Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Փաշինյանը 10 փաստ բերեց՝ ապացուցելու, որ տնտեսությունում «պոզիտիվ տրանսֆորմացիա» է լինում

Նոյեմբեր 01,2018 14:52

«Մենք ագրարային, հանքարդյունաբերող, ընդերք քանդող ու խաղադրույք կատարող երկրից պետք է վերածվենք տեխնոլոգիական արտադրանքի արդյունաբերական եւ արտահանմանը միտված տնտեսություն ունեցող երկիր: Հենց այսօր այս գործընթացը տեղի է ունենում ՀՀ-ում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն իրավունքի ուժով ցրվելու է, եթե Փաշինյանին չընտրեցին վարչապետ:

Նիկոլ Փաշինյանը փաստեր ներկայացրեց՝ ապացուցելու համար, որ տնտեսությունում իրականում դրական տեղաշարժեր են լինում ու «տրանսֆորմացիայի» գործընթաց է.

«Փաստ 1. Կառավարությունն ունի գործիք, որով գերակա ոլորտում ներդրումներ իրականացնող, աշխատատեղեր ստեղծող, որոշ չափանիշներին համապատասխանող ընկերություններին ազատում է մաքսատուրքից եւ ԱԱՀ-ի վճարումը երկարաձգում: Այս գործիքի շրջանակներում իրականացված ներդրումների վերլուծությունը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, մնացած ոլորտներում իրականացվող ներդրումները ոչ թե 5, այլ 9 ամիսների ընթացքում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ ակնկալվող ներդրումները աճել են 30 տոկոսով: Դրանք վերաբերում են ժամանակակից տեխնոլոգիաների եւ մրցունակ արտադրանքի թողարկմանը: Այդ սարքավորումները աշխատացնելու համար անհրաժեշտ աշխատատեղերի քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 30 տոկոսով:

Փաստ 2. 2017-ի առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով, խոսքը սարքեր, սարքավորումներ, մեքենաներ ներկրելու մասին է եւ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ներկրումները մեծ մասամբ չեն վերաբերվում հանքարդյունաբերության ոլորտին, 2018-ի ընթացքում հումքի ներկրումը աճել է ծուրջ 29 տոկոսով, որը պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ: Սա ցույց է տալիս, որ մեր մոտ տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիա: Գյուղատնտեսության ոլորտում տեսնում ենք միտում տրանսֆորմացիայի դեպի ժամանակակից եւ տեխնոլոգիական գյուղատնտեսության:

Փաստ 3. Արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է ցածր՝ 0.9 տոկոս աճ՝ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: Թեղուտում խնդիրներ կան, հանքարդյունաբերության ոլորտի ցուցանիշը ընդհանուր տնտեսության վրա մեծ է: Բայց նախորդ տարվա սեպտեմբեի նկատմամբ վերամշակող արդյունաբերությունում ունենք 11.4 տոկոս աճ: Այս թվերը խոսում են մի բանի մասին՝ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինն իջել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը լրջորեն ավելացել:

Փաստ 4. Շինարարության ոլորտում ունենք 3.5 տոկոսի աճ այս տարվա սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, տարեսկզբին այդ աճը երկնիշ էր: Ինչ է տեղի ունեցել՝ կրկին հանքարդյունաբերություն, այդ երկնիշ աճը հիմնականում պայմանավորվածն էր Ամուլսարի հանքում տեղի ունեցող շինարարությամբ: Բայց արդեն մի քանի ամիս դադարել է եւ այս համապատկերում պետք է ոչ թե որեւէ աճ ունենայինք, այլ պետք է շինարարության մեջ ունենայինք անկում: Սակայն, ի հեճուկս դրա, այնուամենայնիվ արձանագրվել է 3.5 տոկոս աճ: Հանքարդյունաբերությունում շինարարության ծավալների կտրուկ նվազման պայմաններում աճ է արձանագրվել մյուս ոլորտներում:

Փաստ 5. Արտահանման ոլորտում ունենք աճի տեմպի նվազում, իսկ սեպտեմբերին նույնիսկ անկում՝ անցյալ տարվա համեմատ, մոտ 15 տոկոս ավելի քիչ ապրանք է արտահանվել ՀՀ-ից այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ:Այս նվազումն ինչի հաշվին ՝ անցյալ տարվա սեպտեմբերին արտահանվել է 57 մլն դոլարի հանքահումքային արտադրանք: Այս տարվա սեպտեմբերին նույն հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի 13 մլն դոլարի անկում ունենք, սակայն այս տարվա սեպտեմբերին ՀՀ-ից արտահանած մանածագործական իրերի ծավալը կազմել է 24 մլն դոլար՝ անցյալ տարվա նույն ամսվա 13 մլն դոլար, այսինքն, այս ոլորտում համարյա կրկնապատիկ աճ ունենք եւ սա նույնպես վկայում է տնտեսության տրանսֆորմացիայի մասին:

Փաստ 6. Բիզնես վարկավորման մակարդակն աճել է շուրջ 155 մլրդ դրամով՝ 10 տոկոսով, ինչը նշանակում է, որ մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ: Այն, որ բանկային ավանդներն աճում են, բացասական մեկնաբանությունների տեղիք է տալիս, մարդիկ բիզնեսում չեն ուզում ներդնել, ավանդ են դնում, այս քննադատության մեջ ռացիոնալության հատիկ կա, բայց ավանդների աճն էր նաեւ պատճառը, որ վարկային տոկոսները ՀՀ-ում նվազում են, ինչը մեր տնտեսական օրակարգի կարևոր հարց է:

Փաստ 7. ՀՀ-ում շարունակվում է անշարժ գույքի գների աճը, գործարքների աճը 19.4 տոկոս է, հիփոթեքային վարկավորման աճը ավելի քան կրկնապատկվել է, այս տարի ունենք 10 տոկոս հիփոթեքային վարկավորման աճ:

Փաստ 8. Շարունակվում են ներգաղթային միտումները. Մայիսի 1-ից մինչ օրս 13 հազարով ավելի մարդ է եկել ՀՀ, քան գնացել է: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 9000-ով ավելի շատ է եղել, քան եկածների: Ընդ որում, ուզում եմ նշել, որ նկատելիորեն մեծացել է առաջին անգամ Հայաստան եկող մեր հայրենակիցների թիվը:

Փաստ 10. Ինչքան էլ ասում են, որ վայ, այս ինչ է կատարվում տնտեսությունում, гипс снимают, клиент уезжает, բայց ուրիշ ցուցանիշ կա՝ սեպտեմբեր ամսվա համար ՊԵԿ հավաքագրումները ՀՀ պատմության ռեկորդային ցուցանիշ են գրանցել, հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ, այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել»: Փաշինյանն ասաց, որ վերջին շրջանում ՊԵԿ-ի եւ հարկատուների հարաբերությունները լարված էին, բայց փոխհամաձայնության են եկել ու փոխըմբռնման եկել, հասկացել են, որ նույն նավի մեջ են ու հակամարտության ռեժիմը փոխարինել են համագործակցության ռեժիմի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Տեքստիլի զարգացում, ինետնսիվ այգիների հիմնում, արևային պանելների արտադրություն, կարկտապաշտպան ցանցերի արտադրություն էտ բոլորը Կարապետյանի կառավարության արածնա.
    Նիկոլը նախորդների արած լավը վերագրումա իրան, իսկ վատը այսպես ասած վրայից քցումա.
    Պատահական չի, որ որտեղ առաջին եռամսյակների ցուցանիշը շատ ավելի լավնա 9ամսվա տվյալներա ներկայացնում.

    Սովորոկան պոպուլիստա, տեսնենք մյուս տարի ինչ քամիներա անելու.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930