Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալը ներկայացրել է երեք զինվորների սպանության մասին (Ֆոտոշարք)

Հուլիս 21,2017 10:36

Ինչի՞ մասին են գրում ցմահ ազատազրկվածները

«Ով կմտածեր, որ առավոտյան պիտի վիճեինք, պիտի տեղի ունենար սարսափելին, եւ 1996թ. փետրվարի 23-ը լինելու էր չորս երիտասարդների համար ողբերգական եւ դաժան մի օր, որը ես իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում պիտի հիշեմ սրտի կսկիծով, ամբողջ մարմնովս սարսուռ պիտի անցնի եւ չկարողանամ գտնել շատ հասարակ բառի պատասխանը՝ ինչո՞ւ…ո՞ւմ կարող ես բացատրել կամ ո՞վ կհասկանա, կամ ի՞նչ բացատրես, ինչպե՞ս բացատրես տեղի է ունեցել սպանություն՝ երեք երիտասարդ այլեւս չկան, երեք երազանք, երեք ապագա»: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը երեկ իր հեղինակած «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» գիրքը ներկայացնելիս անչափ հուզվում էր: Նա ասաց, որ երկար տարիներ ցանկացել է արտահայտել իր այն ապրումների մասին, որոնք սկսվեցին տարիներ առաջ: Նա մեղադրվել էր եւ դատապարտվել պատժի առավելագույն չափի՝ երեք զինվորների սպանության համար: «Իմ գրքով ցանկացա ասել, որ վատ բան եմ արել, գիտակցում եմ, թե ինչ ապրումներ են ունեցել զոհվածների ծնողները, որոնց կուզեի, եթե ազատվեի, այցելել, եւ խնդրեի, որ ներեին»,- ասաց նա:

Ըստ քրեական գործի նյութերի՝ 1996թ. փետրվարի 23-ին Տուֆաշեն գյուղի մոտ տեղակայված զորամասի «Պեմզաշեն» տեղամասի հենակետում հայտնաբերվել են շարքայիններ Վլադիկ Օսիպյանի, եղբայրներ Սամվել ու Սերգեյ Վարդանյանների դիակները՝ դեպքից մեկ օր հետո: Պահակակետում ծառայություն է անցկացրել 4-րդ զինվորը՝ Գեւորգ Խալաթյանը, որն այդ օրը հենակետում չի եղել, ինքնակամ լքել է պահակակետը, իսկ դատավարությունից հետո մեկնել Լեհաստան:


«Առավոտյան արթնանալով՝ Վլադիկին ասացի, որ վերադառնալու համար մոտս գումար չկա, ես այդ հույսով գնացի Երեւան ու հետ վերադարձա այստեղ, առանց գումարի չեմ կարող զորամաս վերադառնալ: Այսօր պետք է վերադառնամ զորամաս, արդեն հինգ օր է՝ բացակայում եմ, կարող է խնդիրներ ունենամ: Վլադիկը պետք է գնար կողքի գյուղ, որպեսզի ուղարկված գումարը բերեր: Մոտ չորս ժամից Վլադիկը վերադարձավ՝ ասելով, որ գումարը տեղ չի հասել, իսկ ծանոթի մոտ չի եղել, որ վերցնի: Այդ պահին մենք վիճեցինք, եղբայրները ներկա չէին մեր խոսակցությանը, նրանք դրսում էին: Ես զայրացած դուրս եկա կացարանից՝ մտածելով, գնամ կողքի քաղաք, ծանոթներիցս գումար խնդրեմ, որ հասնեմ զորամաս: Այդ պահին կացարանի մուտքի մոտ հանդիպեցի եղբայրներին, տեսնելով, որ ես շատ զայրացած եմ դուրս գալիս, փորձեցին միջամտել: Նրանց ասացի, որ սա ձեր խնդիրը չէ ու մի խառնվեք: Բայց պատանեկան տաքարյունությունը երեւի թույլ չտվեց եղբայրներին հետ քայլ կատարելու եւ վիճաբանությունը նոր թափ ստացավ…ամեն ինչ ավարտվեց ողբերգությամբ»,- գրել էր Աշոտը: Ի դեպ, գրքի նախնական տարբերակը եղել է ավելի երկար, իսկ հետո, ինչպես հեղինակն ասաց, սեղմել է, որպեսզի ավելի հեշտ կարդան: Գիրքը քսաներկու էջից էր, եւ այն խորհրդանշում էր բանտում անցկացրած պատժի նրա տարիները: Այն տպագրվել է «Ասողիկ» հրատարակչության տպարանի կողմից: Հեղինակն ասաց, որ հազար օրինակը կտարածվի բոլոր զորամասերում: Մինչ տպագրվելը Աշոտն իր գիրքն ուղարկել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:


Աշոտը գրքում անդրադարձել է բանակում ծայր առած ինքնասպանությունների թեմային: Նա ասաց, որ երեք տարբեր զորամասերում է ծառայել, բայց նման բան չի եղել. «Կյանքիս դառը փորձը ինձ թույլ է տալիս ձեզ մի փոքր խորհուրդ տալ. եթե որեւէ անլուծելի խնդրի առաջ եք կանգնում, հիշեք ձեզ հարազատ մարդկանց, ծնողներին, եղբորը, ընկերոջը, ովքեր ձեզ սիրում եւ սպասում են, ում սիրտը ձեզ համար ցավում է, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին են…Դուք միայնակ չեք այս աշխարհում, նույնիսկ անծանոթ մարդիկ օգնում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»: Աշոտն անգամ կոչ էր արել իր գիրքը կարդացած զինվորին, որեւէ խորհրդի անհրաժեշտության դեպքում, դիմել իրեն եւ գրել էր հասցեն. «Իմ հասցեն է՝ Հայաստանի Հանրապետություն, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյան»:


Հայր Գրիգորը, որը եզակի հոգեւորականներից է, ով տարիներ շարունակ այցելում է անազատներին, ասաց. «Սա Աշոտի ապաշխարության գիրքն է: Քսան տարի առաջ նա մարդասպան է եղել: Հիմա Աշոտն այլ մարդ է: Բայց հիմա դրել ու քարկոծում եք: Հարյուրավոր Աշոտի նմանների գիտեմ, ավելի զղջացած մարդկանց: Մեր խնդիրը բարձրաձայնելն է նրանց մասին: Ի՞նչ ենք շահելու, երբ նա իր մահկանացուն կնքի»: Ըստ հոգեւորականի, վաղաժամկետ պայմանականի հարցով որեւէ մեկը քաջություն չունի պատասխանատվություն վերցնել իր վրա, զբաղվել խնդրի լուծմամբ: Տեր Գրիգորը սիրով հիշատակեց այն դատապարտյալների մասին, ովքեր չեն հուսահատվում, ձգտում են ուսման, ստեղծագործում են: Ի դեպ, Աշոտ Մանուկյանն էլ մտածում է բարձրագույն կրթություն ստանալու մասին:


Շնորհանդեսին ներկա ՔԿՀ վարչակազմից լրագրողները փորձեցին իմանալ, թե արդյոք խրախուսանքի կներկայացնե՞ն Աշոտին, վարչակազմի պատասխանատուներից մեկը պատասխանեց. «Դեռ այդ հարցը չենք քննարկել»:

«Առավոտի» հարցին, թե դատապարտյալները ներկա չեն միջոցառմանը, նրանք կկարողանա՞ն կարդալ գիրքը, հիմնարկի աշխատակիցներից մեկը պատասխանեց, որ գիրքը կլինի «Նուբարաշենի» գրադարանում, ուր յոթ հարյուրից ավելի գիրք կա:
Ցմահ դատապարտյալներից առաջինը, որ տպագրեց գիրք, դա «Դրո» գործով պատժի առավելագույն չափի ենթարկված Արմենակ Մենջոյանն էր: 2004թ.-ին: «Պամֆլետը» նա ձոնել էր ակադեմիկոս պապին: Մնջոյանը հրաշալի ծաղրանկար էր անում, եւ բացառիկ էր այս առումով նույնպես:


Մհեր Ենոքյանն իր երկու գրքերով: «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» եւ՝ «Զուգահեռ աշխարհում»: Երկրորդ՝ հայերեն-ռուսերեն գրքում մամուլի հրապարակումներն են, լուսանկարները, 2004-2013թթ. ժամանակահատվածը:

«Ես դեռ այստեղ եմ, 1000 կողպեքով առանձնացված մարդուց: Բայց իմ զրույցը քեզ հետ, Մարդ, շարունակվում է: Անգամ դու սկսեցիր խոսել ինձ հետ: Շնորհակալ եմ, որ լսելի դարձա: Եվ այս ամենը շնորհիվ ոչ անտարբերների, հավատավորների, ովքեր ուրիշի ցավով ապրել գիտեն»: Ենոքյանի գիրքը սկսվում է «ներողությունով». «Հանդերձյալ կյանքում մի օր բոլորս կհանդիպենք իրար, անկասկած: Բայց խղճիս եւ Աստծո առաջ հանգիստ կնայեմ Իոսիֆի աչքերի մեջ, կասեմ՝ ներողություն, որ չվախեցա ու չկարողացա մարդասպանից պաշտպանել իրեն այն չարաբաստիկ օրը»:

Դատապարտյալ Աշոտ Մանուկյանին հարցրեցի, թե արդյոք զոհված զինվորների ծնողներին կտրվի՞ իր գիրքը, նա ասաց, թե դեռ չի կողմնորոշվել, ինչպես: Մհերի գրքից հետո Իոսիֆի հարազատները պատասխան գիրք են տպագրել:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի:

Հ.Գ. Հասարակությունից կտրված լինելն արդեն իսկ պատիժ է՝ պատժի առավելագույն չափ, եթե անգամ այս անազատությունը մեկ տարի է, տասը եւ ավելի: Սակայն մի պատժեք մարդկանց խոսելու համար, գրելու, թողեք մարդիկ խոսեն:

 

«Առավոտ»

21.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31