Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնեք, որ Նիկոլ Փաշինյանն իմանա՝ ես անմեղ եմ, բայց մեղավորի կնիքով արդեն 14 տարի դատապարտված եմ ցմահ ազատազրկման. Արթուր Քոչարյան

Օգոստոս 19,2018 22:30

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ

Արթուր Գառնիկի Քոչարյանից

Բաց նամակ հայ ժողովրդին

Դիմում եմ ձեզ, հաղթանակած հայ ժողովուրդ։ 2003 թվականին զորակոչվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պարտքս կատարելու Հայրենիքիս առաջ։ Չնայած որ ունեի այլ ճանապարհ, սակայն ընտրեցի հայրենիքիս սահմանները պաշտպանելու ուղին, որի համար չեմ ափսոսացել ոչ մի վայրկյան։

2004 թվականի սեպտեմբերի 21-ն էր, երբ հայտնաբերեցին նույն զորամասի ժամկետային զինծառայող լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին։ Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ և մոտ 30 զինծառայողի տեղափոխեցին ԼՂՀ ՌՈ մեկուսարան, որտեղից 20 օր հետո տեղափոխեցին ՀՀ ՌՈ վարչության մեկուսարան։ Շուրջ 1 ամիս 10 օր ՌՈ մեկուսարանում իմ նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ գործադրեցին։ Քննիչ Արմեն Հակոբյանն ստիպեց, որպեսզի իր թելադրանքով ցուցմունք տամ։

Սակայն ես հրաժարվել եմ այդ առաջարկից մի պարզ պատճառով, քանի որ ես կատարվածից բոլորովին անտեղյակ էի, ուստի չէի կարող կատարվածի վերաբերյալ սուտ ցուցմունք տալ։ Նույն մեթոդով քննիչը փորձել էր ստիպել, որ մնացած կասկածյալները ևս իր թելադրանքով ցուցմունք տան։ Բոլորը հրաժարվել էին, բացի մեկից՝ Անդրանիկ Կարապետյանից, ում եղբայրը՝ Գրիգոր Կարապետյանը նույնպես ծառայում էր մեր զորամասում։ Նրա վրայից արյուն էր հայտնաբերվել, որը համապատասխանում էր լուսահոգի Արթուրի արյան կարգին։ Ինչևիցե։ Անդրանիկ Կարապետյանը քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքով ցուցմունք տվեց՝ վախենալով, որ եթե դա չանի, դատարանի առաջ կկանգնի իր հարազատ եղբայրը։ Ինչպես նշեցի՝ Գրիգոր Կարապետյանի վրայից հայտնաբերվել էր արյուն։

Անդրանիկ Կարապետյանը ցուցմունք տվեց քննիչի թելադրանքով։ Չնայած որ քննիչ Արմեն Հակոբյանն իր մտքի բարձր թռիչքով ջանացել էր, որ ցուցմունքը շատ համոզիչ լինի, այն ընթերցելիս պարզ երևում է, որ սկզբից մինչև վերջ շինծու է։ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի առաջին բառից մինչև վերջին բառը իրար հակասող պնդումներ են։ Քննիչ Հակոբյանի թելադրանքով գրված ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ բառերի տակ իրական փաստեր դրված չեն։ Չկա գեթ մեկ վկա, որը կհաստատեր Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը, հակառակը։ Ես պատրաստ եմ ցանկացած իրավաբանի, ցանկացած դատավորի ու քննիչի համոզիչ փաստերով ապացուցել, որ անմեղ եմ, դարձել եմ Անդրանիկ Կարապետյանի զրպարտության զոհը։

Անտեսելով, որ իմ մեղավորությունն ապացուցող փաստերը բացակայում են, դատարանն ինձ ցմահ ազատազրկման դատապարտեց՝ հիմնվելով 1 անձի՝ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքի վրա։ Եվս մի քանի զինծառայողներ տարբեր չափերի պատիժներ ստացան։

Բոլորս էլ գիտենք, թե նախորդ իշխանության ժամանակ ինչպես է գործել մեր արդարադատությունը և դատական համակարգը՝ զանգերով և աշխատանքը կորցնելու սպառնալիքով։ Իմ դեպքում՝ Առաջին ատյանի դատարանի դատավորը ծնողներիս ասել էր հետևյալը․ «Ներեցեք ինձ, ես ոչինչ չեմ կարող անել։ Ինչպես ինձ ասել են, ես էլ այդպես եմ անում»։ Իսկ այն ժամանակ վերևից ասողների առաջին տեղում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն էին։

2004 թվականից մինչ օրս արդարության համար պայքարել եմ հարազատներիս ու այստեղ գտնվող բախտակից ընկերներիս հետ, որպեսզի մեր ձայնը հասցնենք իշխանությանը։ Այստեղ կան անմեղ մարդիկ՝ ցմահ դատապարտյալ նախկին զինծառայողներ, որոնք ևս դատապարտվել են Գագիկ Ջհանգիրյանի ու Վլադիմիր Գասպարյանի ապօրինի հրահանգներով։ Այստեղ կան մարդիկ, ովքեր անհամաչափ դատապարտվել են անօրինական հրամանների ու զանգերի սպասող դատավորների կողմից։

Ես քաջ գիտակցում եմ, որ ոչինչ միանգամից չի լինում և այս կյանքում ամեն ինչ ունի իր ժամանակը։ Բայց մի պահ պատկերացրեք, որ ձեզ ցմահ ազատազրկման են դատապարտում չկատարած արարքի համար։ Համոզված եմ՝ նամակս ընթերցելիս ձեր մարմնով սարսուռ է անցնելու, որ լինելով անմեղ՝ ինչպես նորածին երեխան, ձեզ հետ անարդար են վարվում և ցմահ ազատազրկման դատապարտում։

Մինչև Թավշյա հեղափոխությունը մեր բոլորիս ձայնը լսող ու կարծիքը հաշվի առնող չի եղել։ Բայց հիմա այդ մղձավանջն այլևս անցյալ է ու պետք է անցյալի գերին չդառնալ։ Բայց միաժամանակ, պետք է անցյալից դասեր քաղենք՝ շտկենք սխալները, որպեսզի դրանք ապագայում չկրկնվեն։

Հաղթանակած հայ ժողովուրդ, այս նամակով դիմում եմ ձեզ։ Այս պահին իմ ձայնը հեռվից է հնչում ու թույլ լսելի է։ Խնդրում եմ, արդարության վերականգնման համար արեք ձեր քայլը, օգնեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իմանա՝ ես՝ Արթուր Գառնիկի Քոչարյանս, անմեղ եմ, բայց մեղավորի կնիքով արդեն 14 տարի դատապարտված եմ ցմահ ազատազրկման։

Շնորհակալ եմ։ Հարգանքներով՝ Արթուր Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. AHNAHN says:

    «Փաշինեանին օգնեք, որ ինձ ազատի, քանի որ դուք յաղթել եք։»

    (Ընդհանրապէս ասած, չի կարելի բացառել, որ ճիշտ է ասում. — Գագիկ Ջհանգիրյանին ու Վլադիմիր Գասպարյանին իսկապէս դժւար է «մեղադրել» օրինապահ լինելու մէջ։)

  2. Գայանե says:

    Դատապարտված ամեն մի անմեղ մարդու մասին լսելիս, կամ կարդալիս, հիշում եմ մի հանճարեղ իմաստություն. “ԼԱՎ Է ՏԱՍ ՄԵՂԱՎՈՐ ԴՐՍՈՒՄ, ՔԱՆ` ՄԵԿ ԱՆՄԵՂ` ՆԵՐՍՈՒՄ”… Անմեղներին դատապարտածները, պետք է արժանանան արդար դատաստանի: Անմեղներն իրենց տեղերը սիրով կզիջեն, մարդկային խիղճը կորցրածներին: Իսկ ինչու՞, այս հարցով չեն դիմում ՄԻՊ(մարդու իրավունքների պաշտպան)-ին: Այսօր, իսկապես իրավիճակ է փոխվել և ՄԻՊ-ը, այլևս արդեն չի առաջնորդվի գագիկների ու վովաների զանգերով: Այսպիսի, աղաղակող փաստերից հետո, նման դատապարտյալները, մեկ օր շուտ պետք է դուրս գան ազատություն…

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/19/976088/?fbclid=IwAR1e4KRIoEPDJAKLWa8GRm7RkdyCPzl4OIFJLvaHCJ0Yeurm0dTanDpNcDU

    © 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031