Որքան երկարում է «Ժառանգության» ղեկավար ու, ինչպես հիմա նշում են, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքաշարը, այնքան ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ ավելի քան կես միլիոն ընտրողների վստահությանն արժանացած գործիչը, ըստ էության, ասելիք չունի։ Երեկվա երեւանյան հանրահավաքում նրա ունեցած ելույթն ասվածի լրացուցիչ վկայությունն էր։
Նորից նույն՝ «Սյունիքից մինչեւ հյուսիս» ծեծված արտահայտությունը «զադնի սկորուստ» չդնելու, այսինքն՝ չնահանջելու եւ վճռական լինելու մասին, նույն ընդհանուր արտահայտությունները… Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, որ անընդհատ «զադնի չտալու» մասին խոսող Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն «լեզվով» ասած, ուղղակի «յուղ է վառում»։
Ոչ պակաս հետաքրքիր է եւ այն հանգամանքը, որ ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե փետրվարի 28-ի երեկոյան «կարեւոր ասելիք» ունի իր կողմնակիցներին։
Դա, իհարկե, ենթադրում էր հանրահավաքի նկատմամբ որոշակի հետաքրքրություն։ Սակայն փետրվարի 28-ին, այսինքն՝ երեկ, Րաֆֆի Հովհաննիսյանը «կարեւոր ասելիքը» կրկին հետաձգեց, այս անգամ՝ մինչեւ մարտի 2-ի հանրահավաքը։ Փաստորեն, կարելի է ենթադրել, որ երեկվա համար ակնարկված «կարեւոր ասելիքն» ընդամենը պարզ հնարք էր։
Եվ ընդհանրապես, տխուր է, բայց ստացվում է, որ ընտրությունների պաշտոնական տվյալներով 540 հազար ձայն, քվեների մոտ 37 տոկոսն ստացած քաղաքական գործչի հանրահավաքում ելույթ ունեցող դերասան Վարդան Պետրոսյանի ասածներում ավելի շատ քաղաքական բաղադրիչ կար, քան հենց Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքում։
… Վերադառնալով կոնկրետ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթին՝ արժե ընդգծել եւս մի քանի հանգամանք։
Նախ, պարզվում է, որ «Ժառանգության» ղեկավարն ու նրա «չթիմը» դեռ չեն որոշել. դիմե՞լ, թե՞ չդիմել Սահմանադրական դատարան՝ ընտրության պաշտոնական արդյունքները վիճարկելու համար։ Սա արդեն «համլետյան հարց»-ի երանգներ է ստանում։ Թվում է, թե ինչ կա ավելի պարզ. եթե քաղաքական գործիչը հայտարարում է, թե այդ ինքն է ընտրված նախագահը, եթե հայտարարում է, որ «համատարած կեղծիքներ» են եղել, ապա ենթադրվում է, որ ունի ասածները հիմնավորող, ապացուցող բավարար փաստեր։ Իսկ եթե ունի, ապա գրեթե հարց էլ չպիտի ծագի՝ դիմե՞լ-չդիմե՞լ։
Քաղաքական պայքարի մարտավարության տեսանկյունից էլ, կարծեք թե, դիմելն արդարացված է, քանզի առնվազն թույլ կտա ակտիվ պահել ծավալած միտինգացույցային պայքարը։ Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի որոշել։ Եվ հարցը քվեարկության է դնում… հանրահավաքում։ Ամեն դեպքում, նա խոստացավ, որ մարտի 2-ին կհայտնի, թե ինչ է որոշվել։
Նույնպես քվեարկության դրվեց ստվերային կամ այլընտրանքային կառավարություն կազմելու եւ Հայաստանում յուրօրինակ «Լիբիա-2» ստանալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Դրա վերաբերյալ որոշում ընդունելն էլ կարծեք հետաձգվեց մինչեւ մարտի 2-ը։
Իսկ ի՞նչ են հուշում այս տատանողական մոտեցումները, որ փորձ է արվում քողարկել ժողովրդավար լինելով կամ հանրահավաքի կարծիքը հաշվի առնելու հանգամանքով։ Մեր կարծիքով, այդ ամենը վկայում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը ստեղծված իրավիճակում ուղղակի չունի որոշակի ասելիք, ավելին՝ նա ինքն էլ լավ չի պատկերացնում իր անելիքը։
Սա երեւում է նրա երեկվա նաեւ այն հայտարարությունից, թե հանրահավաքային հրապարակում պետք է «համատեղ կերտենք ազգային, քաղաքական, քաղաքացիական օրակարգ»։ Կներեք, իսկ նախքան ընտրություններն ու այս անցած 10 օրում ինչո՞վ էիք զբաղված։
Իսկ միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանն ու առնվազն նրա զինակիցները պետք է արդեն հստակ մշակած, ձեւակերպած ունենայի՞ն այդ «ազգային, քաղաքական, քաղաքացիական» օրակարգը եւ այն արդեն վաղուց ներկայացրած լինեին թե՛ իրենց համակիրներին, թե՛ այդպիսով՝ նաեւ քաղաքական դաշտի մյուս խաղացողներին։
Պարզ է մի բան. Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է նորից հանդիպել երկրի ղեկավարի հետ, միգուցե ցանկանում է երկխոսություն սկսել։ Թերեւս նա էլ է տեսնում եւ ինչ-որ տեղ զգում, որ իր նախաձեռնած հանրահավաքային ու «բարեւ»-ային մարաթոնը մտնում է փակուղի եւ աստիճանաբար կորցնում է հետաքրքրությունը։
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ»
պարոն Արմեն Հակոբյան իսկ ինչ էիք ուզում ասեր Րաֆֆին! Լեվոնի նման ասեր Սերջին պետք է կախենք, Արցախի համար չկռվեք եվ նման այլ բաներ որ Դուր գար ու հետաքրքրություն առաջացներ ցույցերը: Եթե ԿԿԲ-ի կողմից թելադրվել ու գրել ես այս հոդվածը կամ նամակը(չգիտեմ ոնց կուզես կոչի այն)միեվնույն է չես կարող մարդկանց քաշել մեկ այլ արկածախնդրության եվ Մարտի 1-ի մեջ: