Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարելի՞ է վերջին անգամ տեսնեմ երեխաներիս»․ երկվորյակներին թողած 18-ամյա մայրը Գյումրիից հեռացել է լացով

Հոկտեմբեր 20,2018 16:22

Գյումրու«Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում հայտնված նորածին երկվորյակների 18-ամյա մայրը՝ Մ․Մ․-ն, երեկ Գյումրիում նոտարական վավերացմամբ հրաժարվել է երեխաներից։ Սակայն դա արել է սրտի կսկիծով, ողբալով։ Հրաժարվելու պատճառը եղել է իր ծայրահեղ անօգնական վիճակը։ Նա հայտարարել է, որ ավելի բարոյական կգտնվի, եթե նրանց մանկատուն հանձնի, քան իր մոտ պահի ու սովամահ անի։ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին էլ խնդրել իրեն տանել մանկատուն՝ երեխաներին հրաժեշտ տալու։

Մարզպետարանի պաշտոնյան, որը երեկ ողջ օրվա ընթացքում հոգեբանական աշխատանք է տարել նրա հետ, խնդրում է վերջ դնել սոցիալական ցանցերով երիտասարդ կնոջ հասցեին գրվող վիրավորանքներին, քանի որ, ըստ նրա, 18-ամյա աղջիկն ավելի շատ զոհ է, քան մեղադրյալ։ Նա ևս, ըստ Լիլիթ Գորգինյանի երեխա է, դեռ բավարար հասունություն չունի, իր խնդիրների հետ մնացել է միայնակ։ Նա դաժան կյանքի պատմություն ունի, մեծացել է թշվառ պայմաններում, այժմ էլ անօգնական է։

Լիլիթ Գորգինյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

18-ամյա Մ․Մ-ի մայրը միայնակ է մեծացրել իր երկու զավակներին, ընդ որում եղբայրն առողջական խնդիրներ ունի։

«Մայրը նույն ճակատագիրն է ունեցել, միայնակ մայր է, դժվարություններով է մեծացրել իր երեխաներին։ Վերարտադրվող, կրկնվող իրականություն է սա, ինքն այդ օրինակն ունի ու չէր ուզում, որ իր տղաներն էլ ունենային այդ օրինակը։ Երեխաների մորը քննադատելը, մեղադրելը, կարծում եմ սխալ է, որովհետև ինքը գոնե կյանք է տվել երեխաներին, և նա դա համարում էր իր հաղթանակը, որովհետև կողքից իրեն շատ էին քարկոծել։ Հղիության ընթացքում նրան շատ են համոզել ազատվել երեխաներից, բայց նա ասում էր, ես երբեք նման քայլի չէի դիմի, ես հո մարդասպան չեմ։ Հետծննդաբերական դժվարություններ է ունել, ոչ մեկը ոչ մի հարցում չի օգնել իրեն։ Որ ասում են մերժվածը, նա էր, մերժված էր բոլորի կողմից։ Նա անգետ աղջիկ չէ, վստահ եմ, որ մի 5-10 տարի անց, հենց հասունանա, շատ է զղջալու, փոշմանելու, փորձելու է փնտրել երեխաներին։

Դպրոցն ավարտել է 12-ամյա կրթությամբ, մասնագիտություն չունի, աշխատանք չունի, սոված օրեր է անցկացնում։ Գյուղերից մեկում մոր, հիվանդ եղբոր, 80-ն անց տատիկի, քեռու հետ մի կիսավեր տան մեջ են բնակվում՝ առանց պայմանների, մի կերպ գոյատևում են հաշմանդամության թոշակներով։ Ինքն էլ իրականությունից փորձել է փախչել, փրկվել, դրա համար գյուղից գնացել է Երևան, բայց թե Երևանում ո՞նց պիտի ապրի, հեշտ չէ ապրելը։

Երբ հարցրեցի՝ բա ո՞նց ես էսպես խնամքով պահել երեխաներին, ասաց՝ իմ հացի փողը տրամադրել եմ երեխաներինս տակդիր գնելու համար, կուրծք էր տվել նրանց։ Այնպես, ինչպես պատկերացրել էր մայր լինելու գաղափարը, արել էր, նրան ոչ մեկը մի խելամիտ խորհուրդ չէր տվել։ Երկու երեխա՝ առանց հնարավորությունների, ծայրահեղ պայմաններում․․․Ինքն ավելի շատ զոհ էր, քան մեղադրյալ, պատկերացրեք հասարակության կողմից քննադատություն, ծնողի, հարազատների կողմից ոչ մի օգնություն․․․

Երբ համոզում էինք, որ երեխաներից չհրաժարվի, ասաց՝ ես կարծում եմ ավելի բարոյական է հրաժարվելը, գոնե վստահ կլինեմ, որ երեխաները լավ կապրեն, սովամահ չեն լինի։ Փոքրամարմին, նուրբ աղջիկ էր, երբ տեսա, մտածեցի 7-8-րդ դասարան է։ Ցավ եմ ապրում, որ իրեն ոչ մի խրատող, ճանապարհ ցույց տվող չի եղել, դրական կյանքի օրինակ չուներ։ Ինձ խնդրում էր, թե` մի հատ նորից տեսնեմ երեխաներիս։ Պատմեց, որ երեխաներին Գյումրի բերելուց հետո գիշերները լացել է, տառապել»,- ասաց Լիլիթ Գորգինյանը։

Արարատի մարզի այն գյուղում, որտեղ բնակվել է աղջիկը, նրան անընդհատ քարկոծել են։ Գյուղի բնակիչների քննադատությունները ստիպել են նրան տեղափոխվել Երևան բնակության։ Գյուղում չգիտեն, որ նա հղիացել է։

«Մենք նրան համոզում էինք, թե մի հրաժարվի երեխաներից, գնա, արի Գյումրի, ասեց՝ իսկ ո՞վ գիտի, որ ես երեխա ունեմ, ես չեմ կարող դա հանրայնացնել, այսինքն` իրեն կքարկոծեին իր գյուղում։ Նա մտածել է ուրիշ մարզ որ բերի երեխաներին, իրեն չեն գտնի, հասարակությունը իրեն չի խայտառակի»։

Երիտասարդ աղջիկը սիրած տղա է ունեցել, որին վստահել, հավատացել է, սակայն, սիրավեպն ամուսնությամբ չի ավարտվել։ Երբ Շիրակի մարզպետարանի պաշտոնյան նրան հորդորել է գոնե երեխաների հորը տեղեկացնի, գուցե նա ցանկություն ունենա օգնելու, պահելու, աղջիկն ասել է՝ «Ոչ, նա չպիտի իմանա, որ երեխաներ ունի»։

«Երեխաներին Վահե ու Վահան անուններն է դրել, ծննդականները հանել է, առողջության սերտիֆիկատ ուներ, անգամ հայրանուն էր տվել, շատ մայրեր չարությունից դրդված, ծննդականի մեջ հայրանուն չեն նշում, ու երեխան ամբողջ կյանքը մնում է առանց հայրանունի։ Իր բոլոր գործողությունները նվիրական են, զգացվում է, որ երեխեքին սիրելով է արել։ Ուղղակի ինքը լրիվ մենակ էր իր պրոբլեմի հետ, ու այդ պրոբլեմը լուծելու ճիշտ տարբերակ համարել էր սա։ Ինքը հետաքրքրվել է հանրապետության տարբեր մանկատներով ու իմացել է, որ ամենալավ խնամքը Գյումրիում է, իր ծանոթներն են խորհուրդ տվել, բայց այդ մարդիկ չեն իմացել, որ այլևս մանկատուն չէ, այլ գիշերօթիկ հաստատություն է․ երբ մենք ասացինք, թե այդտեղ փոքրիկների խնամք չեն իրականացնում, զարմացավ,ասաց՝ ես գիտեի հենց այստեղ էլ պիտի մնային»,- պատմեց Լիլիթ Գորգինյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Անժելա says:

    Ես հենց կարդացի լուրը ամբողջ մարմնովս փշաքաղվեցի ու լաց եղա: Ու հենց սկզբից Աստծուց միայն ներում խնդրեցի այդ աղջկա քայլի համար: Այսօր այնքան զույգեր կան ,որ անկարող են երեխա ունենալ այդ թվում նաև ես: Ինչերի միջով ասես , որ չեմ անցել: Ինչքան գումար ասես ,որ չենք ծախսել, բայց ոչ մի արդյունք: Ես համարում եմ իրա արարքը շատ մեծ լավություն այն ընտանիքի համար , որ գումար չունի սուրոգաթ մոր (որոնցից մեկն էլ ես եմ) և ինքը առանց մի լումա որևէ մեկից վերցնելու կատարել է այդ մեծ նվերը այն զույգին, ով պատրաստ է որդեգրել այդ անմեղ հրեշտակներին: Ես իմ ու իմ ամուսնու անունից եմ ասում , մենք պատրաստ ենք այդ երկու անմեղ հրեշտակներին տալ այն ամենն ինչ ստեղծել ենք մեր տանջված 11տարիների ընթացքում:

  2. Սիրարփի Առուստամյան says:

    Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի օգնել այդ երիտասարդ կնոջը, տեղ տալ նրան ապրելու և երեխաներին խնամելու համար։ Կան ժամանակավոր կացարաններ, կան տարբեր հիմնադրամներ, մի՞ թե հնարավոր չէ չզրկել երեխաներին մորից։

  3. Աննա says:

    Ես կուզեի աջակցել ինչ որ կերպ։ Խնդրում եմ լրագրողին կապվել ինձ հետ անհապաղ։

  4. Մարինա says:

    Հիմա էլ անբարոյականությունը արդարացնում ենք ծանր մանկության մասին պատմություններով: Ինքը հասուն մարդ էր զուգընկեր ունենալու համար, բայց խեղճ է, երբ արդեն բանը հասնում է երեխա պահելուն: Նա ոչ թե հանգամանքների, այլ իր սեփական կենդանական բնազդների զոհն է: Խղճում եմ իր երեխաներին, իրեն՝ ոչ:

    • Մերի says:

      Ես չգիտեմ թե ինչ տարիքի եք, Մարիանա: Նախ, ինձ զարմացնում է ձեր այդքան չար հոգեբանությունը, հետո էլ, դուք կին չեք և ձեզ համար շատ խորթ ե՞ն այդ տարիքի կնոջ զգացմունքային լինելը… Նախ ես կառաջարկեմ օգնել այդ անմեղ երեխային : Բարի մարդիկ օգնեք բնակարանով ու մի տարվա պաշարով, թող այս ձագուկները մեծանան մոր հետ: Հետագայում, հույս ունենանք «նոր Հայաստանի» կառավարությունը կօգնի լուծել նման բարոյալքված անմեղ զոհերի…. Իսկ ձեզ Մարիանա, խորհուրդ կտամ այդ թույնդ պահես ներսումդ ու չաղտոտես շրջապատը :

  5. Գայանե says:

    Ինչ չար մարդ եք, Մարինա: 18 տարեկան անտեր-անտիրական աղջիկը առանց միջոցների 2 երեխաների հետ ապրում է մեր կողքը, ոչ ոք ձեռք չի մեկնում, չի օգնում, բայց անբարոյական ասելիս սոտ բարոյականներն առաջինն են: Որ կողմը նայում ես, հիմնադրամներ են, հասարակական կազմակերպություններ, երևի բարոյականներին են օգնում:

  6. Anonymous says:

    Հարգելի Լիլիթ ջան, միգուցե հնարավոր լիներ մեր այդ տառապած հայուհուն աշխատանքի տեղավորել որևէ մանկատան աշխատակազմում՝ հնարավորություն տալով նրան խնամել թե իր, և թե այնտեղ մեծացող այլ երեխաների։ Այլապես , ողջ կյանքում թե՛ ինքը և թե՛ տղաները / անկախ թե ով է որդեգրելու այդ մանչուկներին,/ դժբախտ են լինելու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ցավում եմ․․․․

  7. Սեյրան Մոսինյան says:

    Հարգելի Լիլիթ ջան, միգուցե հնարավոր լիներ մեր այդ տառապած հայուհուն աշխատանքի տեղավորել որևէ մանկատան աշխատակազմում՝ հնարավորություն տալով նրան խնամել թե իր, և թե այնտեղ մեծացող այլ երեխաների։ Այլապես , ողջ կյանքում թե՛ ինքը և թե՛ տղաները / անկախ թե ով է որդեգրելու այդ մանչուկներին,/ դժբախտ են լինելու․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ցավում եմ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

  8. gohar says:

    Աննա, այդքան խիստ մի՛ դատեք, իրոք անչափահաս է ։ Այստեղ լիներ ես, որ այդ աղջնակի համար մեծ տատիկի տարիքն ունեմ, սիրով կօգնեի։ Կենդանական բնազդը որն է՞։ Այդ հասակի համար նորմալ ֆիզիկական զարգացում է։ Նոր է կյանք մտնում, իր մայրանալը և հետագա դատարկությունը ամբողջ կյանքում նրան հանգիստ չեն տալու։ Մե՛ղք է անբարոյակաություն անվանելը։

    • gohar says:

      Երեկ այնքան հուզվել էի, Մարիանյի փոխարեն Աննա եմ գրել , որը բարություն է ուզում անել ։ Իսկ Մարինան ” չար ոգի է” , հավանաբար նա էլ մի հալի չէ, երևում է որ դաղված է։ հակառակ դեպքում կինը ինչպես կարող է այդքան ” լցված” լինի չարությամբ մի անմեղ-մեղավոր մայրություն պարգև ստացածի հանդեպ։ Աննա ջան , կներեք իմ սխալի համար;

  9. Ashot says:

    Իսկ ինչ գիտեք որ ոչ մեկ Իրան չեր օգնում։ Համոզված եմ որ ցանկացած գյուղում ել 2 երեխա ունեցող միայնակ մորը հարեվանները ամեն ինչով օգնում են։ Մարդիկ կան որ իրանց հանդեպ խղճահարություն արթնացնելու համար գույները խտացնում են։ Ավելի հավանական եմ համարում երեխաները բեռ են եղել թույլ չեն տվել կյանքի հաճույքները վայելել մարդը ազատվելա իրանցից։ Չի բացառվում նորից կգնա մեկի հետ կքնի երեխա կունենա կտանի մանկատուն ու էլի նույն կոկորդիլոսի արցունքները թե չեմ ուզում հայրը իմանա եղել չեմ կարող պահել։

  10. Հասմիկ says:

    Բարեգութ կնոջ խնդրանքը,ով պատրաստ է իր տանը ընդունել Գյումրու մանկատանը հայտնված փոքրիկներին և մորը
    Октябрь 20, 2018
    Info Armenia-ի խմբագրությանը դիմել է մի կին,ով պատրաստակամ է իր տանը պահելու և մեծացնելու վերջերս Գյումրու մանկատանը հայտնված փոքրիկներին,ինչպես նաև պատրաստ է ընդունել երեխաների մորը՝ միասին մեծացնելու փոքրիկներին,միայն թե երեխաները որբ չմնան։Ով ճանաչում է և կարող է մեզ տալ նորածինների մայրիկի կոնտակտային տվյալները,թող կապնվի մեզ հետ։

    Խնդրում ենք տարածել․․․
    https://info-arm.com/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9-%D5%AF%D5%B6%D5%B8%D5%BB-%D5%AD%D5%B6%D5%A4%D6%80%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8%D5%B8%D5%BE-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF-%D5%A7-%D5%AB%D6%80/?fbclid=IwAR0GFvxZ47HW3asV8N0zZKhHdo61URgDGnyb-atL-jhrlasY4zvVc25zAVM

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031