Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում «Ֆլեքսո» տպարանի վրա. տնօրենին ծեծի են ենթարկել «կաստետով»

Հունվար 26,2012 14:17

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (ավազակությունը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով), ինչպես նաև 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի եղանակով զենք–զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։

Ինչպես aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, դիմակավորված 2 հոգի, զինված ատրճանակով, դանակով և կաստետով, ներս են մտել Երևան–Աբովյան ավտոճանապարհի վրա գտնվող Վերին Պտղնի գյուղի հատվածում գործող «Վանուհի–Վահան» ՍՊԸ–ին պատկանող «Ֆլեքսո» տպարան։ Արդեն ներսում դիմակավորված անձիք բռնություն են կիրառել այդ պահին տպարանում գտնվող տնօրեն 52-ամյա Ալեքսանդր Ստեփանյանի և գործավար 25-ամյա Սոնա Ֆարմազյանի նկատմամբ, կապել նրանց, ծեծի ենթարկել, որից հետո այնտեղից հափշտակել են 800 հազար դրամ գումարը։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ հանցագործություն կատարողները՝ բացի դիմակավորված լինելուց, եղել են նաև մգեցված ակնոցներով, և ավելի շատ՝ կաստետով հարվածներ են հասցրել տնօրենին։ Պատմել են նաև, որ նախկինում նույն տնօրենի նկատմամբ եղել է մեկ այլ ավազակային հարձակում, իսկ մեկ անգամ էլ այրել են նրա ավտոմեքենան։ Տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց, քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, Կոտայքի բաժնի պետ Խաչիկ Ասատրյանը՝ օպերատիվ խմբով։ Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և Կոտայքի քննչական բաժանմունքի պետ Եղիշ Պետրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ–քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու ավազակային հարձակում կատարող անձանց և պարզելու դեպքի հանգամանքները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031