Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Ես Լիսկային որպես տույժ ուղարկել եմ Ղարաբաղ, Վազգեն Սարգսյանը խնդրեց՝ մոռացվեց»

Հունիս 05,2013 16:17

Օրերս Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ մանրամասներ էր պատմում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ առնչվող տարբեր միջադեպերից: Նա նաեւ մի դրվագ պատմեց Վազգեն Մանուկյանի պահվածքի հետ կապված: 92-ին, երբ Սուրեն Խաչատրյանը պայմանագրային գումարտակի հրամանատար էր, պարտավոր էր լինել դիրքերում, քանի որ գումարտակի հրամանատարներն այդ ժամանակ դիրքերում էին, սակայն դրա փոխարեն սկսել է հետապնդել առանց իր կամքի Գորիսի քաղաքապետ դարձած Սամվել Հարությունյանին:

Վերջինիս պատմելով, քաղաքապետարանում նստած է եղել, երբ մի օր Սուրեն Խաչատրյանը «զինված հարձակում» է գործել անզեն քաղաքապետարանի վրա եւ գրավել է շենքը. «Վազգեն Մանուկյանն այդ ժամանակ պաշտպանության նախարարն էր, ուղղաթիռով եկավ հաջորդ օրն, իջավ: Եվ հետաքրքիրն այն էր, որ Սուրեն Խաչատրյանն իսկապես գրավեց այդ շենքը: Սուրեն Խաչատրյանի միակ ռազմական հաջողությունը եղել է դա՝ Գորիսի անզեն քաղաքապետարանի զինված գրավումը: Ես ուրիշ ռազմական հաջողություն չգիտեմ: Անհաջողություններ, ձախողումներ գիտեմ, երբ եղել է պայմանագրային գումարտակի հրամանատար»: Ըստ Սամվել Հարությունյանի պատմածի, Վազգեն Մանուկյանի՝ գործին խառնվելը ոչինչ չի տվել եւ միայն հետագայում՝ մի քանի ամիս հետո Գերագույն դատարանը քննել է գործը եւ բավարարվել տուգանքով:

Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը հաստատեց, որ իսկապես նման պատմություն եղել է, սակայն հերքեց, որ նա եղել է Սուրեն Խաչատրյանին հովանավորողներից մեկը. «Սամվել Հարությունյանը դեպքը ճիշտ է նկարագրել, իսկապես այդպիսի դեպք եղել է: Ես այդ ժամանակ ասեցի Լիսկային, որ պետք է 3 ամսով գնաս ռազմաճակատ՝ Ղարաբաղ՝ որպես տույժ: Հետո Վազգեն Սարգսյանը խնդրեց, որ մի ամիս հետաձգեմ, մի ամիս հետո եկավ էլի մի ամիս խնդրեց, հետո մոռացվեց այդ, այդպես էլ գնաց»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն Ձեր մեղքը դրանում չկա՞, որ միայն տույժով ազատվեց իր այդ քայլից հետո՝ նա պատասխանեց.  «Հիմք չկա դրա մեջ: Ես նրան հանեցի, նրան ասացի, որ ինքը գնա Ղարաբաղ ռազմաճակատ, որ մեղքը քավի, բայց Վազգեն Սարգսյանը խնդրեց: Մի անգամ խնդրեց, երկրորդ անգամ խնդրեց, երրորդ անգամ ես արդեն պատերազմի ժամանակ ազատվեցի 93-ին: Ինձ դա էիք հարցնում, ես պատասխանեցի»:

Մեր հարցին, թե ինչպե՞ս եք մեկնաբանում Գորիսի դեպքերը, որտեղի՞ց է գալիս Սուրեն Խաչատրյանի ամենաթողությունը՝ նա չցանկացավ մեկնաբանել՝ ասելով. «Ինձ ինչ վերաբերում էր, ես ասեցի: Ես հիմա չեմ ուզում գնահատականներ տալ: Ես չեմ ուզում հիմա մտնել էդ բաների մեջ: Իմ վերաբերյալ ինչ սուտ էր, ես հերքեցի, մյուս բաները ինձ չեն վերաբերվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ https://vazgenmanukyan.am կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Grigor J says:

    այ հիմա պետք է սկսել Սերժի հրաժարականը պահանջող ցույցերը քանի որ նա է Լիսկայի գլխավոր հովանավորը

  2. susan says:

    իս կ ինչու չուղարկեցիք ռազմաճակատ, ումից էր լավը այդ հանցագործը. չ է որ նա իբր հրամանատար էր, իբր մասնակցել էր կռվին, և դրա համար ստացել էր մարտական խաչի շքանշան. նրան պահեցիքձեզ մոտ , լավ իմանալով նրա հանցանքների մասին. ամենամեծ դ հանցագործը նրանք են, ովքեր իմանալով ամեն ինչ , մինչև հիմա հովանավորում են նրան.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930