանող, խայթող, «բարոյապես ոչնչացնող» բառեր: Ամենահարմար թիրախն այս առումով նույն ՀՀԿ-ն է, որի հանդեպ հսկայական բացասական էներգիա է կուտակված: Բայց նախընտրական բոցաշունչ հռետորաբանության համար պետք են նաեւ այլ «թշնամիներ»՝ կերպարներ, որոնք գոնե հասարակության մի մասի կողմից բացասաբար են ընկալվում, եւ որոնց այս առումով կարելի է «խաղացնել»:

Ադրբեջանցիներն ու թուրքերն այդ դերի համար չեն սազում, որովհետեւ նրանց մասին արդեն ամեն ինչ ասված է, եւ նրանց մտադրությունների վերաբերյալ Հայաստանում ոչ ոք կասկած չունի: Այլ բան է «Ռուսաստանը» եւ «Արեւմուտքը» (Միացյալ Նահանգներն ու Եվրոպան՝ միասին վերցրած): Այդ երկու աշխարհագրական եզրերը պատահաբար չէ, որ չակերտների մեջ եմ վերցնում, որովհետեւ դրանք իրական Ռուսաստանն ու Արեւմուտքը չեն, այլ իրականության մտավոր արտապատկերներն են, որոնք գոյություն ունեն հասարակական որոշակի շերտերի երեւակայության մեջ: Իրականությունն, իհարկե, շատ ավելի հարուստ է, բազմազան եւ չի տեղավորվում կարծրատիպերի մեջ:

Նախընտրական քարոզչության «բացասական կերպարներից» մեկը կարող է լինել Ռուսաստանը, որը մեզ իբր «գաղութացրել է», եւ որի «ճանկերից» մեր երկիրն իբր պետք է փրկվի: Հակառակ «կարծրատիպային թիրախն» է ԱՄՆ-ը, որի ներկայացուցիչ Բոլթոնը վերջերս իբր ստիպում էր մեզ հանձնել Արցախը: Նույն «չարիքի առանցքի» մեջ մտնում է նաեւ Եվրոպան, որի ուշքն ու միտքը, «բնականաբար», ավանդական հայ ընտանիքը քանդելն ու մեզ ազգային ինքնությունից զրկելն է: Եվ այս առումով ԼԳԲՏ-ի մասին պարապ խոսակցությունները նույնպես կարող են ազդել ընտրազանգվածի որոշ մասի վրա՝ «էս տղեն ազգի մաքրության մասին է մտածում»:

Իսկ հնարավոր չէ՞ արդյոք ապրել առանց թշնամիների, իսկ քարոզի ժամանակ չշահագործել ավանդական վախերն ու բարդույթները: Ինձ թվում է՝ դա հնարավոր է: Բայց այդ դեպքում քարոզարշավը կզրկվի «աղուբիբարից»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Աղն ու մաղը չգիտեմ, բայց Իսոյի հետ Շանթով հանդիպելը ո՞վ էր հնարել: Տպավորություն էր, որ հազիվ պրծար սաղ սալամաթ: Զգուշ էղի, Արամ ջան՝ ջանդամ ըլի ըտենց գորձը:

  2. Հ.Շ. says:

    «Կարծրատիպերը կոտրել»ու մարմաջին մէջ – զորս արտակարգօրէն սուր է, Հայաստանում, ոնց որ մտասեւեռում լինի այդտեղ -, սխալ է ստորագնահատել շատ մը իսկական վտանգներ, ներքին լուրջ խնդիրներ:

    Դասական Սփիւռքի հային համար որ սերունդներէ ի վեր կը ջանայ կառչիլ իր Հայի ինքնութեան, ամենաանկիւնադարձային պահը այն է երբ այլեւս կը ստիպուինք անդրադառնալու թէ Հայաստանին անունը թեպէտ Հայաստան է, սակայն այդտեղ շատ աւելի զօրեղ, ազդու եւ գերիշխող են արտաքին ու օտար բազմատեսակ ազդեցութիւնները, քան թէ՝ ուղղակի օտար երկիրներու մէջ գտնուող հայկական համայնքներուն մէջ, օտարերկրեայ հայ գաղութներուն մէջ, ըլլան անոնք Արեւմուտքի մէջ թէ Արեւելքի:

    «Ազգային Բանակ»ը շատ հզօր է կ’ըսուի անդադար, դեհ լաւ, շարունակենք ըսել այդպէս, ինչո՞ւ չէ, քարոզչութիւնն ալ զինամթերք է: Սակայն յստակ է թէ «թիկունքի» թուլութիւնը խլինքի նօսրութիւնը ունի այլեւս: Այդ պատճառով ալ դեռ շա՜տ երկար կը տեւէ այդ պատերազմը:

Պատասխանել