Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսենք նրանց մասին, ովքեր «թամբի վրա են»

Հունիս 21,2018 10:09

Վախենամ, որ իմ տեսակետը դարձյալ ընդհանուր «թրենդի» մեջ չի լինի, բայց ինձ այնքան էլ գեղեցիկ չի թվում՝ ինքնահաստատվել ու փորձել միավորներ հավաքել արդեն իսկ կալանավորված գեներալին «քլնգելով»՝ այն դեպքում, երբ նա հաստատ ստանալու է իր արդարացի պատիժը: Այդքան «դուխով» եք, խոսեք նրանց մասին, ովքեր «թամբի վրա» են:

Անցած տարվա մարտի 29-ին «Առավոտը» հոդված էր հրապարակել այն մասին, թե ինչպես ԴԱՀԿ-ն, ի դեմս իր աշխատակից Գագիկ Սախոյանի, չորս տարի շարունակ չէր կատարում դատարանի որոշումը, մինչեւ որ այն կազմակերպությունը, որը քաղաքացուն պետք է վճարեր 59,6 մլն դրամ՝ «Գապբնակշինը», սնանկ ճանաչվեց եւ վճարելուց խույս տվեց: Բնականաբար, որեւէ պետական մարմին մեր հրապարակմանը որեւէ ձեւով չարձագանքեց: Չեմ կարծում, որ ԴԱՀԿ-ն «ձրի» էր խուսափում դատարանի որոշումը կատարելուց, չեմ կարծում, որ Սախոյանը դա անում էր մենակ, եւ չեմ կարծում, որ դա միակ եւ ամենախոշոր գործն է: Բայց ԴԱՀԿ նախկին պետն այժմ խրոխտ օրենսդիր է եւ հաստատ կողմ է քվեարկել գեներալ Մանվելին կալանավորելուն: Լավ է՝ բոցավառ ճառեր չի արտասանել: Եվ ընդհանրապես՝ կասկածելի ծագում ունեցող եւ օֆշորներում հայտնված տասնյակ միլիոնավոր դոլարներով քանի՞ արկղ շոգեխաշած միս կարելի է գնել:

Էմոցիոնալ առումով, իհարկե, զինվորներին ուղղված երեխաների նամակներով արկղերը գողանալը մեծագույն շոկ եւ ցասում է առաջացնում: Բայց այն պաշտոնյան, որն, օրինակ, այլ անվան տակ շահել է իր իսկ հայտարարած տենդերը եւ, ուտելով հարկատուների գումարները, «օբյեկտիվ պատճառներով» չի կատարել մրցույթի պայմանները, այդ պաշտոնյան պակա՞ս սրբապիղծ է: Այն գումարները, որոնք նա կերել է, մեր երեխաների գումարները չե՞ն: Օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը չկառուցելը չի՞ հարվածում մեր պետությանը, այդ թվում՝ բանակին:

Ի դեպ, բանակը, որպես պետության ամենախոշոր շահառու, պետք է ստուգվի ամենամանրակրկիտ ձեւով: Գեներալ Մանվելին հիմա հեշտ է «քլնգել», իսկ Հայկազ Բաղմանյանի՞ն: Իսկ Յուրի Խաչատուրովի՞ն, որն այժմ բարձրաստիճան միջազգային պաշտոնյա է: Իսկ մնացա՞ծ գեներալներին: Որպես սկիզբ՝ Մանվելն էլ վատ չէ, բայց հասարակությունն արագ շարունակություն է ուզում:

…Երեկ մետրոյում մի անծանոթ կին կողքս նստեց եւ հարցնում էր՝ «բա Շմայսին ե՞րբ են տանելու»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայերն իրենց ապահովութիւնն առաջին հերթին կապում են բանակի հետ: Դա ե՛ւ ճիշտ է, ե՛ւ սխալ: Ճիշտ է, որովհետեւ բանակն առանցքային ու ԱՌԱՋՆԱՅԻՆ պաշտպանական գիծն է՝ գոնէ ակնյայտօրէն մեր հանդէպ թշնամաբար տրամադրուած երկրների պարագայում: Սխալ է, որովհետեւ երկարաժամկէտ կտրուածքով՝ բանակից աւելի կարեւոր այլ հիմնասիւներ կան: Ինձ համար առաջին տեղում բնականաբար կրթութիւնն եւ գիտութիւնն են: Ի վերջոյ, առանց որակեալ կրթութեան եւ գիտութեան ուժեղ բանակ չես կարող ունենալ: Սա համարէք աքսիոմ:

    Դա է պատճառը, որ հասարակութիւնն աւելի ցաւագին է ընդունում շոգեխաշած մսի (լաւ բառ է՝ շնորհակալութիւն) թալանը, քան այն, որ թալանուել է «բանակից դուրս» (իսկ դրանք վստահաբար չափերով շատ աւելի մեծ են, քան Մանուէլի գողացածը):

    Հասարակութիւնը դեռ այդքան չի հասունացել պատկերացնելու համար, որ կրթութեան ոլորտի կաշառակերութիւնը ոչ պակաս վտանգաւոր է, որքան Մանուէլի արածը: Բայց, ինչպէս ասում են, ճիշտ ուղու վրայ ենք: Կը գայ ժամանակ, երբ միւս արատաւոր երեւոյթների հարցում էլ անհանդուրժող կը լինենք:

    • Հ.Շ. says:

      ներողութիւն, շատ յարգելի ազգակից… լսե՞լ էք, չէ, որ պատերազմի մէջ ենք…

      • Artur Lazarian says:

        Մի՞թէ հակառակը խօսեցի, սիրելի՛ Հ.Շ. 🙂

        • Հ.Շ. says:

          Ճիշդ հակառակը՞, ոչ, ջան: Սակայն նկատի ունենալով կացութիւնը՝ Բանակը, ռազմական ներքին խնդիրները, էական, բառացիօրէն կենսական առաջնահերթութիւն պէտք է որ հանդիսանան: Իսկ «կրթութեան ոլորտի կաշառակերութիւնը» դժուար է բաղդատել Բանակի վերաբերեալ թերացումների հետ, որովհետեւ անոնց հետեւանքները նոյն բնոյթի չեն, նոյնքան ծայրագոյն եւ անդարմանելի, անյեղաշրջելի չեն:

  2. Ruben says:

    9 օգոստոսի 1992
    Վազգեն Սարգսյանի հրամանով գյուղը տարհանվել էր: Հատուկ ջոկատի տղաները դեռևս գյուղում էին ու մնացել էին շրջափակման մեջ:
    Ռուսական զորքեր Վահան գյուղում էին, բայց նրանք օգնության չեկան: Նորակոչիկ զինվորներից շատերն այդ կռվում սպանվեցին, շատերն անհետ կորան:
    Ի՞նչ էր այնտեղ անում Բելառուսից ներդրված Խաչատուրովը:
    «Առնետը մնում է առնետ, լինի գոմի թե շտաբի»:

  3. Ruben says:

    Հայկազ Բաղմանյանը ռազմական հակահետախուզության «կլիյենտ» է՝ եթե, իհարկե, այն գործում է:

  4. gib.gibindus says:

    Արա, հո նաֆս չե՞ք: Հըրեն, Շմայսին են շմոն անըմ:

  5. Լավատես says:

    Սուրբ տեղը դատարկ չի մնում, տնտեսական գայլերը տնտեսական ոչխարներին ուտում են, ոչ մի անբնական բան չկա, Հյուսիսում կամ պետական ծառայող են, կամ վարձու աշխատող, որոնք հեչ էլ երկրի տերը չեն, որովհետեւ ոչխար են, երկրի տերը գործարարներն են՝ մասնավոր աշխատողները, սրանք են տնտեսական գայլերը, որոնք թե պետական ծառայողին, թե վարձու աշխատողին աշխատավարձ են տալիս ու իրենց շահերին ծառայեցնում՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է սկզբունքով: Մենք պետք է գայլ ոչխար տնտեսական համակարգից ազատվենք՝ ինչպես բանակում բոլորը պարտավոր են ծառայել, այնպես էլ բոլորը պարտավոր են մասնավոր աշխատող դառնալ՝ ոչ մի վարձու աշխատանք, իսկ լավագույն քաղաքացիները պարտավոր են պետական ծառայող դառնալ: Վարձու աշխատանքը անգյալների համար է, պետական ծրագիր է պետք դպրոցներում գործարարության հիմունքներ ու քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ առարկաներ դասավանդելու համար: Ինչ ինչ, աստված հային մասնավոր ու պետական գործի մեծ շնորհք է տվել, թող մտածող սարքերը հոսանքի ու յուղի համար աշխատեն, մենք էլ նրանց կապահովենք պահեստամասերով ու միգուցե նաեւ ինչ որ հոգեւոր կերակուր էլ կտանք կամ էլ իրենք կհնարեն իրենց համար՝ մտածող են վերջապես:

  6. 1- Որքան գեներալ կա ՀՀ-ում,ովքեր են նրանցից արժանի այդ կոչմանը ? 2- Որքան պատգամավոր ունենք,ովքեր են նրանցից ժողովրդի ծառաները? 3-Ւշխանության ամենատարբեր օղակներում (նախկին), քանի ազնիվ պաշտոնյա կար?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930