Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ ջան, դժոխքը հենց էստեղ է՝ մեր զորամասում»․ Արցախում զոհված Գևորգի հարազատների բացահայտումները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2018 18:33

Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել հոկտեմբերի 1-ին Մարտունիի վաշտերից մեկում զոհված գյումրեցի ժամկետային զինծառայող Գևորգ Հարոյանի քեռին՝ Արմեն Բեգլարյանն ու ընկերները՝ Սամվել Խաժակյանն ու Արամ Հովհաննիսյանը։

Արմեն Բեգլարյանն ասաց․ «Եթե իրենք հայտարարում են, որ Գևորգն ինքնասպան է եղել, եթե իրենք կարողանում են այդպիսի բան հայտարարել, ուրեմն պաշտպանության նախարարը պետք է պիստալետը դնի իր ճակատին ու իրեն խփի։ Ո՞վ է թույլ տվել, որ բացարձակ անտեղյակ են՝ ի՞նչ է կատարվում զորամասերում, ո՞վ է պատասխանատու։ Ես ինքս մտել եմ զորամաս, ոչ մեկը տեղյակ չէ ինչ է կատարվում, ով ինչի համար է պատասխանատու։ Ոչ մեկը պատասխան չի տալիս, սպանության ժամանակ ոչ մեկը չի եղել կողքին, ոչ մեկը չի տեսել, սերժանտը տեղում չէ, պագոնավորներից ոչ մեկը իր պարտականությունները չի արել։

Ահավոր վիճակ է, կարող ենք ասել բարդակ է, ցանկացած զինվոր կարող է փամփուշտ վերցնի ու իրենց հարաբերություններն այդպես պարզի։ Մեր ձեռքերով սարքած գաղութ է, էլի եմ կրկնում, սա միայն իմ ցավը չէ, սա ազգային ցավ է ու Գևորգս պիտի սպանված վերջին տղան լինի։ Չպիտի լինի այնպիսի դեպք, որ մի երեխան երկու անգամ փոսը փորի, շատ աշխատի ու վնասվի ու 100 դոլար ուղարկենք մի սպայի, որ ասենք՝ մեր երեխային լավ պահի։ Մենք հայ ենք, մենք մոնո ենք, մեր մեջ չկա թալիշ, լեզգի, մեր միակ թշնամին թուրքն է։ Բայց մենք մեր ձեռքով ստեղծել ենք բանակ․․․

Ձեզ՝ լրագրողներիդ, տանում, զորամասերով ֆռռացնում են, ցույց են տալիս, թե ինչքան լավն է բանակը, բայց մենք գիտենք՝ ինչ է կատարվում բանակի մեջ։ Մենք պիտի մեզ մաքրենք, սպաներն արդեն զզվել են, այնքան են զանգել հեռախոսներին, որ էլ չեն վերցնում, սաղ զանգում են սալդատի համար է, մի մարդ կա՞ մեր ազգի մեջ, որ չունի բանակի հետ կապված մարդ, խնդիր, մի հատ նայենք էլի մեզ, ինչի՞ ենք մեզ խաբում»։

Արմեն Բեգլարյանն ասաց, որ Գևորգի հուղարկավորության ժամանակ կողքի շենքի հարևանուհին, որի երեխաները բանակում են ծառայում, այնքան է լացել ու ներշնչել, որ տուն գնալով՝ մահացել է, մյուս հարևանը վատացել է։

«Սա բոլորիս ցավն է, հասկանո՞ւմ եք, եթե իրենք ասում են, որ սա ինքնասպանություն է, ուրեմն մենք մեր երեխաներին ուղարկում են ինքնասպան լինելու։ Ու հանգիստ ասում են՝ սպանվեց, գնաց․․․ Մի երեխու կյանքն աշխարհ արժի, մեր երեխեքից շատերը թուրքերից չեն մահանում, ոչ պաշտոնական վիճակագրությունը վերցրեք։ Ոչ մեկը զորամասում չի իմանում՝ ինչ է կատարվում, գլխավոր պատասխանատուներն այն մարդիկ են, որոնք նստած են նախարարությունում։ Էդ ինչպե՞ս է, որ մենք եկեղեցիներ ենք սարքում, ճանապարհներ ենք սարքում, իսկ մեր զինվորները կռիսների հետ են ապրում, տանում ենք, որ դուխաթափ լինեն»։

Սամվել Բեգլարյանն, անդրադառնալով նախաքննական գործողություններին, ասաց․ «Քննչականը չի իմանում, որ զանգ է եղել, չե՞ն իմանում ինչ հեռախոսից են զանգել, մեր ԱԱԾ-ն բոլորին լսում է, մենք բարձր տեխնոլոգիաներ, սարքեր ենք սարքում, սաղ աշխարհին ցույց տալիս, չե՞նք իմանում մեր զորամասերում ինչ է կատարվում կամ որտեղի՞ց են էդ սպային բերել, դրել։ Էդ սպայի անունը Լուկաշ է, ինքը բանակի պատկերն է, նույն ձևի զամպալիտն է բանակի պատկերը, վատ պատկերը։ Ախր Գևորգի հայրը՝ Սուրենը, որը բժիշկ է, ժամանակին Լուկաշի հորն է բուժել, կյանքն է փրկել »։

Սամվել Բեգլարյանի ասելով, նման որակի հետաքննություն չպիտի լինի, որպեսզի այն օբյեկտիվ լինի, ազգային հետաքննություն պիտի կատարվի։ «Էդ ո՞նց է լինում, որ զորամասում մարդ չի եղել, պատասխանատու չի եղել, էս մեկը տեղում չի եղել, էս զամպալիտը չի տեսել, ցուցմունքներ կան․․․ Իմ քույրը ցուցմունք չի տվել, իրենք չեն կարող առանց այդ ցուցմունքների մարդ ձերբակալեն, իրենք պիտի ձերբակալեն սաղին, իսկ մենք ժողովրդին պետք է հավաքվենք, բանակի հարցը լուծենք։

Այ ծնողներ, այլ գեներալներ, այ ախպերներ, այ Փաշինյաններ, Ֆրանկոֆոնիա ենք անում, բայց մեր երեխեքը նույն վիճակում են գտնվում, մենք նույն ձևի զանգում, ասում ենք՝ մի երեխան մերն է, մյուսը՝ մյուսինն է։ Մենք իրավունք չունենք ոչ մի փառատոն անելու՝ իմանալով, որ ցավ ունենք, ու այդ ցավը սաղին ներսից ուտում է, մենք կարո՞ղ ենք խորոված անել, կենաց ասե՞նք։

Մենք ծնված օրվանից հերոս ենք դաստիարակում ու մեզ Եվրոպա պետք չէ, որ 16 տարեկանում տղան չի իմանում ինքը աղջիկ է, թե տղա է, մեզ պետք է գնանք, սաղով մտնենք զորամասերը ու տեսնեք՝ ինչ է կատարվում մեր երեխաների հետ։ Ինչ-ոչ մեկը պատասխանատվություն պիտի կրի յուրաքանչյուր զոհի համար, մենք 140 միլիոն չենք, մենք 250 միլիոն չենք, մեր թշնամին մենք ենք, որ ստեղծել ենք լեննականցի, ղարաբաղցի, եսիմ որտեղացի, մենք հայ ենք։

Եթե իրոք հայ ենք, պետք է հասկանանք, թե ի՞նչ ենք անում մեր երեխաների հետ, ո՞ւմ ենք փող տալիս, ո՞ւր ենք տանում մեր երեխաներին։ Փաշինյան, անձամբ քեզ նամակ ենք ուղարկել, ուզում ենք տեսնենք, խոսենք, դու մերն ես, ասում ես՝ ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, լսում եմ ձեզ։ Մատաղդ լինեմ, էդ ո՞նց ես տանում մեր ցավը, որ մենք մի խաբար էլ չունենք ձեզանից։ Ասում եք լավ է լինելու, բայց էս ժողովուրդն ամեն օր խոխա է կորցնում, հասկանո՞ւմ եք դուք, որ մի խոխան սաղ աշխարհն է, մենք իրավունք ունե՞ք խոխա կորցնելու, իրավունք ունե՞նք զանգենք մի խոխի համար բարեխոսենք, մյուսի համար չէ, իրավունք կա՞, որ մի սպան չտեսնի, որ մեկի աչքի տակ կապույտ է։

Վերևները չեն աշխատում, եթե նրանք չեն հասցնում իրենց աշխատանքը անել, նրանք պիտի հրաժարական տան, եթե սպանություն է, կամ ինքնասպանություն, նրանք պատասխան պիտի տան։ Նշանակություն չունի՝ ով է պաշտպանության նախարարը, այսօր Մնացականյանն է, վաղը մեկ ուրիշը, յուրաքանչյուր երեխայի համար պատասխանատվություն պիտի կրի պետության ղեկավարը։ Պետք է մտածենք ո՞նց անենք, որ վերահսկողության տակ պահենք և՛ մեր երեխաներին, և՛ գեներալներին, այնպես անենք, որ գեներալներից յուրաքանչյուրն իր գործողությունն անի, ոչ թե մեկը մյուսի վրա գցի, մեկը գնա որսի․․․ Մեր բանակը պիտի դզենք»,- հուզված ասում էր Գևորգի քեռին։

Մեր հարցին, թե ի՞նչ են պատմել Գևորգի բանակային ընկերները դեպքի մասին, մորեղբայրն ասաց՝ այնպիսի համակարգ է բանակում, որ նոր զորակոչիկները վախենալով ոչ թե ընկերություն են անում իրար հետ, այլ շատ դեպքերում միմյանց ծախում։

Արմեն Բեգլարյանը պատմեց, որ Գևորգը մորն ասել է՝ դժոխքն է այդ զորամասում։ Մայրը երկու ամսվա ընթացքում երեք անգամ զինվորական հագուստ է տարել որդուն, իսկ դեպքից մեկ օր առաջ տեսել է կապտուկներ որդու դեմքին։ Գևորգը, ըստ քեռու, գլխարկը չի հանել գլխից, երբ մի պահ հանել է, տատիկը տեսել է նաև գլխի կապտուկները։

Արմեն Բեգլարյանն ասաց, որ զոհվածների ծնողները մեծ հանրահավաք կանցկացնեն Գյումրիում ու կպահանջեն այն պատասխանատուների հրաժարականը, որոնք չեն կարողանում աշխատել։

«Ես չեմ ասում ջարդեք, փշրեք, ում սիրտը ցավում է բանակում տիրող այս վիճակի համար, հավաքվեք, ձեր խոսքը ասեք, էսպես չի կարելի ապրել։ էս ցավը բերեք մեր սրտերից հանեք, որ ոչ մի ծնող չմտածի, որ իր երեխան ընկնելու է այնպիսի տեղ, որ փողերը պատրաստած պահի, գնա, տեսնի, խնդրի՝ խոխիս լավ նայի։ Բա էն խոխեն, որը ծնող չունի կամ ծնողն աշխատում է Ռուսաստանում, չի կարող գալ, բա էդ խոխեքի հետ ի՞նչ է լինելու։ Թող պաշտպանության նախարարը կին լինի, մայր լինի, իսկ գեներալներն ուրիշ հարցերով զբաղվեն», ասում է Արմեն Բեգլարյանը։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ դիտեք տեսանյութում 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031