Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան. «Եթե ներում են սպանվածների ծնողները, ինչո՞ւ 22 տարի անց չների նաև նախագահը»

Մարտ 13,2018 15:51

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Մեծարգո´ պարոն Սարգսյան,

2018 թվականի մարտի 5-ին ՀՀ քաղաքացիներ Սիրվարդ և Գրավիկ Վարդանյանները գրավոր հայտարարություն են տվել իմ փաստաբան Նարեկ Ալոյանին այն մասին, որ ներում են ինձ՝ իրենց որդիներ՝ Սերգեյ և Սամվել Վարդանյանների դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս և չեն առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից:

Երկու օր անց՝ 2018 թվականի մարտի 7-ին, ՀՀ քաղաքացի Օսիպյան Ռայան ևս գրավոր հայտարարություն է տվել իմ փաստաբանին այն մասին, որ ներում է ինձ՝ իր որդի Վլադիկ Օսիպյանի դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչված՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանիս և չի առարկում, որ ես Ձեր ներումով ազատվեմ պատժի հետագա կրումից:

Իմ խորին համոզմամբ, տեղի է ունեցել բացառիկ իրադարձություն: Իրենց որդիների սպանությունից 22 տարի անց որդեկորույս մայրերի ներումը մեծահոգության և վեհության դրսևորում է: Նման պայմաններում առաջ է քաշվում հարցադրում. «Եթե ներում են սպանվածների ծնողները, ինչո՞ւ 22 տարի անց չների նաև նախագահը»:

Իմ կողմից կատարված հանցանքը չունի որևէ արդարացում, ես երբեք չեմ կարող ամբողջությամբ քավել իմ մեղքը ո´չ սպանվածների ծնողների, ո´չ պետության, ո´չ էլ Ձեր առջև: Ես միայն կարող եմ իմ աշխատանքով և հանրօգուտ գործունեությամբ փոքր-ինչ մեղմել իմ հանցանքով սպանվածների ընտանիքներին և պետության պատճառված վնասը:

 

Պատժի կրման իմ 22 տարիները միտված են եղել դրան: Պատժի կրման ընթացքում փորձել եմ դրսևորել օրինակելի վարքագիծ, երբևէ չեմ վիճաբանել պատիժ կրող այլ անձանց կամ քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ, իմ զղջման մասին գիրք եմ գրել, ընդունվել եմ համալսարան և այժմ էլ խնդրում եմ Ձեզանից հնարավորություն՝ ներում շնորհել ինձ և հնարավորություն ընձեռել իմ հետագա կյանքը նվիրելու սպանվածների ընտանիքների և պետության առջև իմ մեղքը քավելուն:

 

Հարգանքով՝

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան

12.03.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031