Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխված» Շմայսը եւ «չբարեփոխված» ֆեյսբուքը

Հունիս 23,2018 10:00

Ընկերներիցս մեկը կատակով ենթադրեց, որ ԱԱԾ-ում, բացի ամեն ինչից, լեզվի արագացված կուրսեր են անցկացնում: Այսպիսի ենթադրությունների համար հիմք դարձավ այն, որ գեներալ Մանվելն ու Շմայսը, անազատության մեջ հայտնվելուց հետո, սկսեցին խոսել այնպիսի բառապաշարով, որը նախկինում իրենց բացարձակապես հատուկ չէր: Մասնավորապես, Առաքել Մովսիսյանն այլեւս չի սպառնում որեւէ մեկին բռնաբարել, գլուխը պոկել կամ վիզն ոլորել, այլ խոսում է «օրենքի տառին համապատասխան»: Իրականում խնդիրն, իհարկե, լեզվի դասընթացը չէ, այլ այն, որ նրանք ստիպված են ավելի զուսպ եւ համեստ լինել, քանի որ նրանց այլեւս «երես տվող» չկա:

Նման մարդիկ այլեւս չեն կարող ամբարտավան կեցվածք ընդունել, քանի որ հրապարակային դեմքեր են, գտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, իրենց ցանկացած բառ բազմացվելու է հարյուր հազարավոր օրինակով, եւ նրանք այլեւս չունեն այն պաշտպանական շերտը, որի պայմաններում հնարավորություն կունենան ասելու՝ «լավ ենք անում, ազգի համար այնքան բան ենք արել, որ իրավունք ունենք ասելու եւ անելու այն, ինչ ճիշտ ենք գտնում»: Բայց ասել, որ այս մտածելակերպը վերացել է, խիստ չափազանցված կլիներ: Որովհետեւ, եթե դու մերժված թիմի անդամ չես, դու դարձյալ կարող ես թքած ունենալ օրենքների վրա: ՊՊԾ գնդի վրա հարձակվողներն, օրինակ, որոնք ազատ են արձակվում «մարդասեր» պատգամավորների երաշխավորություններով, շարունակում են հպարտանալ 2016թ. հուլիսին իրենց կատարած «քաջագործություններով»:

Իսկ եթե դու հանրային դեմք չես, ապա քո վրա առավել եւս դրված չէ ամբարտավան չլինելու ծանր բեռը: Հիմնարկի ինքնասիրահարված ղեկավարը, զորամասի ինքնահաստատվող հրամանատարը, ընտանիքի «դրվածք դնող» հայրը կարող է փոքր մասշտաբով «Շմայս» լինել (նախկին «Շմայս») եւ նույնպես հպարտանալ դրանով:

Էլ չեմ խոսում ֆեյսբուքյան տարածքի մասին, որտեղ «շմայսերը» պարզապես վխտում են, եւ շատ քչերն են խուսափում «շանսատակ անելու», «գյուլլելու» եւ «վառելու» կոչերից: Դուք ընդվզո՞ւմ եք, երբ լսում եք, որ Մանվելը խոշտանգում էր մարդկանց (ինչին ես, ի դեպ, հավատում եմ),  այդ դեպքում ինչո՞ւ եք կոչ անում խոշտանգել Մանվելին: Եթե մարդը հանցագործություն է կատարել, նա պետք է մեկուսացվի հասարակությունից՝ ընդամենն այդքանը: Եվ, ի դեպ, պահվի մարդու արժանապատվությանը վայել բանտային պայմաններում: Ինչպես ասում են՝ օրենքի տառին համապատասխան:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այն ինչ կատարվեց Հայաստանում, անսպասելի էր ինձ համար:Ես մեկն էի այն բազմաթիվ հայերից , ովքեր ձերքը թափ տալով լքեցին հայրենիքը,որպեզ արդարացում թողնելով «էս երկիրը չի փոխվի» ծեծված խոսքերը: Այսօր մենք երախտապարտ ենք մեր հերոսներին, երկիրը փոխելու և խլված արժանապատվությունը ազգին վերադարձնելու համար: Մեղավորները այսօր ստանում են ամենածանր պատիժը.ժողովրդի պախարանքը : Նրանք շատ շատ են ,բայց թող չանհանգստանան , այնքան թուք է հավաքվել, որ բոլորին կլողացնեն:Բայց մեծ ճշմարտություն է նաև այն, որ իրենց գոյությամբ և «ազգանվեր» գործունեությամբ նրանք հենց մեզ են պարտական:Տասնամյակներ շարունակ հերոսների պակասը, կարոտալի հաղթանակների բերկրանքը,համազգային անաղարտ սերը , ծնեցին նրանց:Եվ հենց մենք, չորն էլ խառնելով թացի հետ ընունեցինք նրանց,ինչպես չնդունեինք ,չէ, որ Վազգենն էր նրանց կնքահայրը: Ընդունեցինք և պարտավորված դարձանք,և պատուհասը սկսվեց հենց այդ պահից,որևհետև նրանք դարձան աղա, իսկ մենք ծառա : Եվ ցավալին այն է,որ դա օրինաչափություն դարձավ և շատերը իրենց երջանկացած էին զգում ,երբ երբեմն արժանանում էին աղաների նույնիսկ պատահական ու անցողիկ հայացքին:Այ սա է ամենամեծ չարիքը, հեղափոխական այս գործթացը հուսով եմ կբուժի մեզ այս ախտից , կդաստիրակի արժանապատիվ քաղաքացիական հասարակություն , զերծ որևէ մեկին,բացի հասարակությանը և հայրենիքին ծառայելուց:: Իսկ բոլոր մանվելներին, շմայսներին, լիսկաներին, լֆիկ-փնթիներին,մկներին,իրենց մանկավարժ և գաղափարական համարողներին, ու մնացած բոլորին ուղղակի նետեք հիշողության աղբամանը,որպեսզի ժամանակ առ ժամանակ վերհիշելով այդ աղբը, երբևէ թուլ չտանք այն կրկին կուտակվի մեր տանը:: Ու հուսով եմ բոլորս համոզվեցինք. ստեղծված և ծնված հերոսները խիստ տարբեր են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930