Նրանցից 39,300-ը արգելված աշխատանք է կատարել
«Երեւան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Երեխաները դրամարկղի մոտ հաճախորդների գնած ապրանքները տեղավորում են տոպրակների մեջ: Սեբաստիա փողոցի այս սուպերմարկետում աշխատող անչափահասներից մեկը, որը մեզ թվաց, թե հազիվ 13 տարեկան է, խուսափեց տարիքն ասել: Երեխաները նաեւ հրաժարվեցին աշխատանքի տեւողությունն ու վարձատրության չափը նշել, միայն ասացին. «Ինչքան պետք է՝ էդքան էլ աշխատում ենք»: Նրանցից 2-ն էլ ընդգծեցին. «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, էղածը մի ամիս ա»:
Այս սուպերմարկետի մենեջերը վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով, այս տոնական օրերին եւ անպայման 14 տարին լրացած երեխաներին. «Աշխատանքի տեւողությունն էլ օրական ընդամենը 6-7 ժամ է, բայց հիմնականում 15 տարին լրացածներին ենք ընդունում»:
Օրենքը թույլ է տալիս անչափահասներին աշխատել, սակայն սահմանափակ աշխատաժամով, իսկ 14 տարեկանից փոքրերին մշակութային եւ ստեղծագործական ոլորտներում է թույլատրվում աշխատել, եթե այդ աշխատանքը չի վնասում նրանց առողջությանն ու բարոյականությանը, կրթությանն ու անվտանգությանը: Ընդ որում, ըստ օրենսդրության՝ անչափահասներին թույլատրելի է աշխատանքի ընդունել ծնողներից մեկի կամ որդեգրողի, կամ խնամակալի, կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնության դեպքում:
Ազգային վիճակագրական ծառայության իրականացրած «Հայաստան. երեխայի աշխատանքի ազգային հետազոտություն 2015թ.» վերլուծությունում, հղում անելով ազգային օրենսդրությանը, նշվում է անչափահասների աշխատաժամերի տեւողությունը՝ 12-ից մինչեւ 14 տարեկան երեխաների համար՝ օրական մինչեւ չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան 12 ժամ, 14-ից մինչեւ 16 տարեկան աշխատողների համար` շաբաթական մինչեւ 24 ժամ, 16-18 տարեկանների համար` շաբաթական մինչեւ 36 ժամ:
Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող տվյալ սուպերմարկետում, ըստ էության, խախտվում են երեխայի իրավունքները, այսինքն՝ նրանք ակնհայտորեն օրենքով սահմանված ժամկետից ավելի են աշխատում:
Դժվար է ասել՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը լավությո՞ւն է անում՝ հնարավորություն տալով երեխաներին օգնել ծնողներին, հատկապես ներկայիս 29.4% աղքատության, գործազրկության 18% եւ 34.2% մանկական աղքատության պայմաններում, բայց լավ օրից չէ, որ մեր երկրում երեխաներն աշխատում են:
Ըստ «Հայաստան. երեխայի աշխատանքի ազգային հետազոտություն 2015թ.» վերլուծության, որը 2015 թվականի ցուցանիշներն է արտացոլում, երեխաների ներգրավվածությունը տնտեսական գործունեությունում հարցմանը մասնակցած 5-17 տարեկան 453,400 երեխաներից հետազոտվող ժամանակաշրջանում ¥հարցմանը նախորդած վերջին շաբաթվա ընթացքում¤ ընթացիկ զբաղվածություն ունեցել են 52 հազար երեխա կամ նույն տարիքային խմբի հարցված բոլոր երեխաների 11.5%-ը: Հետազոտությանը նախորդած շաբաթվա ընթացքում զբաղված երեխաների 95.2%-ը զբաղված է եղել նաեւ ողջ տարվա ընթացքում: Ընդ որում, զբաղված են եղել աղջիկների 8.1%-ը ¥17,100 երեխա¤ եւ տղաների 14.5%-ը ¥34,900 երեխա¤: Ըստ տարիքային խմբերի բաշխվածության՝ զբաղված է եղել 5-11 տարեկան երեխաների 4.6%-ը, 12-15 տարեկանների 15.6%-ը, 16-17 տարեկանների 27.4%-ը: Բոլոր տարիքային խմբերում տղաներն ավելի հաճախ են զբաղվել տնտեսական գործունեությամբ ¥միջինը 2 անգամ¤, քան աղջիկները: Վերլուծության համաձայն՝ աշխատող, սակայն արգելված չհամարվող աշխատանքներում ներգրավված երեխաների 89%¬ը եղել է գյուղաբնակ, 59.1% են կազմել տղաները եւ 53.5%՝ 12¬15 տարեկանները: Արգելված աշխատանքով զբաղվածների 87.8%¬ը բնակվել է գյուղում եւ 12.2%¬ը՝ քաղաքում:
Ընդ որում, ըստ զեկույցի՝ 52 հազար աշխատող երեխաներից 39 հազար 300-ը արգելված աշխատանք է կատարել, նույն 52 հազարից 31 հազար 200-ը երեխայի համար վնասակար աշխատանք է կատարել:
5-17 տարեկան 52 հազար աշխատող երեխաներից 17 հազար 200-ը ծանր բեռներ է տեղափոխել, իսկ 10 հազար 700 երեխա ծայրահեղ ցուրտ կամ շոգ պայմաններում է աշխատել: 52 հազար աշխատող երեխաներից 46 հազար 500-ը փոշու կամ գոլորշու պայմաններում է աշխատել, 24 հազար 100-ը՝ վտանգավոր գործիքներով՝ դանակ, կացին եւ այլն:
«Երեխաների պաշտպանության ցանցի» խորհրդի անդամ Արշակ Գասպարյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ աղքատությունը, սոցիալական վատ ապրուստը առաջնային պատճառը չէ, որ անչափահասները ներգրավվում են աշխատանքում, դա ավելի շատ գյուղական համայնքներում է, քանի որ գոյատեւելու խնդիրը մեծ է. «Անչափահասներ միայն այդ սուպերմարկետում չեն աշխատում, նաեւ «ՍԱՍ»-ում եւ այլ տեղերում»:
Գասպարյանը վստահեցնում է. «Կարեւորագույն խնդիրը, որը ես իմ աշխատանքի արդյունքով եմ պարզել, իրազեկվածության պակասն է, որոշ դեպքերում՝ իսպառ բացակայությունը: Ծնողն անգամ չգիտի, որ իր երեխան իրավունք չունի աշխատելու: Գործատուն էլ հաճախ իրազեկ չէ»: Մյուս պատճառը անչափահասների աշխատելու, ըստ Գասպարյանի, խորհրդային տարիներից եկած, իր խոսքերով ասած՝ իներցիան է. «Բարոյախրատական իմաստով գուցե դա շատ բացասական չէր, բայց հենց այն ժամանակվանից է գալիս՝ «երեխան մարդ է դառնում աշխատանքով, ուրեմն աշխատանքը պետք է սկսի հնարավորինս շուտ» գաղափարը, եւ այն ժամանակից կոլխոզներում 11 տարեկանից խոտի դեզ են հավաքել»:
Գասպարյանն ասում է, որ երեխաների, հատկապես դեռահաս տղաների ինքնադրսեւորման եւ տղամարդկության նշույլների դրսեւորման ձեւ է աշխատելը:
«Աղքատությունը կարող է լինել պատճառ, բայց հիմնականը անգիտակցությունն է ու իրավագիտակցության պակասը: Մյուս կողմից՝ կան աղքատ ընտանիքներ, որտեղ երեխաների ազատ ժամանակը լցնում են խաղերով, գիտելիքներով ու կրթելով: Մի քիչ կոպիտ գուցե ասեմ, բայց գոյի եւ կենցաղի հետեւից ընկած հասարակությունում կարող է աղքատությունը լինել որպես 2-րդ պատճառ, ընդ որում՝ որպես անտարբերության պատճառ»:
Գասպարյանը նաեւ կասկածի տակ է առնում անչափահասներին աշխատանքի ընդունելու գործընթացի վերահսկողությունը. «Իսկ առկա՞ է ծնողի համաձայնությունը, արդյոք խնամակալության եւ հոգաբարձության մարմինը, թաղապետը, որոնք պատասխանատու օղակներն են, տեղյա՞կ են երեւույթից: Նկատի ունեմ՝ վերահսկվի, թե երեխան քանի ժամ է աշխատում, ինչ ծանրաբեռնվածության աշխատանք է եւ այլն: Խիստ կասկածում եմ այդ վերահսկողությանը»:
Բացի այս, Գասպարյանը կարծում է, որ եթե երեխան աշխատանքի միջոցով սոցիալականացվում է, ընդ որում, այս դեպքում գումարը որպես վարձատրություն պարտադիր չէ, գուցե պատվոգիր կամ կոնֆետ լինի, այստեղ խնդիր չկա. «Բայց եթե երեխան աշխատանքում իրեն զգում է չարաշահված կամ շահագործված՝ նյութական բարիք ստանալու համար, սա լավագույն հոգեվիճակը չի կարող առաջացնել երեխայի մեջ: Չարաշահումն ու շահագործումը դեռահասի մեջ հնարավոր է առաջացնեն ագրեսիվ վարք, հանգեցնեն բռնությունների կամ ուրիշին չարաշահելու եւ շահագործելու անգիտակցական մղման»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
20.12..2017
Բարև ձեզ, որ խնդրեմ կասեք այդ ո՞ր սուպերմարկետն է։ Ես և քույրս ուզում ենք աշխատել։